Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես Սաակաշվիլիի ընկեր` ես կասեմ նրան, որ կոռեկտ չէր «հայկականացում» ձեւակերպման օգտագործումը». ՀՀ-ում Վրաստանի դեսպան

Հոկտեմբեր 18,2013 13:39

«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի այսօր կազմակերպած` «Վրաստան․ նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» թեմայով քննարկմանը` հիմնական զեկուցող Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին հարցեր ուղղեցին:

Մասնավորապես հարցին` Վիլնյուսի գագաթնաժողովին, որի ընթացքում, Վրաստանը նախաստորագրելու է ԵՄ ասոցացման համաձայնագիրը, դրանից հետո ի՞նչ ժամկետներում է Վրաստանը նախատեսում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Դեսպանը նշեց, որ մի քանի գործոններ են եղել, ինչի արդյունքում հետ ենք մնացել Ուկրաինայից: Դեսպանի կարծիքով` եվրոպացիների պատկերացմամբ` փաթեթով երկրները առանձնացվեցին, բայց կարեւորն այն է, որ մենք անշեղորեն գնում ենք դեպի Վիլյնուսի գագաթնաժողովին, եւ որեւէ խոչընդոտ չի լինի համաձայնագիրը նախաստորագրելու: Նա նշեց, որ հաջորդ տարվա աշնանը նախատեսում են ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը:

Հայաստանը պատրաստվում է Մաքսային միությանն անդամակցել, հայ-վրացական սահմանը դառնում է, փաստորեն, ռուս-վրացական սահման, ի՞նչ է պատրաստվում անել Վրաստանը, հարցրեցին դեսպանին: Թենգիզ Շարմանաշվիլին նկատեց, որ քանի որ ազատ առևտրի համաձայնագիր կա, չի կարծում, թե խնդիրներ կառաջանան, Հայաստանի եւ Վրաստանի առեւտրային հարաբերություններում որեւէ ստվեր չի կարող լինել Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու դեպքում:

«Վրաստանը միշտ ասել է, ցանկացած ժողովուրդ ունի իր ընտրության իրավունքը: Մենք հենց այդ տրամաբանությունից ելնելով էլ համարում ենք, որ մեզ չպետք է հարցնել, թե ինչ ուղղությամբ է գնում Վրաստանը: Ինչ կորոշի Հայաստանի ժողովուրդը` մենք կհարգենք այդ ընտրությունը, դա Հայաստանի հասարակության ներքին գործն է»,- ասաց նա` մեկնաբանելով սեպտեմբերի երեքի Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
«Վրաստանի` դեպի ՆԱՏՕ-ի ճանապարհը ավելի կարճ կլինի, քան Վրաստանի` դեպի ԵՄ ճանապարհը»,- հայտարարեց Թենգիզ Շարմանաշվիլին:

Իսկ վերջերս Վրաստանի նախագահի մի հայտարարության առիթով, թե Վրաստանի համար անընդունելի է` «հայկականացումը», դեսպանը նկատեց, որ անընդունելի է համարում նման որակումները եւ լինելով Սաակաշվիլիի ընկերը, նշեց, որ առիթի դեպքում նրան կասի, որ կոռեկտ չէր նման ձեւակերպումների օգտագործումը:
«Վրաստանը ֆինանսավորում է հայկական 143 դպրոցներ` պետբյուջեից, աշխարհի ոչ մի երկրում նման բան չի արվում, հիշեցրեց դեսպանը` հավելելով` կարող էինք միայն հայոց լեզվի եւ գրականության դասավանդման համար ֆինանսավորել, սակայն մնացած բոլոր առարկաները հայերենով են դասավանդվում եւ Վրաստանի պետբյուջեն է ֆինանսավորում», – ասաց դեսպանը` կարեւորելով հայ-վրացական հարաբերությունները, ինչպես նաեւ մշակութային, հասարակական կյանքում վրացահայերի դերը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031