Aravot.am-ի հետ զրույցում Զորի Բալայանի`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված հանրահայտ նամակի մասին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Նամակը նամակի նման չէր, ոչ մի խելամիտ մարդ էդ նամակը նամակ չի համարի, նամակը կարելի է կարդալ մի 10-15 րոպե, կարելի է ասել կուրսային աշխատանք էր գրել Զորի Բալայանը: Եվ դա վերաբերում է մեծամասնությամբ Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը Հարավային Կովկասում, երբ որ ռուսները առաջին անգամ այստեղ ունեցան մեծ հաջողություններ` Գյուլիստանի պայմանագրին է դա վերաբերում:
Եթե այդ նամակը լիներ Խորհրդային Հայաստանի ժամանակ, երբ որ մենք մտնում էինք մեկ կայսրության մեջ և բոլորս դե ֆակտո ու դե յուրե ենթարկվում էինք ռուսներին, դա կարելի էր նորմալ համարել: Բայց երբ Հայաստանի Հանրապետությունը 20 տարուց ավելի անկախ պետություն է, և էդպիսի նամակ ուղարկել մեր հյուսիսային հարևանին, մենք դրանով ցույց ենք տալիս, որ մենք ոչ թե դե ֆակտո անկախ չենք, այլ դե յուրե:
Հայտարարել, թե Արցախի հարցը Ռուսաստանի հարցն է, ուրեմն էդ դեպքում Ռուսաստանը կլուծի այդ հարցը այնպես, ինչպես ինքը ուզում է, և ինչպես ինքը լուծել է միշտ` առանց հաշվի առնելու որևիցե մեկի կարծիքը, առավել ևս Զորի Բալայանի: Ռուսները շատ շուտվանից գիտեին, որ դա իրենց հարցն է, և Զորի Բալայանը չէ, որ պետք է ռուսներին նշեր, թե դա ում հարցն է»,- ասում է քաղաքագետը:
Վերջինս Զորի Բալայանին մի քանի պատմական փաստեր է հիշեցնում: «Երևի Զորի Բալայանը մոռացել է, որ 1921 թվականի հուլիսի 5-ին նույն Ռուսաստանը, բացարձակ բանի տեղ չդնելով Կոմկուսի կովկասյան բյուրոյի որոշումը, մեկ ստորագրությամբ` Ստալինի պահանջով, Լեռնային Ղարաբաղը տվեց Ադրբեջանին: Հիմա ի՞նչ , կարո՞ղ է միամիտ տեղը Վլադիմիր Վլադիմիրովիչը մի քանի ամիս հետո Իլհամ Հեյդարովիչի հետ միասին համաձայնության գա ադրբեջանական նավթի, այլ ստրատեգիական ոլորտներում, ընդհուպ մինչ Ադրբեջանում ռազմաբազա տեղադրելու պահով և միամիտ տեղը որոշի, որ քանի որ պարոն Բալայանը որոշել է, որ դա իմ հարցն է, ուրեմն էս էդպես էլ կլուծեմ, Հայաստանինը չի լինի:
Կարդացեք նաև
Երևի Զորի Բալայանը մոռացել է հա՞ քանի տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին Արցախում: Հուսով եմ չի մոռացել, որ նույն Ռուսաստանի ղեկավարությունը` նախկին Խորհրդային միության, ինչ վերաբերմունք ուներ հայերի նկատմամբ:
Նույն Գորբաչովը, համարվելով ռուսական կոմունիստական կայսրության ղեկավար, 7 օր աչք էր փակում 250 հազար հայերի ջարդի վրա Բաքվում, էլ չեմ ասում դրանից առաջ Սումգայիթում կամ Կիրովաբադում: Ես գտնում եմ, որ մեր ստրատեգիական գործընկերությունը, գոնե դերասանորեն, պետք է լինի հավասարը հավասարին: Էսքան ստրկամիտ լինել չի կարելի, բոլորս էլ հասկանում ենք, թե տարածաշրջանում ովքեր ինչ հնարավորություններ ունեն և ինչպես են լուծում, բայց էսպես ամբողջությամբ քարտ բլանշը մեկին տրամադրել, չի կարելի: Եվ Զորի Բալայանը չէ, որ պետք է որոշի, թե Ռուսաստանի գործն է , թե չէ: Արցախի հարցը հայ ժողովրդի գործն է, ամբողջ հայության գործն է, դա նաև Հայաստանի Հանրապետության գործը չէ, այլ ամբողջ հայության`Ռուսաստանում, Իրանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր բնակվող հայերի գործն է, ողջ հայկական աշխարհի», -ասում է Գագիկ Համբարյանը:
Մեր այն հարցին էլ, կարծո՞ւմ եք ինչ-որ մեկի թելադրանքով է Զորի Բալայանը դիմել Վլադիմիր Պուտինին, քաղաքագետն ասաց. «Ես չգիտեմ, ճիշտն ասած իրեն թելադրել են , թե ոչ, բայց այն, որ ինքը շատ սերտ կապեր ունի համապատասխան ուժերի հետ, դա փաստ է: Եվ ես չեմ կարծում, թե նրա կուրսային աշխատանքը Պուտինին կուղարկվեր առանց վերևների համապատասխան թույլտվության»:
Իսկ Կրեմլը ի՞նչ գնահատական կնշանակի Զորի Բալայանի «կուրսային» աշխատանքին: «Դե Կրեմլը նախ կհպարտանա, որ ինքն է ամբողջությամբ տիրապետելու Հայաստանի և Արցախի ապագային, որովհետև առանց Արցախի Հայաստան չկա, և դա բոլորը գիտեն: Եվ եթե խորհրդային տարիներին տարածաշրջանում թուրքերը զսպվում էին Մոսկվայի կողմից, հիմա դա արդեն չի էլ լինի: Եվ հետո մենք դե յուրե արդեն թույլ ենք տալիս, որ Կրեմլը վերահսկի իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանում և Արցախում:
Գիտեք ինչ, մարդկային տարրական հարաբերություններ կան, իսկ դրանց ավելի գլոբալ տեսակը միջպետական հարաբերություններն են, եթե դու թույլ ես տալիս քո տան մեջ որևիցե մեկը ղեկավարի որևիցե ոլորտում, այդ ոլորտը ղեկավարելուց հետո ինքնըստինքյան քո ամբողջ տանը կտիրապետի և քեզ էլ ապագայում ցույց կտա քո տեղը և կվռնդի քեզ քո տնից: Մենք Ռուսաստանում ունենք 2-3 միլիոն հայ, Ֆրանսիայում ունենք 600 հազար հայ, Սիրիայում` 100 հազար հայ, ԱՄՆ-ում ունենք պաշտոնապես մոտավորապես 1 միլիոն, ոչ պաշտոնապես 1 մլն 300 հազար հայ, այս մարդկանց կարծիքը ո՞վ պետք է հաշվի առնի: Չի կարելի, ստրատեգիական գործընկեր հորջորջելով, մենք իրոք պետք է ստրատեգիական գործընկեր լինենք, այլ ոչ թե դառնանք տեր ու ծառա», -կարծում է քաղաքագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կամ մենք արդեն այնպիսի հրաշք քաղաքագետներ ունենք,որ պարզապես չարժե կողքից խառնվել քննարկվող հարցերին, կամ մենք շարունակում ենք ձևացնել,թե քաղաքագիտություն ենք հասկանում:Մերձավոր Արևելքում Ռուսաստանի կողմից մշակված վերջին փաստաթուղթը Սայքս-Պիկոյի համաձայնագիրն է,դրանից հետո Ռուսաստան չի եղել:Ցնդաբանություն է բոլշևիյան աղանդի գործունեությունը ռուսներին վերագրելը:Նույնիսկ քիչ թե շատ քաղաքագիտություն հասկացող Չիչերինն էր համոզված,որ սխալ քաղաքականություն է վարվում:Մնացյալը այդքաղաքականութըան հետևանք է:Ներկայիս Ռուսաստանը դեռ չի հասել ցարական Ռուսաստանի մակարդակին:Պաահական չէ որ Գլխավոր Շտաբում միշտ ընկալել են բարձրացված հարցերը,սակայն արտաքին գերատեսչությունը գործում է ,,այնքանով՝որքանով,,:Ներկա պահին ամեն կերպ,կրկնում եմ,ամեն կերպ,պետք է փորձել համադրել շահերը և օգտվել ձևավորվող քաղաքական իրավիճակի ընձեռած հնարավորություններից:Ի դեպ ,Հեյդար Ջամալը շատ ավելին է անում, քան մեր դիվանագետներն ու քաղաքագետները կարող են ենթադրել:Փաստորեն միասնական ,,մահմեդական վեկտոր,, է ձևավորվել և այն անխուսափելիորեն ազդելու է Ռուսաստանի նոր արտաքին քաղաքական վեկտորի վրա:Այս տեսանկյունից պետք է նայել ,,բաց նամակում,, շոշափվող խնդիրներին:Այնտեղ խոսվում է և համանախագահների դերի,և Իրանի մասին:Մի փորձեք Զորիին վերագրել բաներ,որ բխում են մեր ներքին քաղաքական դաշտում առկա նեխած պատկերացումներից:Աշխատել է պետք:Հիմա են որոշվում ,,կոմպրոմիսները,,:Հետո զղջալու ենք կորցրած յուրաքանչյուր թիզ հողի համար: