«Երկրորդ եռամսյակի հետ համեմատած՝ երրորդ եռամսյակում լրագրողների դեմ ճնշումներն աճել են»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:Նշենք, որ Խոսքի ազատության կոմիտեն ներկայացրել է «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» զեկույցը, որը ներառում է 2013-ի երրորդ եռամսյակի ուսումնասիրությունների արդյունքները:
Զեկույցում ամրագրված է, որ այդ ժամանակահատվածում 8-ով ավելացել են լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական հայցերը, որոնց թիվը հասել է 20-ի: 2013-ի երրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության մեկ դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվն այս եռամսյակում հասել է 15-ի, որից 8-ը վերոնշյալ դատական գործերն են, 6-ը քաղաքացիական շարժումների ընթացքում գործունեության խոչընդոտումներն են, իսկ 1-ն այլ բնույթի ճնշում է:
Խոսելով տեղեկատվության տրամադրմանը վերաբերող խնդիրների մասին՝ պարոն Մելիքյանը նշեց. «Պակասել են այն դեպքերը, երբ ինֆորմացիան չեն տրամադրում, բայց, այնուամենայնիվ, այդպիսի դեպքեր կան: Իսկ երբ ԶԼՄ-ները չեն ստանում իրենց հայցած տեղեկատվությունը, պետք է դիմեն դատարան: Օրենքը այդ հնարավորությունը տալիս է»:
Լրագրողական համայնքում Copy-paste երևույթին անդրադառնալով՝ պարոն Մելիքյանն ասաց. « Copy-paste նյութերն այնպիսի լուրջ մասշտաբների էին հասնում, որ ինքը՝ լրագրողական համայնքը որոշեց որոշակի քայլեր ձեռնարկել: Լավ է, որ ԱԺ-ն սեպտեմբերի 30-ին օրենք ընդունեց՝ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների մասին»:
Ամփոփելով՝ Աշոտ Մելիքյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, այս տարի սկսված դատական գործերի քանակը հասավ 20-ի: Դատական գործերի քանակը 2 անգամ աճել է: Անցած տարի 10-ն էր: Անցած եռամսյակի ընթացքում գրանցել ենք լրագրողների ֆիզիկական բռնության 1 դեպք, 15 տարբեր ճնշումների դեպքեր: Ֆիզիկական բռնությունների քանակը նվազել է: Առաջին եռամսյակի համեմատ լրագրողների դեմ ճնշումների թիվը աճել է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական բռնությունների թիվը համընկնում է, ճնշումների թիվը աճել է, տեղեկություն ստանալու հետ կապված ցուցանիշները նույնն են»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ