Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Լեպյոխին. Մաքսային միությունը աշխարհաքաղաքական կամ իմպերիալիստական նախագիծ չէ

Հոկտեմբեր 18,2013 15:29

«Հայաստանի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության պատրաստակամության մասին, բխում է ոչ միայն ՌԴ-ի եւ Մաքսային միության շահերից, այլ նախեւառաջ՝ Հայաստանի, ընդ որում, ոչ միայն ընթացիկ տնտեսական հարցերի տեսանկյունից, այլ տարածաշրջանային երկարատեւ եւ աշխարհաքաղաքական հարցերի»,-«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Գիտխորհրդի` Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը:

Տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքներին ծանոթանալով, ռուսաստանցի պաշտոնյան համոզվել է, որ հայաստանցիները եւս դրական են ընկալում նախագահի որոշումը:

Այն, որ հայաստանյան շրջանակներում տեսակետ է հնչում, թե նախագահի որոշումն անսպասելի էր, Վլադիմիր Լեպյոխինի համար փոքր ինչ անհասկանալի է՝ «նկատի ունենալով նախագահի որոշման այսպիսի մասսայական ընկալումը»:

Ի դեպ, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական կազմակերպության եւ «Նորավանք» ԳԿՀ-ի համատեղ վերջերս անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքում, որոնք ներկայացվեցին ասուլիսի ժամանակ, պարզվել է, որ 1000 հարցվածներից 86 տոկոսը կողմ է արտահայտվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը:

Ռուսաստանցի պաշտոնյան հստակ հայտարարեց, որ Մաքսային միությունն աշխարհաքաղաքական կամ իմպերիալիստական նախագիծ չէ, ընդամենը՝ տնտեսական համագործակցությունն առավել խորացնելու, հակադարձելով Արեւմուտքից հնչող գնահատականներին, որ Մաքսային միությունն աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում՝ ասաց, որ Արեւմուտքն է միշտ «կամ-կամ» հարցը դրել տարածաշրջանի երկրների առջեւ. «ՌԴ-ն նման հարց երբեք չի դրել, մինչդեռ մեզ մեղադրում են հարցը «կամ-կամ»-ով դնելու մեջ»: Այնուհանդերձ, ընտրությունը նա համարում է ինչ-որ առումով «քաղաքականացված», ինչն էլ նման արդյունքներ է տալիս:

«Հայաստանի առջեւ ընտրություն չկա`Եվրասիական միություն, թե Եվրոպական միություն: Հայաստանի առջեւ այլ ընտրություն կա. բոլորս էլ գիտենք, թե ինչ աշխարհաքաղաքական համատեքստում են ընթանում զարգացումները, իսկ Հայաստանն աշխարհագրորեն գտնվում է այնպիսի տարածքում, որտեղ իրական սպառնալիքներ կան՝ եւ տարածաշրջանային, եւ աշխարհաքաղաքական: Հայաստանը կամ կդառնա հնարավոր տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական զարգացումների….»,- ասաց Վլադիմիր Լեպյոխինը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ Հայաստանը շուտափույթ եւ դինամիկ տնտեսական զարգացման ընտրության առջեւ է կանգնած՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

Ռուսաստանցի պաշտոնյան ասաց, որ դրա համար Հայաստանին «մոդեռնիզացիոն ծրագիր» է պետք եւ չմանրամասնելով դրա պայմաններն ասաց, որ դա հնարավոր է ու առաջին պայմաններից մեկն էլ ազգային լիդերի գոյությունն է, ով կողմ կլինի այդ ծրագրին: Ապա՝ քաղաքական էլիտայի համաձայնությունը՝ լիդերի հետ, հասարակությունը, որը եւս պետք է աջակցի ծրագրի իրականացման գործում: Պակաս կարեւոր չեն նաեւ տնտեսական ռեսուրսները, որոնք Հայաստանը չունի, բայց ՌԴ-ն պատրաստ է աջակցել՝ հայկական կողմի համապատասխան տակտիկայի արդյունքում:«Հայաստանը կարող է վերցնել այդ գումարները, եթե ակտիվ դիրքերում լինի: Անհրաժեշտ է մոդեռնիզացված ծրագիր ունենալ, որտեղ կարեւոր բաղադրիչ կլինեն ներդրումային ծրագրերը»,- ասաց ռուսաստանցի պաշտոնյան:

Պատասխանելով հայաստանցի լրագրողներից մեկի՝ տարածաշրջանում հնարավոր պատերազմական գործողությունների, մասնավորաբար, ԼՂՀ-ում, վերաբերվող հարցին էլ, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ եթե լինի տարածաշրջանային հակամարտություն, որում ներգրավված լինի Հայաստանը, ապա դրա ընթացքն ու ելքը որոշվելու է ոչ թե մեկ պետության կողմից, այլ գլոբալ խաղացողի. «Եթե Ադրբեջանը որոշի ուժ կիրառել Հայաստանի դեմ, ապա դա իր որոշումը չի լինի, Ադրբեջանի հետևում գլոբալ խաղացող էլ կլինի: Այդ պատճառով դա անհրաժեշտ է դիտարկել մեծ խաղի կոնտեքստում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031