«Ես չէ, դուք խնդրում ենք նշել` 2001-ից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում ի՞նչ առաքելություն է իրականացրել Լևոն Անանյանը` որպես ՀԳՄ նախագահ, ի՞նչ ազդեցություն է ունեցել հայ գրականության զարգացման մեջ, ի՞նչ կոնկրետ քայլեր է արել, որպեսզի մեր արդի գրականությունը այսպիսի իներտ վիճակում չգտնվի, անձնական ո՞ր արժանիքներն են նրան տարբերում մյուսներից»:
Կարեն Թումանյան, ազատ քննադատ, Բլոգ Նյուզ, 29.07.2013
Ես չգիտեմ` ով է Կարեն Թումանյանը, ինչ ասել է «ազատ քննադատ», և ով է իրավունք տվել այս մարդուն` հայերենի այս տկար իմացությամբ թիրախ դարձնել Հայաստանի ԳՄ ղեկավարի անձն ու աշխատանքը։ ԳՄ վերջին համագումարից հետո շատերն են աջ ու ահյակ անխնա մտրակել Լեւոն Անանյանին՝ անցյալի լեն ու բոլ ժամանակների չափումներով դատելով ԳՄ հնարավորության ներկայիս սահմանները: Գրում են երկրին մազի օգուտ չտված մարդիկ, ովքեր հայ արդի գրականության տիեզերկան ճամփորդները չեն բնավ: Կեսբերան մի «գրականագետի» սանձարձակ ոգևորությունը, թույլ էր տվել մեռելհացի ու գինարբուքի սեղաններն անգամ օգտագործել՝ վարկաբեկելու ԳՄ նախագահին: Եվ ես չէի գրի այս տողերը, եթե անկարծ, անագորույն մահը չխլեր Լևոն Անանյանի կյանքը, քանի որ կենդանի Լևոն Անանյանը իմ պաշտպանության կարիքը երբեք չի ունեցել:
Ես ԳՄ անդամ չեմ, ես Լևոնի ընկերն եմ, ում խիղճն ու բարոյականությունը թույլ չի տալիս՝ համակերպվել ու լռել նրա հասցեին հնչեցրած հերյուրանքների առաջ: Ես չեմ խորացել ԳՄ կանոնադրական հարցերի, մամուլում անվերջ մատի փաթաթան դարձրած նրա թայֆայական ներողամտության ու կերպարանափոխված «ինքնամշակման» մանրամասների մեջ, սակայն լավ գիտեմ այն սխալներն ու աններելի թուլությունները, որ ունեցել է Լևոն Անանյանը՝ ԳՄ-ում աշխատելու տարիներին: Իսկ «բարոյակա՞ն էր, արդյոք, հանգուցյալը» հարցից առաջ, որը հաճախ է շոշափվել այս տարիներին, ուզում եմ մի հարց էլ ես տալ, որը, ցավոք, երբեք չի հետաքրքրել արդի գրականության «մտահոգ» փրկիչներին:
Կարդացեք նաև
Իսկ բարոյակա՞ն են, արդյոք, Լևոնի շուրջ ծվարած թայֆաների հմուտ խմբապետերն ու այդ մարզանքների սկսնակ պիոներները, ովքեր ընտանեկան կապալով գրական խանձարուրից ԳՄ անդամության ցուցակում հայտնվել, նախագահի ընտրազանգված են աշխատում: Ընդամենը: Բարոյապես ընկած հազարերսանի գաղջ մի զանգված, որ ժամանակի տղմուտը քշել, դեմ է արել Հայոց մշակույթի կոկորդին։ Ու հիմա էլ հին սայլին լծվել, նոր նախագահ են ընտրում։
Բարոյակա՞ն են, արդյոք, Լևոն Անանյանի կույր սրտով պաշտոններին անշարժ թառած աքսեսուարային գրագետներն ու գրականության ճահճուտներում դեգերող չնչին իշխանները, որոնց ստեղծած գրական լաթերն ու անունը Լևոնի հետ թաղվեցին, գնաց: Աթոռն էլ՝ նորի գալու հետ, օրենք է մեր երկրում:
Այն սև օրերին, երբ հաղորդվում ու տպագրվում էր Լևոն Անանյանի մահվան գույժը, հիշածս «շրջապատից» ոչ մեկը մի մարդկային խոսք չասաց. երևի դեռ չէր պարզվել նժարի ծանր կողմը: Ու ցավոք, այդ պատեհապաշտ լռության գինը Լևոնի հիշատակի ստվերումն էր, ինչը հանրության հիշողության մեջ դաջեց նրան որպես ԳՄ ծթրած մթնոլորտի միայնակ հովանավոր ու միակ պատասխանատու:
Մինչդեռ, մահախոսականի չոր ու պաշտոնական հաղորդագրության տողերի արանքից, այդ օրերին աչքերիս առաջ ժապավենի պես անցնում էր մեր կյանքը «Գարուն» ամսագրում, եւ ավելի ուշ, երբ արդեն «Պիոներում» էի, բայց դրկից հարեւաններ էինք. մեր աշխատանքային կաբինետները կողք կողքի էին:
Լեւոնը «Գարուն» եկավ 1975-ին, Ալիկ Թոփչյանի փոխարեն, երբ Վարդգես Պետրոսյանն այլեւս լքել էր «Գարունն» ու ԳՄ նախագահ էր ընտրվել: Գլխավոր խմբագիր Անժիկ Հակոբյանը հրավիրեց նրան՝ ամսագրի արվեստի բաժինը վարելու: Ու շատ շուտով Ալիկի՝ նախկինում մաքուր սեղանին, հայտնվեցին լիքը հոդվածներ, Աստված գիտե էլ ինչ խառն ու փնթի նյութեր, որ միայն սատանան ու մեկ էլ Լևոնն էր գլուխ հանում: Ջահել էր, ամուրի, հանրապետության արվեստաբան օրիորդների կուռքը. Բոլորը նրա հեղինակներն էին ու որքան տաղանդավոր, այնքան ծեր ու տգեղ: Փուխր սիրտ ուներ, մերժել չգիտեր: Պատահում էր, նրանց բերած նյութերի վրա, սեփական տող, սպիտակ էջ չէր մնում Լևոնի ուղղումներից բացի։ Ավելին, հիշում եմ՝ մի Էմիլիա կար, դալուկ, հիվանդ երեսով կին էր, Լևոնի հետ միասին աշխատել էին մի թերթում. խղճի դարդից էդ կնոջ թերթի նյութերն էլ էր խմբագրում` ինչ անեմ, խեղճանում էր, գործից կհանեն, երկու որբ է պահում: Հետո, երբ մեր հոգսն էլ առավ իր ուսերին, այլևս չզարմացանք, դադարեցինք փոստեր կապել. Լևոնի տեսակն էր։ Հազվագյուտ գրագետ էր, առանց նրա կարդալու, նյութերը տպարան չէին ուղարկվում: Անուղղակիորեն կատարում էր նաեւ ամսագրի պատասխանատու քարտուղարի գործը, որն ի պաշտոնե Մարգո Ղուկասյանինն էր: Ու մինչ Մարգոն իր հերթական աղմկալից հոդվածն էր պատրաստում, իսկ մենք` «Առագաստում», սուրճի մրուրի ու ծխի թանձր մշուշի մեջ պարզում էինք, թե որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում, Լևոնն իր աթոռին գամված, անում էր բոլորիս գործը, խմբագրում էր, սրբագրում, էջադրում, շատ անգամ՝ իմ փոխարեն մեքենագրում, Մանուշի կամ Վաչոյի հետ վազում տպարան: Չեմ հիշում նրան սրճարանում պարապ փիլիսոփայելիս, լուրջ ընդմիջում անելիս, կամ մեզ հետ խմելիս. պատահում էր՝ շրջաններից մեր հեղինակները թունդ, տնական օղի էին բերում: Շատ-շատ կվերցներ իր մի բաժակը, մի ցամաք բրդուճ ու կքաշվեր իր գրասեղանը՝ աչքը չկտրելով նյութերից: Այդ զբաղվածության արանքում թարգմանեց Բրեդբերիի պատմվածքները, գրեց թատերագիտական բազմաթիվ հոդվածներ, որը հետո ամփոփեց «Թատրոնը բեմում և էկրանին» հրաշալի ժողովածուում։ Լուիզա Սամվելյանի ասպիրանտն էր, զբաղվում էր Բրեխտի թատրոնով։ Գրեց բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, այդ թվում՝ իր «Արմատ եւ սաղարթը», որն արժանացավ Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին։ Խնդրում եմ, այդ պարգևը մերօրյա քաղաքական հորդայի բաժանած տարոսիկների հետ հանկարծ չշփոթեք: Անուրանալի տաղանդ էր պետք, գրելու սրբազան շնորհք, բարձր մտավորականին վայել կրթվածություն ու կամք, ինչը Լևոնն իրոք ուներ և այն ընդամենը նկատվեց ու գնահատվեց։ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այս մրցանակը ստացողներին։
Աշխատելու նրա ֆանտաստիկ ունակությունը, տարիների պարկեշտ նվիրումը իր գործին, որոշեց փակ, գաղտնի քվեարկության ելքը, երբ «Գարունի» կոլեկտիվը ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրություն կատարեց Լևոն Անանյանի ու Հակոբ Մովսեսի միջև: Չեմ մոռանում Մարոյի աղի արցունքները։ Նրա քվեն վճռորոշ եղավ՝ հօգուտ Լևոնի, երբ ինքը Հակոբի ու նրա ընտանիքի սերտ բարեկամն էր: «Ինչ անեմ,- խեղդվում էր ազնիվ Մարոն,- շատ եմ սիրում Հակոբիս, բայց արդարը Լևոնիս ընտրելն էր, չէի կարող դեմ գնալ խղճիս»:
Ոչ ոքիս ոչինչ պարտք չէր Լևոնը, բայց բոլորիս հոգսն իր վրա էր: Անչար կճղճղար, կաղմկեր, բայց անպայման կօգներ, կհաներ դժվար վիճակից, եղբոր, ընկերոջ, հարազատի նման: Ու չէր հիշի, չէր էլ հիշեցնի երբեք։ Ցանկացած գարունական, եթե նայում է իր ու Աստծո աչքերին, կմտաբերի բազմաթիվ այդպիսի դեպքեր` հենց իր հետ կապված: Անձամբ ես երախտապարտ եմ իմ խնդիրներով ապրելու, ավելի ուշ հեռավոր արտերկիր ինձ գրած ամոքող, նորոգող նամակների համար, որոնցում հորդորում էր ուժեղ լինել և չմոռանալ պարտքս ընթերցողիս առաջ:
13.03.1993թ. «Սիրելի Շուշան: Երբ է քո կյանքը հանգիստ ու խաղաղ եղել, այս մեկն էլ կանցնի, կգնա: Չգիտես, թե «Գարունում» քո ամեն մի հրապարակումից հետո կարգին մտավորականներից քանիսն են իրենց հիացմունքը հայտնում քո գրչի, քո շնորհքի, խելքի ու կորովի մասին: Այնպես, որ ուժդ պատի, չպատի, փախստականների մասին հոդվածդ պիտի գրես` Եղեռնի համարում զետեղելու համար: Ավելի լավ է սուսուփուս թոթափիր այդ սրտմաշուք կարոտախտդ ու գլուխդ կախ քո գործն արա, քո գիրքը գրիր, երեխային մեծացրու ու Արմենին սատար եղիր: Այստեղ առանց այն էլ հուսահատները շատ են… »:
Գուցեև մի փոքր չափազանցություն էր, բայց լրագրողի վիճակին անչափ անհրաժեշտ սփոփանք: Ցույց տվեք այսօր մի խմբագիր, ով այդպես սրտացավ աշխատել գիտե հեղինակի հետ, էլ չասեմ` ցրտի ու մթի դաժան պայմաններում, սառած մատներով նամակ գրի Մյունխեն ու հորդորի, ոգևորի, գնահատի, թեմաներ առաջարկի: Միայն Լևոնի տարիների ջանադիր հորդորներով ու թուքումուրով գլուխ բերեցի իմ «Խաչվածը»:
«…Ամսագրի գործերը մի կերպ քարշ եմ տալիս, անհնար է բացատրել, թե ինչ տառապանք է վնասով մամուլ տպելը: Ճեղքվածքը ամեն ամիս կազմում է 1000 ԱՄՆ դոլար…»:
Բայց, տպվում էր «Գարունը»՝ իր փառավոր շուքով, ամիսներով աշխատավարձ չստացող գարունական ռոմանտիկների ջանքերով, առանց հոնորարի թղթակցող տեղի ու Սփյուռքի բարձր մտավորականության աջակցությամբ: Ու Լևոնի անձնական հմայքի ու նվիրումի շնորհիվ: Լևոնի օրոք ոչ մի հեղինակ կամ աշխատող չլքեց «Գարունը» ոչ պատերազմի ու ոչ էլ հետագա, դրանից ոչ պակաս դաժան տարիներին: Քանզի «Գարունը» գարունականների ու նրա հեղինակների համար սոսկ խմբագրություն չէր, այլ ընտանիք էր, հորենական օջախ, եկեղեցու պես մի սրբավայր, ոգեղենիկ մի ամրոց, որտեղից դուրս էիր գալիս մաքրված, ազնվացած, լուսեղեն իդեալների թևերին, ճախրելուն պատրաստ: Սա էր «Գարունի» ու նրա խմբագիրների անիմանալի ներդրումը։ Ու Լևոնը վերջինը եղավ նրանցից։ Թեև շատ ծանր տարիներ բաժին ընկավ, բայց հենց նրա շնորհիվ փրկվեց ու ապրեց «Գարունը»:
«…Սիրելի Շուշան: Մարտի 1-ին «կեսբերան» նշեցինք «Գարունի» հիմնադրման 28-ամյակը: Անժիկն էլ էր եկել, բոլորիդ հիշեցինք՝ լավ ու վատ օրերով, «Արվեստի» Արշոն էնքան հուզվեց, որ սիրտը վատացավ…Դաշնակցական մամուլի փակման հետ կապված ստորության մասին, հավանաբար, իմացար: Փողոց նետվեցին տասնյակ լրագրողներ, մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք գոնե մարդավայել վճարվում էին աշխատանքի դիմաց: Գիտես, որևէ կուսակցության հետ կապ չունենք, բայց անտարբեր նայել էլ հնարավոր չէր: «Գարունն» էլ իր «ՅԱԽԿ» պլակատով միացավ նրանց նստացույցին (մեկ էլ «Գոլոսն» էր հայտնել իր համերաշխությունը): Այո, էսպես որ գնա, էս ուղտը շուտով չոքելու է բոլորիս դռանը…Գոնե ազնվությունը չկորցնենք: Համբուրիր Մարիամիկի թուշիկները Լևոն քեռու կողմից ու Արմենին հասկացրու, որ քրոջը եղբայր է պետք…Քո Լևոն»:
14. 02.1995թ.Երեւան,
«Սիրելի Շուշան. Ինչպես միշտ, այս հարցազրույցդ էլ հրաշալի արձագանք ունեցավ, և մի անգամ ևս հավաստեց, որ ընթերցողը կարդում է քեզ և սպասում: Այնպես որ, դժվար է ասել, դու Մյունխենում ես, թե Հայաստանի իրադարձությունների կենտրոնում: Ի դեպ՝ զվարճալի ու ողբերգական մի դեպք էլ պատահեց՝ կապված քո նյութի հետ: Բանն այն է, որ մեր համակարգիչները սնվում են ԱԻՄ-ի էլեկտրագծից: Պրն Հայրիկյանը կարգադրել էր կտրել մեր հոսանքը (գուցե կարգադրություն է ունեցել վերևներից, հոգուս մեղք չանեմ): Խնդիրը հարթելու համար, ստիպված էի ՔԾՆԵԼ, վերցրի քո զրույցից իր հատվածը (ուր վրացի այլախոհ Թենգիզ Գուդավան, Հայրիկյանին իր անբասիր անցյալի համար, համեմատել է ֆրանսիական թանգարանում պահպանվող մետրի էտալոնի հետ, Շ.Ղ.), տարա, կարդացի, ասացի, որ առանձին տպեն իրենց «Անկախություն» զահրումարում, հղելով, որ Շուշան Ղազարյանի հարցազրույցն ամբողջությամբ կտպագրվի «Գարունի» վերջին համարում: Ուրախացավ, խոստացավ հոսանքը չանջատել: Մեկ շաբաթ անց լույս տեսավ թերթը (ուղարկում եմ, որ հիանաս), որտեղ, հատվածի տակ դրված է իմ ստորագրությունը, նաև հղում, որ հարցազրույցի հեղինակը դու ես: Թե ինչքան թուք ու մուր ստացա գրական շրջանակներից (որ քո հոդվածը սեփականացրել եմ, Հրաչիկ Մաթևոսյանը քիչ էր մնում ինձ ծեծեր ): Սա մի կողմ, լուրեր տարածվեցին, թե ես ԱԻՄ-ական եմ և այլն: Թե ինչու էին արել, թե ով էր արել, էդպես էլ հանելուկ մնաց (բոլորը չքմեղացան, թե թյուրիմացություն է), ի լրումն՝ լույսն էլ անջատեցին…Այդպես է, փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում, երբ փորձում է մտնել իրեն խորթ քծնանքի դաշտը…Շուշ ջան, անհամբեր սպասում եմ քո նոր հոդվածին։ Այդքան մի հուզվիր այս դժխեմ Հայրենիքի համար, հասել է մի պահ, որ ես էլ եմ պատրաստ արտագաղթել, եթե, իհարկե… արտաքսեն…Քո Լևոն Ա.»։
04.09.2001, Երևան «Սիրելի Արմեն և Շուշան
Քանի որ մի կերպ մազապուրծ եղա դեղին քարտից, շտապեմ տեղեկացնել, որ անկախ հանրապետության փոստը ձեր ճշտված հասցեով արդեն Պրահա է բերում նաև 2001 թվի «Գարունի» նո.1 և 2-րդ համարները։ Հույս ունեմ, որ նախորդ համարներն արդեն ստացել եք կամ ուր որ է կստանաք։ Շուշ ջան, իմ ու քո սիրելի Անահիտ Սահինյանը «անհաշտ» պայքար է ծավալել (Սիլվա Կապուտիկյանի ու Վարուժանի հետ)` ինձ Գրողների միության նախագահ կարգելու համար։ (Դե, պատկերացրու, թե ո՛ւր ենք հասել…)։ Ես, իհարկե, հուսահատ չեմուչում եմ անում, ինձ երբեք չտեսնելով այն աթոռին, որի վրա ժամանակին բազմել է Ավ. Իսահակյանը։ Այսպիսի զավեշտական բաներ։ Եղբայրական մաղթանքներով`Լևոն Անանյան»։
Երևի հարկավոր չէր անկեղծությանս ապացույց այս մեջբերումները նամակներից… Գուցե սրանք մանրուքներ համարվեն, բայց այդ մեծ մանրուքի պակասը, չէ՞, արդյոք, որ քանքարազուրկ ոհմակներին ճանապարհ տվել, հանել է մայրուղի… Եվ արդյո՞ք ժամանակին նույն պահանջները դրվում էին ԳՄ նախկին ղեկավար, մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի առաջ։ Ամեն ինչ համեմատության մեջ է ճիշտ։ Մտահոգվա՞ծ էր, արդյոք, դարիս մեծագույն գրողը դաժան աղքատության մեջ հայտնված իր գրչակիցների հոգսով, և կոնկրետ «ինչ քայլեր արեց, որպեսզի մեր արդի գրականությունը այսպիսի իներտ վիճակում չհայտնվի»։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Այս հարցը մեծ գրողին կենդանության օրոք ոչ ոք սիրտ չարեց տալ։ Գիտեմ միայն, որ տաղանդը, գրագետը ազգի ծոցից է ելնում, ոչ թե Գրողների միությունից։ Եվ Լևոն Անանյանի շուրջ ծավալված այդ չար աղմուկների նեղ ու անշունչ շրջանակի մեջ, ճշմարտություն երազողներին ուզում եմ ասել. մեր անիծված ու անհավասար երկրում, բարոյական անկումների այս սրընթաց ֆոնին, ցեղապետերի պաշտամունքով հեղաբեկված հասարակությունը չի կարող մտավորական կրթել։ Ու գերագույն արդարություն փնտրելն անիմաստ է։ Լևոնն էլ մարգարե կամ առաքյալ չէր։ Մեզնից մեկն էր։ Մարդ էր, սխալական էր, իր գործն արեց ու մի երեկո անշշուկ հեռացավ`ափսոսանքի անբուժելի կսկիծ թողնելով մտերիմներիս հոգում։ Իր երկրային կյանքում ապրեց ավելի, քան իրեն տրված ժամանակն էր, արեց ավելին, քան ընդունակ էր։ Ու հիմա իր երկնային կյանքում ապրում է լույսերի մեջ։ Ո՞վ է լինելու հաջորդը։ Լավատես լինենք։ Ամեն ինչ համեմատության մեջ է ճիշտ, կապրենք, կտեսնենք։
Հ.Գ. Լևոնին տեսա ամռանը, երբ Երևանում էի։ Տնական թունդ օղի հյուրասիրեց. տաքացանք, հիշեցինք, ուրախացանք։ Շատ ուզեց, որ հավաքվենք հին գարունականներով։ Որոշեցինք ով ինչ պիտի անի ու բաժանվեցինք։ Ազատ Գասպարյանի հոգեհանգստին տեսա նրան, սաստիկ փոխված. Ասաց, որ հավաքույթ չի լինելու։ Ես գոռացի, ինքը գոռաց…
Սև ձիավորն ականջին փսփսացել էր…Ավաղ, դա մեր վերջին հանդիպումն էր։
ՇՈԻՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա
Լուսանկարում` «Գարուն». Լեւոն Անանյանը ձախից առաջինն է
Ես հիացա քո այս վերաբերմունքով, Շուշան. անձի մասին գրել այսպիսի սիրով, երբ գիտես, որ անձն այդ այլեւս երկնային հեռուներում է ու չի տեսնելու, չի կարդալու քո գրածը, ազնիվ վերաբերմունքի թելադրանք է միայն: Ասել է, Շուշան, դու գրում ես, որովհետեւ արդեն կխեղդվես, եթե հրապարակ չբերես ներսումդ հավաքված մաքուր ապրումների կուտակումները բոլոր: Իսկ քո այդ կուտակումները օրերից մի օր պիտի ժայթքեին, որոնց ժայթքումը Լեւոնին իմացողների համար գեղեցիկ շատրվանի տեսք պիտի ունենային, իսկ չարափառության մեջ խեղդվողներին ավելի պինդ պիտի սեղմեին գետնին, որ գլուքները քարշ մնար: Ապրես դու, Շուշան, որ Լեւոնի հանդեպ սիրով լցվածներիս հուշեցիր նաեւ, թե ինչպես կարելի է խնկարկել հիշատակը մի մարդու, ով գրականության մեջ, առավելապես ժուռնալիստիկայում իրապես փայլում էր իր շնորհներով ու կեցվածքով նաեւ:
Ես ընդամենը կատարեցի իմ մարդկային պարտքը` իմ ընկերոջ հանդեպ։ Նրա մահվանից հետո միայն հասկացա, որ Լևոնը մենակ է եղել իրեն շրջապատող այդ ամենակեր ոհմակի մեջ, անսահման մենակ…