Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Հովեյան. «ՀԳՄ-ն վերածվել է դոկտորատիպար մի քանի խեղկատակ գրողների միության»

Հոկտեմբեր 18,2013 15:20

Հայաստանի գրողների միության նախագահի (ՀԳՄ) թեկնածու, բանաստեղծ Հովիկ Հովեյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունի կիրակի օրը կայանալիք ՀԳՄ համագումարից: «Գեղարվեստական ակնկալիքներ»,- ասաց նա:

Այն դիտարկմանը, թե Էդվարդ Միլիտոնյանը ընկալվում է իբրեւ «վերեւի» թեկնածու, Հովիկ Հովեյանը չհամաձայնեց. «Էդվարդ Միլիտոնյանը ոչ «վերեւի» թեկնածուն է, ոչ էլ «ներքեւի»… Բոլոր երեք թեկնածուներն էլ վերջնական չեն, որովհետեւ համագումարը իրավասություն ունի տվյալ պահին, տվյալ օրը առաջադրելու նոր թեկնածուներ, ինչն ավելի ճիշտ կլինի: Ըստ ՀԳՄ հ/կ-ի կանոնադրության՝ համագումարը համարվում է բարձրագույն մարմինը, ինքն է որոշում իր օրակարգը՝ տվյալ պահին… Եվ ո՞վ է ասում, որ ամեն ինչ վերջնական է, ի՞նչ վատ կլինի, որ 5-10 թեկնածու լինի, ո՞վ է ասել, որ այդ երեքն են ամենաիմաստունը եւ վաստակաշատը ու հենց իրենք պետք է լինեն նախագահ»:

Aravot.am-ի հարցին՝ ՀԳՄ նախագահ լինելը արդյոք չի՞ սահմանափակի իր ստեղծագործական ազատությունը ժամանակի եւ այլ իմաստներով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գրողների միության նախագահ լինելը պաշտոն չէ, ծառայություն է: Ինչ վերաբերում է ստեղծագործական աշխատանքից ձերբազատվելուն, կոնկրետ իմ դեպքում, օրինակ` նախարար եղած տարիներին գրել եմ երկու գիրք, հրատարակել բանաստեղծություններ, Շարամբեանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի տնօրեն աշխատած տարիներին էլ նոր գիրք եմ պատրաստել, մի գիրք էլ Իրանի Իսլամական Հանրապետությունում է տպագրվել՝ պարսկերենով»:

Իր կարծիքով՝ հե՞շտ է գրողներին ղեկավարելը: «Գրողների միության նախագահը գնում է ոչ թե գրողներին ղեկավարելու, այլ գնում է գրողներին լսելու: Նա առաջին հերթին առանձնազրույցներ պետք է ունենա յուրաքանչյուր գրողի հետ, որովհետեւ ամեն գրող ինքնին մի ծրագիր է, եւ էնպես չի, որ ՀԳՄ նախագահը գնում է կարի ֆաբրիկա եւ պիտի ղեկավարի: Գրողների միության նախագահը պետք է լինի բոլոր գրողների նախագահը, բարեկամը եւ կազմակերպիչը, որովհետեւ այսօր Գրողների միությունը, ցավոք, վերածվել է դոկտորատիպար մի քանի խեղկատակ գրողների միության, եւ մրցանակները մի քանի տարբերակներով բաշխվում են մի քանիսի միջեւ, մոռացության են մատնված մարզերի գրողները, չէ՞ որ, եթե անդամ են այդ մարդիկ, ուրեմն հավասարազոր են, իրավունքներ ունեն: Ինչո՞ւ պիտի անընդհատ նույն մարդիկ մտնեն Գրողների միություն, իսկ մարզերը անուշադրության մատնվեն եւ վարչահրամայական տարբերակով Գրողների միության վարչությունը առաջ տանի իր ոչ այնքան կանոնադրական թեզը»,-նշեց ՀԳՄ նախագահի թեկնածուն:

Հովիկ Հովեյանը փաստեց, որ ՀԳՄ կանոնադրության մեջ մի քանի հակասական կետ կա, օրինակ՝ 4-րդ կետի առաջին ենթակետն ասում է, որ ՀԳՄ բոլոր անդամները լիարժեք իրավունք ունեն ընտրելու եւ ընտրվելու, մինչդեռ սփյուռքահայ գրողները մի այլ ընտրազանգվածի են վերածվել: Հովիկ Հովեյանի ասելով, ՀԳՄ նախագահության որոշ անդամներ ամեն գնով ուզում են հասնել ձայների մեծամասնության՝ Սփյուռքի եւ Արցախի գրողների հաշվին:

Aravot.am-ի հաջորդ հարցին՝ ՀԳՄ պատմության ընթացքում ո՞վ է եղել Գրողների միության լավագույն նախագահը, Հովիկ Հովեյանը պատասխանեց. «Հայ գրականությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031