Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին. «Ցնցված եմ, նա պիտի լաց լիներ, որ իր գրիչը նման բան է գրել»

Հոկտեմբեր 18,2013 13:28

«Ես ցնցված եմ, որ հայ մտավորականը կամ իրեն մտավորական կոչող մարդը կարող է իր ձեռքը գնալ եւ իր ներքին խիղճը թելադրի իրեն գրել նման բաներ՝ 10 էջ գրել ռուսական փառավոր անցյալի մասին՝ փափագելով նույնքան փառավոր ապագան՝ Հայաստանի իրավունքների եւ տարածքների հաշվին: Եվ դրանից հետո կանգնել արդարացնել… Ուրախ եմ այն քննադատության համար, որ նա լսեց: Ուրախ եմ, որ հայ հասարակության մեջ կա մի լուրջ շերտ, որն ուղղակի չի կարող ընդունել նման պահվածքը: Մեր երկրում մի բան յուրացրել են՝ հասարակական պարսավանքի ինստիտուտը, ամոթի ինստիտուտը: Ուրախ եմ, որ մենք դա վերագտնում ենք»,-Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի հայտնի նամակի մասին այսօր «Բլից Ինֆո» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ «Մտավորականը պիտի լաց լիներ, որ իր գրիչը թույլ է տվել նման բան գրել»:

Մեր հարցին՝ պատվե՞ր է եղել այդ նամակը, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Վստահաբար: Այս իրավիճակում, անգամ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ չափազանց լուրջ եմ վերաբերվում այն զգայությունները, որը ունի Հայաստանը: Այնպիսի հարմարվող տեսակ, ինչպիսին Զորի Բալայանն է, ո՞նց կարա այդպես ինքնագլուխ բաներ անել եւ ազգի անունից նամակներ ուղարկել: Մենք չափազանց լարված վիճակ ենք ունենալու անկախ նրանից՝ դրա որ շերտերն ենք տեսնում, որը՝ չենք տեսնում: Դա պայմանավորված է Վիլնյուսի գագաթաժողովում Ասոցացման պայմանագրի հետ: Պիտի հասկանանք, որ շատ խորը պայքար է գնում ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Ոչ ՌԴ-ն է պատրաստվում զիջել, ոչ էլ ԵՄ-ն: Որեւէ թթու խոսք չասեցին ԵՄ-ն, չեն ուզում իշխանությանը տալ հնարավորություն, որ ավելի հեշտ Հայաստանը մտցնի ՌԴ-ի իշխանության տակ: Շատ զգայուն իրավիճակ է: Եթե պալատական մտավորականը նման նամակ է գրում՝ դա կարո՞ղ էր լինել պատահական՝ իհարկե, ոչ: Դա համաձայնեցված է, պետք էր, որ ինչ-որ մեկի շուրթերով հնչեցվի ուռաներ՝ ՌԴ կայսրությանը եւ դա հնչեցվել է»:

Հարցին՝ Պուտինը կպատասխանի՞ այդ նամակին, Ստյոպա Սաֆարյանը ծիծաղեց. «Նախագահի աշխատակազմն ասել է՝ չենք ստացել եւ չենք էլ համարում, որ կարձագանքի, ասում են՝ մամուլից ենք իմացել»:

Ստյոպա Սաֆարյանը նաեւ ասաց, որ «Պատանեկության շրջանում երբեք մտքովս չէր անցնի, որ կտեսնեմ այն, ինչ հիմա տեսնում եմ: Շոկի մեջ էի հայ-թուրքական արձանագրություններից հետո: Նույնը հիմա է կատարվում: Մտքովս չէր անցնի, որ Նամակ ռուսաց թագավորի բեմականացմանը կյանքում ներկա կլինեմ, որն ավելի շատ տրագիկ ժանրի ներկայացում էր: Պատմաբան չես, որ պատմական պայմանագիր ես քննարկում: Եթե ինչ-որ վիպակ գրեր պայմանագրերի մասին, դներ ժողովրդի քննարկման, ես մի կերպ դա կհասկանայի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031