Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամը նաեւ փրկարար է

Հոկտեմբեր 18,2013 13:49

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստանում է հաշմանդամներին նոր աշխատատեղեր

Հոկտեմբերի 13-ին նշվում է Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, իսկ հոկտեմբերի 15-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը Երեւանում հայտարարել է, որ իրենց նախարարությունը չունի սայլակավոր հաշմանդամ աշխատակից, նախարարության շենքն էլ հարմարեցված չէ հաշմանդամին: Նաեւ հավելել է, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխարհում միակ գերատեսչությունն է, ուր միասին  աշխատում են երեսուն սայլակավոր հաշմանդամ:

Այսօր աշխարհում ապրում է մոտ մեկ միլիարդ հաշմանդամ` հատուկ կարիքներով կամ սահմանափակ հնարավորություններով մարդ: Այս խավի ոչ փոքր մասը հաշմանդամ է դարձել հենց աղետի արդյունքում, հենց այս խավն է, որ ամենախոցելին է աղետների ժամանակ, սակայն այսօր այս խավը աղետների կանխարգելման եւ ռիսկերի նվազեցման հարցում շոշափելի դեր չունի: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ 2012 թվականից սկսած՝ հաշմանդամները ներգրավվում են աղետակայուն հասարակություն ձեւավորելու գործում` սկսած արձագանքման գործողությունների պլանավորում-մշակումից մինչեւ քաղաքացիների հետ տարվող աշխատանքներ: Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում կա հաշմանդամներին հատկացված 30 տեղ` բոլոր անհրաժեշտ պայմաններով: 15 հաշմանդամ արդեն աշխատում է, եւս 9-ի հրամանը կլինի օրերս` հիմա նրանք դասընթացներ են անցնում:

Ըստ նախարարության՝ 2010-ին ստեղծվել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը: Նպատակը ՀՀ-ում աղետների ռիսկի նվազեցման  բազմաճյուղ մեխանիզմի հիմնումն է, իսկ 2012-ի աշնանը հիմնադրամի կազմում ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ: Արդեն 2013-ի փետրվարին արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում աշխատում էր հաշմանդամություն ունեցող 10 քաղաքացի: Այս քաղաքացիներն արդեն համապատասխան վերապատրաստման դասընթաց են անցել: ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի տեղավորելու ԱԻ նախարարության նախաձեռնությանն աջակցել են նաեւ հասարակական կազմակերպությունները: Օրինակ՝ «Սատար» կազմակերպության աջակցությամբ նախարարության համակարգում աշխատող բոլոր հաշմանդամները նոր անվասայլակներ են ստացել: Իսկ տրանսպորտի հետ կապված հարցերը հոգում են «Ունիսոն» եւ «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպությունները: Նախարար Արմեն Երիցյանի խոսքով, սակայն, հատուկ կարիքներով անձանց հարմարեցված 2 միկրոավտոբուսներն արդեն բավարար չեն աշխատակիցներին ժամանակին աշխատանքի հասցնելու համար, եւ եթե տրանսպորտի խնդիրը լուծվի՝ նախարարությունը կարող է ավելացնել աշխատատեղերի թիվը:

Նախարարության տեղեկացմամբ՝ հատուկ կարիքներով քաղաքացիներն արդեն հարմարվել են աշխատանքին: Ավելին՝ այս տարվա հուլիսին Երեւանում նրանք մասնակցել են «Ատոմ 2013» շտաբային վարժանքին: Վարժանքից հետո ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը խոստացել է, որ հնարավորության դեպքում հաշմանդամները կգործուղվեն արտերկիր՝ մասնակցելու դասընթացների: Իսկ հաշմանդամին աշխատանքի տեղավորելու՝ եկամտով ապահովելու, ծրագիրը շարունակական է լինելու եւ իրականացվելու է նաեւ մարզերում:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031