Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ապատուրայ. ՆԱՏՕ-ում ըմբռնումով են մոտենում հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը

Հոկտեմբեր 18,2013 13:50

«Այն, ինչ լսեցի իմ զրուցակիցներից Հայաստանում, ներառյալ նախագահից, շատ հստակ էր: Առաջինը, որ որևէ բան չի խանգարում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը`զուգահեռ նաև ՀԱՊԿ անդամ լինելուն ու Մաքսային միությանը միանալուն: Մենք այդ կարծիքին ենք: Վերահաստատվեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել մասնակցել միջազգային խաղաղապահ գործընթացին»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը`վերլուծելով իր այցը Հայաստանի Հանրապետություն: Իսկ ՆԱՏՕ-ի պաշտոնյան այցելել էր Հայաստան ՝ լսելու Հայաստանի կարծիքը համագործակցության խորացման մասին:

Պատասխանելով Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածության մեջ գտնվելուն վերաբերվող հարցին, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասաց. «Շատ հստակ է մեզ համար, որ Հայաստանը ռազմավարական գործակցություն ունի Ռուսաստանի հետ, և որևէ մեկը դա չի վիճարկում: Դա Հայաստանի կայացրած ինքնիշխան որոշումն է, այն իրավիճակի համատեքստում, որը մենք բոլորս շատ լավ հասկանում ենք»: Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը միշտ փորձել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել. «Որևէ ցանկություն չունենալով որևէ բան պարտադրել՝ մենք վարում ենք բաց դռների քաղաքականություն, որի շրջանակում պատրաստ ենք համագործակցել: Բայց դուք բաց դռները չշփոթեք դաշինքի ընդլայնման համար բաց դռների հետ, նկատի ունենք համագործակցության խորացման համար բաց դռներ»:

Նա ընդգծեց, որ հավասարակշռված քաղաքականության արդյունքն է, որ Հայաստանն այսօր որոշել է նաև քաղաքական և կիրառական համագործակցություն ունենալ ՆԱՏՕ-ի հետ, ինչը ողջունելի է իրենց կողմից. «Ես այստեղից մեկնում եմ այն համոզվածությամբ, որ Երևանը մեզ հետ ավելին կարող է անել: Դա կամ-կամ-ի խնդիր չէ, այլ և-և-ի խնդիր է»: ՆԱՏՕ-ի պաշտոնյան նշեց, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, մասնավորաբար, պաշտպանական ռազմավարության գործում. «Մենք օժանդակում ենք Հայաստանին՝ արդիականացնելու իր ռազմական կրթության ենթակառուցվածքը, որպեսզի այն համապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին: Աջակցում ենք նաև զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, որը վերաբերում է գնումներին»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Ջեյմս Ապատուրայն ասաց, որ ՆԱՏՕ-ն երբեք քաղաքական նպատակ չի ունեցել ընդլայնվել հետխորհրդային տարածքում: Բայց իրենց քաղաքական առաջնահերթությունն այն է, որ ՆԱՏՕ-ի դուռը պետք է բաց լինի բոլոր ժողովրդավարական եվրոպական երկրների համար, որոնք ցանկանում են անդամագրվել դաշինքին: Ինչ մնում է Վրաստանի`ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությանը եւ հեռանկարին, Ջեյմս Ապատուրայն ասաց. «Դաշինքին անդամագրվելը Վրաստանի համար այսօր նույնքան արդիական է, որքան նախկինում էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031