«Վրացական երազանք» դաշինքը ներկայացնող Վրաստանի երիտասարդ սոցիալ-դեմոկրատներ կուսակցության առաջնորդ Գիա Ջիորջոլիանին կարծում է, որ անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը չի մերժում եվրոպական ինտեգրումը:
– Ձեր տպավորությամբ՝ ինչպե՞ս կզարգանան հայ-վրացական հարաբերությունները ՀՀ նախագահի՝ սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունից հետո, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վրաստանը ձգտում է դեպի Եվրոպա, իսկ Հայաստանը նախապատվությունը տվեց, այսպես ասած, ռուսական ուղղությանը:
– Ես չեմ կարծում, որ դա ողբերգական հայտարարություն էր: Եվրասիական միության գաղափարն ինքնին նոր-նոր սկսում է աշխատել: Ես դա չեմ համարում փակ կառույց՝ Եվրամիության նման: Իմ տպավորությամբ՝ Եվրասիական միության գաղափարն առավելապես գաղափար է մեծ տարածության մեջ համագործակցության մասին, որտեղ տնտեսական ինտեգրումը դոմինանտ է լինելու: Մաքսային միության շրջանակներում, իմ համոզմամբ, դոմինանտ է հենց տնտեսական համագործակցությունը:
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, դա կառույց է՝ նախեւառաջ հարեւանության եւ միասնական մշակույթի վրա հիմնված: Այնպես որ՝ մեր տարածաշրջանի երկրների շատ մտերիմ համագործակցությունն այդ կառույցի հետ ես չեմ պատկերացնում: Որոշ երկրներ գուցե սերտ համագործակցություն կունենան Եվրամիության հետ, անգամ հնարավոր է անդամակցեն այդ կառույցին, բայց նրանցից շատերը ի վիճակի չեն, եւ ինքը՝ Եվրամիությունն էլ ի վիճակի չէ ինտեգրվել այդ երկրների հետ: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում այլ ինտեգրացիոն գործընթացների: Մեր օրերում մեկուսացված տնտեսությունները չեն կարող զարգացում ապրել: Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահի հայտարարությունը եւ այդ ուղղությամբ արված քայլերն առաջին հերթին ուղղված են տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը, քանի որ այնպիսի փոքր երկրները, ինչպիսիք են Հայաստանը եւ Վրաստանը, չեն կարող մեկուսացած մնալ եւ տնտեսություն զարգացնել: Անպայման ինտեգրացիոն գործընթացներ են պետք: Եվ պետք չէ մեծ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ դա առավել հարմար է անել հարեւանների հետ:
Կարդացեք նաև
Վրաստանը ծովով, այսպես ասած, ուղիղ կապ ունի Եվրամիության հետ, բայց բացի տնտեսական ուղղություններից՝ Եվրամիությունը նաեւ մշակութային համատեքստում է հետաքրքիր Վրաստանին: Ես կարծում եմ, որ եւ Հայաստանը, եւ Վրաստանը մշակութային ընդհանրություններ ունեն Եվրամիության հետ, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի տրամադրվածությունը՝ Մաքսային միության հետ սերտ համագործակցելու մասով, մերժում է Եվրոպայի հետ համագործակցությունը եւ այլ ուղղություն է ընտրում: Եվրամիության շրջանակներում եւս ենթադրվում է տնտեսական, ապա նաեւ մշակութային համագործակցություն: Ես չեմ համարում, որ ընդհանուր մշակութային արժեքները Եվրամիության շրջանակներում կարող են բերել սերտ հոգեւոր համագործակցության: Ինքս, օրինակ, չեմ պատկերացնում, թե, ասենք, Եվրամիության շրջանակներում ինչպե՞ս են սերտորեն հոգեւոր համագործակցություն ունենալու Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը: Այնպես որ՝ իմ տպավորությամբ, Հայաստանի նախագահի հայտարարությունը պետք է ընկալել այսպես, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային` հատկապես տնտեսական ակտիվ համագործակցություններ ունենալ հարեւան երկրների, առաջին հերթին ՌԴ-ի հետ: Էլ չեմ ասում, որ Հայաստանն ու ՌԴ-ն գործընկերներ են մի շարք քաղաքական ուղղություններով: Բայց ես չեմ համարում, որ դա եվրոպական զարգացման ուղղության մերժում է:
– Դուք շեշտում եք, որ Մաքսային միությունն ու Եվրասիական միությունն առավելապես տնտեսական համագործակցության հարթակներ են, բայց կան քաղաքական հարցեր: Ասենք՝ ԼՂՀ-ի խնդիրը, Աբխազական հարցը, որի տնտեսական ասպեկտը շատ ուղիղ համեմատական է քաղաքական ասպեկտին: Մաքսային միության շրջանակներում համագործակցության զարգացման համար խոսվում է աբխազական երկաթուղու վերաբացման հավանականության մասին, բայց դա արդեն ենթադրում է քաղաքական որոշում: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
– Չեմ կարծում, որ մոտ ապագայում պետք է սպասենք ռադիկալ քաղաքական որոշումների այդ հարցերի վերաբերյալ: Չեմ կարծում, որ շուտափույթ փոփոխություններ կլինեն: ԼՂՀ-ի մասով առավել հստակ չեմ կարող ասել, բայց տեսնում եմ, որ Աբխազիայի մասով աստիճանաբար կարող ենք հաղթահարել կտրուկ հակազդեցությունը: Իմ կարծիքով՝ մոտ ապագայում, 5-10 տարվա կտրվածքով, օրակարգից պետք է հանենք քաղաքական կարգավիճակի մասին քննարկումները եւ սկսենք տնտեսական ու մարդասիրական ոլորտներում ակտիվ համագործակցությունը: Այս համատեքստում ես կարծում եմ՝ երկաթուղու հարցը, որը բավական կարեւոր հարց է, կարող է կյանքի կոչվել: Սա վատ միտք չէ՝ ըստ իս, բայց այն կյանքի կոչելու համար պետք է, հավանաբար, առավելապես ռուս-վրացական հարաբերությունները պարզաբանել: Այդ հարաբերությունները տակավին սկսում են նոր ձեւաչափ ստանալ: Վրաստանի եւ ՌԴ-ի համագործակցությունը բավականին բարդ է, քանի որ Վրաստանում մշտապես կկարծեն, որ ՌԴ-ի կողմից սեպարատիստական մոտեցում է: Որքան ես եմ հասկանում, ՌԴ-ն մոտ ապագայում չի հրաժարվի Աբխազիայի ճանաչումից, մենք չենք հրաժարվի չճանաչման քաղաքականությունից: Պատմությունն, իհարկե, չի կրկնվի, բայց որոշ օրինակներ մենք պետք է ի գիտություն ընդունենք, ասենք՝ Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաների օրինակը: Արեւմտյան Գերմանիան երբեք չճանաչեց Արեւելյան Գերմանիան, բայց տնտեսական համագործակցություն կար ԽՍՀՄ-ի հետ: Սա օրինակ է, որը ցույց է տալիս, որ պետք է առաջնորդվել պրագմատիկ հետաքրքրություններով: Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ կարող ենք անել քայլեր, որոնք Սաակաշվիլու կառավարության օրոք անիրատեսական էին համարվում:
– Վերջերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերթական էքսցենտրիկ ելույթն ունեցավ, այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից, որը միանշանակ չընկալվեց: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ելույթը:
– Հոկտեմբերի 27-ից Սաակաշվիլին Վրաստանի քաղաքական դաշտում տեղ չի ունենա ու չի մասնակցի քաղաքական գործընթացներին: Նրա հայտարարությունները Վրաստանի կառավարության դիրքորոշումը չեն: Այո, ՌԴ-ի հետ Վրաստանը կնճռոտ հարաբերություններ ունի, բայց էսկալացիայի, հարաբերությունների լարման քաղաքականությունն արդեն մնում է անցյալում: Անցած տարվա հոկտեմբերի մեկից այդ քաղաքականությունն արդեն անցավ պատմության գիրկը: Մենք խաղաղ զարգացման եւ պրագմատիկ համագործակցության այլընտրանք չունենք: Այնպես որ՝ դա Սաակաշվիլու «կարապի երգն» էր: Ես դա չեմ մեկնաբանի, քանի որ մեկնաբանելու առանձնապես բան էլ չկա՝ դա անցյալի կրկնությունն էր:
Շարունակությունը՝ վաղվա համարում:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ