Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ
– Կարծում եմ՝ հետեւում եք՝ մամուլում եւ սոցցանցերում ստեղծագործական միությունների հանդեպ հետաքրքրությունն ակտիվացել է, Կոմպոզիտորների միությունում էլ չեն ուզում ենթարկվել իրենց նախագահի մենիշխանությանը, Գրողների միությունը Լեւոն Անանյանի մահից հետո նոր ընտրության առաջ է կանգնած, ընդ որում՝ արդեն հայտարարված 3 թեկնածուներ կան ՝ Էդվարդ Միլիտոնյան, Հովիկ Հովեյան, այսօր նաեւ՝ Դավիթ Սարգսյանը… Մի խոսքով՝ կարծես սառույց է շարժվում այս հավերժ անշարժ կառույցներում: Այսօր Գրողների միությունում դարձյալ այդ շրջափուլն է, շիկացած կրքեր, խոստումներ, տարբեր թեւեր եւ այլն, եւ այլն:
– Ընտրությունների շրջանում այստեղ շատ լրջորեն են խոսում, թե սա հասարակական կազմակերպություն է, եւ պետությունն իրավունք չունի խառնվելու հ/կ-ների ներքին գործերին, բայց հենց ընտրությունները վերջանում են, պարզվում է` այդպես չեն մտածում: Ինչքան էլ արդարադատության նախարարությունում Գրողների միությունը գրանցված է որպես հ/կ, ժողովրդի մեջ ԳՄ-ն այն կենտրոնն էր, ուր բյուրեղանում էին իր բոլոր ցանկությունները, իղձերը, բողոքներն ու ընդվզումները: Հիշենք՝ 88-ին ինչ կատարվում էր երկրում, առաջին գնահատականը ԳՄ փոսում էր տրվում: Հիշում եմ՝ լուսահոգի Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» վեպն ինչ կրքեր էր բորբոքել: Ասում են՝ սատկած ուղտի կաշին մի իշաբեռ տանում է. ինչքան էլ ասենք՝ ապատիկ վիճակ է գրականության, մշակույթի ասպարեզում, ի դեպ, դա էլ է վիճահարույց` իսկ ինչու պիտի ապատիկ չլինի, միեւնույն է՝ էլի հասարակության մեջ հոգեւոր կենտրոնի՝ ԳՄ-ի հանդեպ առանձնահատուկ մի վերաբերմունք կա: Ասում են` մեռածի հետեւից կամ լավ, կամ ոչինչ. ես չեմ կարող Լեւոն Անանյանի մասին որեւէ վատ բան ինձ թույլ տալ, երբ Հրանտ Մաթեւոսյանը հրաժարվեց, ես էլ նրան ընտրողներից մեկն եմ եղել՝ որպես «Գարուն»-ի շատ վայելուչ խմբագիր, ով էն մութ տարիներին պահեց ամսագիրը: Իմ պաշտպանելը միայն իմ քվեն չէր, լոբբինգ էի անում նաեւ իր համար: Պաշտպանեցի, հետո շատ դառնացա: Տարօրինակ բան է աթոռը, հենց աթոռին նստում ես, ինչ-որ բան խեղվում է, շեղվում: Նրա օրոք ԳՄ-ն կարճ ժամանակահատվածում դարձավ երկրորդային, տարօրինակ հեշտ մուտք ապահովող մի ինչ-որ ամորֆ կառույց: Ներքին հսկա էներգետիկա ունեցող այդ շենքում Իսահակյանն է նստել, Վահագն Դավթյանը, Վարդգես Պետրոսյանը, ինչ ըմբոստություն, հեղափոխություն է տեսել այդ շենքը, բայց այդժամ ԳՄ-ն իսկապես պետության մեջ պետություն էր: Մենք ամեն ինչ փնովում ենք՝ սովետի հետ կապված, բայց վերջինս շատ լավ էր ամեն բան հասկանում, դանդաղ գործող ռումբ էր, ականի պես բան էր ԳՄ-ն: Եվ պետությունը շատ ուշադիր էր՝ ուզում էին մեզ սիրաշահել: Այսօր ոչ ոք բանի տեղ չի դնում, քանի որ մենք մեզ բանի տեղ չենք դնում: Այսօր ԳՄ-ն դարձել է մի միություն, ուր մեկ լիտր կաթին 100 լ ջուր է խառնված: Հիշում եք՝ սքանչելի Էքզյուպերիի սքանչելի «Փոքրիկ իշխանը», որի հենց սկզբում ասում է` սա ինչ պատկեր է` սեղան է, գլխարկ, թե՞ պարզվում է՝ փիղ կուլ տված վիշապ է, այսինքն՝ Աստծո ստեղծած կերպարանքից զրկված մի բան: Հիմա նույն կերպ՝ այս միությունը կուլ է տվել այնքան գրամոլների, որոնք ոչինչ չեն որոշելու, պարզապես ճաշակ են փչացնելու եւ քանակ են ապահովելու: Ստեղծագործական միությունը մշակույթ է, ուր երբեք հավասարություն, ժողովրդավարություն չէր կարող լինել: Դուրս է գալիս, որ այսօր ոմն մեկը, որն իր քեռու ֆինանսավորմամբ գիրք է տպել` արձակագիր հորջորջվել, նույնքան ձայնի իրավունք ունի, որքան, ասենք, Լեւոն Խեչոյանը կամ Վահագն Գրիգորյանը: Մի առիթով մեկն ինձ հարցրեց՝ եթե դժգոհ էիք, ինչու ընտրեցիք Անանյանին, ասացի` ես չեմ ընտրել, քանակն է ընտրել: Գանք այսօրվան՝ մի մասը կպաշտպանի Էդվարդ Միլիտոնյանին, մյուս մասը՝ Հովիկ Հովեյանին, բայց մենք այլեւս մի տեսակ անտարբեր մարդիկ ենք: Սովորել են ավելի շատ տեսնել Միլիտոնյանին, շախմատ խաղալ հետը, ինքն էլ անհավատալի հումորով, համով մարդ է, եւ նրան էլ ձայնը տալիս են՝ չհասկանալով, որ այստեղ խոսքն Էդ Միլիտոնյանի մասին չէ, այլ ստեղծագործական միության:
– Կգաղտնազերծե՞ք՝ ո՞վ է Ձեր նախընտրելի թեկնածուն:
Կարդացեք նաև
– Ինչու ես չեմ պաշտպանում Էդվարդ Միլիտոնյանին: Չեմ պաշտպանում, քանի որ չէի պաշտպանի Լեւոն Անանյանին, ուղղակի թատրոններ չեմ սիրում, որ տոմսս հանձնեի եւ այլն: Թույլ տամ ինձ ասել՝ Լեւոն Անանյանի «կառավարությունը» հաջողություն չբերեց, իսկ այնտեղ, ի դեպ, ամենավճռորոշ մարդը Էդվարդ Միլիտոնյանն էր: Անանյանը մի մեծ առավելություն ուներ` շատ աշխատասեր էր, սակայն չկարողացավ ամենակարեւոր բանն անել՝ գորշությունից ձերբազատել միությունը, ասել, որ չի կարելի հեղեղի պես լցնել միությունը՝ քվե ապահովելու համար: Եթե չկարողացավ, ուժեղ չէր, ինչո՞ւ պիտի ես նրան ընտրեմ, իսկ եթե ուժեղ էր, ինչո՞ւ չէր անում այն, ինչ պիտի աներ:
– Թե ինչու չեք պաշտպանում Միլիտոնյանին, ասացիք, իսկ թե ով է Ձեր նախընտրելի թեկնածուն եւ ինչու՝ դեռ չեք ասել…
– Պարզ ասեմ՝ աաշտպանում եմ Հովիկ Հովեյանին, նախ՝ որովհետեւ նա պետական կառավարման մեջ որոշակի փորձառություն ձեռք բերեց, երկրորդ` շնորհքով մարդ է, իսկ վերջիններս նախանձ չեն լինում: Ի դեպ, ֆոլկլորը, թե մշակույթի նախարար եղած ժամանակ ատրճանակ է հանել, էս է արել, էն է արել, իրականությանը չի համապատասխանում: Ինձ դուր է գալիս, որ մարդը աթոռին նստելուց հետո չի դառնում նրա գերին, հավատում եմ նաեւ իր արմատներին, հայրը երկար տարիներ «Գարուն»-ի տեխնիկական խմբագիրն էր, «Գարունը» ստեղծողներից մեկն էր, հավատում եմ իր գիտելիքներին, այն, ինչը որպես հայ մտավորականի պետք է, ինքը գիտի: Ի վերջո, ես նորություն եմ ուզում: Ավելի երիտասարդ, գունավոր տեսակ է, իսկ ես թարմություն եմ ուզում, գոյություն, էս ճահճացումից պիտի դուրս գալ: Նույնիսկ շատ համակրելի Էդ. Միլիտոնյանի դեմքից ձանձրացել եմ: Մեր կյանքի բոլոր ոլորտներում է այս խնդիրը ծառացել, ուզում ես թարմ դեմք տեսնել: Իհարկե, մահու-կենաց կռիվ չէ, ով կընտրվի՝ կընտրվի, բայց քանի դեռ ուղեղս աշխատում է, ասելու եմ` էս ի՞նչ եք խառնել մշակութային կաթին, մի՞թե այդքան ջուր կարելի է խառնել: Ձեզ չեք հարգում, բա ձեր անցավորաց է՞լ չեք հարգում: Ի՞նչ է դարձել Գրողների միությունը:
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ