Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է սահմանադրական բանակը արտակարգ դրության ժամանակ օգտագործելը

Հոկտեմբեր 18,2013 13:34

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում բավականին լուրջ հակասություններ է տեսնում ՀՀ Սահմանադրության հետ, եւ այդ հակասությունները շտկելու համար հեղինակել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » օրենքի նախագիծ, որը այսօր քննարկվում էր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում:

Կառավարությունը օրինագծին բացասական եզրակացություն տվեց, օրինագիծը ԱԺ նիստերի մեծ օրակարգում ընդգրկելը մերժելու կոչ արեց նաեւ հարակից զեկուցող , ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, սակայն որոշում չընդունվեց, քանի որ քվեարկության ժամանակ ձայները հավասարապես բաժանվեցին՝ 4 դեմ եւ 4 կողմ: Նախագիծը չմտավ մեծ օրակարգ:

Թեեւ օրենքի նախագիծը ներկայացնելիս Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց, որ հիմա, երբ հանրապետությունում ըստ էության հանգիստ իրավիճակ է եւ կարելի է այս օրենքին նայել զուտ մասնագիտական եւ ոչ թե քաղաքական տեսանկյունից, սակայն վերջում ստիպված եղավ ընդունել, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը դեռեւս պատրաստ չէ այդ ձեւով մոտենալ օրինագծին:

Եթե կարճ ներկայացնենք՝ խնդիրը հետեւյալում է. կարելի՞ է օգտագործել բանակը՝ ներքին անվտանգության հարցեր լուծելու համար, թե ոչ: Գագիկ Ջհանգիրյանը ապացուցում էր, որ Սահմանադրությանը հակասող կետեր կան օրենքում, եւ ներքին անվտանգության հարցերը լուծելու համար պետք է օգտագործել միայն ներքին զորքերը, ոստիկանական զինված ստորաբաժանումները, բայց ոչ երբեք՝ բանակը: Սակայն իշխանական կողմը՝ հանձին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի, պնդում էր, որ ոչ մի հակասություն էլ չկա, եւ օրենքը հակասահմանադրական չէ: Նրանք Ջհանգիրյանի օրինագծից միայն որոշ դրույթների հետ էին համաձայն, որոնք էլ խոստացան առանձին քննարկել:

Գագիկ Ջհանգիրյանը պնդում էր, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ մեր Զինված ուժերի հիմնական խնդիրը պետության՝ արտաքին հարձակումներից պաշտպանությունն է, իսկ ներքին խնդիրները լուծելու համար Զինված ուժերի ներգրավումը, ըստ պարոն Ջհանգիրյանի, կարող է հանգեցնել ողբերգության. «Աստված չանի, որ Հայաստանի հետ նման բան լինի, բայց այն երկրներում, որտեղ բանակն օգտագործել են քաղաքական կամ քաղաքացիական ընդվազումներ ճնշելու համար՝ Լիբիա, Սիրիա, Եգիպտոս եւ այլն, դա դարձել է առիթ ոչ միայն այդ երկրների կործանման, այլեւ առիթ տվեցին, որ այս աշխարհի գերհզոր տերությունները հայտարարեն, որ այդ երկրներում քաղաքացիական բնակչությանը կոտորում են եւ փորձեն իրենք ուժ գործադրեն»:

Ի դեպ, հետաքրքիր էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի արձագանքը, ով Գագիկ Ջհանգիրյանին մեղադրեց ամեն ինչ սեւ գույներով ներկայացնելու մեջ եւ պնդում էր, որ Հայաստանում չի լինելու Ջհանգիրյանի նկարագրած իրավիճակը: Բավականին պաթետիկ ելույթից հետո նախարարը լքեց ԱԺ-ն: Նրա գնալուց հետո Ջհանգիրյանը զարմացավ, թե արդյո՞ք ինքը նման «սեւ եւ ահաբեկչական» բաներ էր խոսել, չէ՞ որ ճիշտ հակառակը՝ ինքը զուտ իրավաբանական, մասնագիտական մոտեցում էր ցուցաբերել: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ասաց, որ իրավաբանները հենց ամենասեւ եւ ամենավատ իրավիճակներն էլ պետք է հաշվի առնեն՝ ցանկացած օրենք գրելիս:

Իսկ պատգամավոր էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ Ազգային ժողովի հանձնաժողովը բոցաշունչ ելույթների համար չի, այլ՝ աշխատելու, եւ եթե կան խնդիրներ, որոնք վերհանվել են, պետք է քննարկել եւ լուծել:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031