Լրահոս
Օրվա լրահոսը

Որ ինտերնետում տեղադրված հայհոյանքներն ու սպառնալիքները հանկարծ չիրականացվեն

Հոկտեմբեր 18,2013 13:44

Կրկին բոլորը խոսում են Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցի մասին

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է իմ դուստր Կարինե Աթոյանի մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքին եւ արդյունքներին:
2005թ. հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցում, բառիս բուն իմաստով, խեղդամահ արեցին իմ դուստր Կարինեին: Նա գտնվում էր 9 ամսական հղիության վիճակում: Փորձ անգամ չարեցին փրկելու գոնե երեխային: Անտանելի ցավից մահացավ նաեւ ամուսինս, մյուս երկու երեխաներս հայտնվեցին ֆիզիկական, նյութական եւ բարոյական ծանր վիճակում:
1) Բերդի ԲԿ-ի անեսթեզիոլոգ Գագիկ Լեւոնի Մելիքյանը դատապարտվեց 5 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ բժշկական ստանդարտներին չհամապատասխանող բազմաթիվ սխալներով Կարինեին մահվան հասցնելու եւ բժշկական փաստաթղթերն ու փաստերը կեղծելու համար: Աչքակապությամբ, անօրինական համաներումով ազատվել է բանտից: Այս պահին փորձում է կրկին մտնել հիվանդանոց՝ «աշխատելու», ինչը խիստ վտանգավոր եւ անթույլատրելի է նման մարդասպանի պարագայում:
2) Նախկինում 3 անգամ դատված գինեկոլոգ Յուրիկ Արամայիսի Նասիբյանը 4-րդ անգամ դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ Կարինեի երեխային չփրկելու եւ բժշկական փաստաթղթերն ու անալիզները կեղծելու համար: Համաներումով ազատվել է բանտից: Այս պահին նա 5-րդ անգամ դատապարտվել է 13 տարի ժամկետով ազատազրկման՝ 1993թ. դիտավորյալ սպանություն կատարելու մեղադրանքով:
3) Լաբորանտ Գրետա Մաճկալյանը դատապարտվեց մեկ տարի ազատազրկման՝ իր կատարած անալիզների արդյունքները կեղծելու եւ չկատարած անալիզներ հորինելու համար: Համաներումով ազատվել է պատժի կրումից: Այս պահին շատ հանգիստ աշխատում է հիվանդանոցում:
4) Մի քանի բժիշկների առաջադրված մեղադրանքները կարճվել են տարբեր հիմքերով՝ Արամ Հարությունյան, Էդուարդ Պողոսյան, Լաուրա Վերդյան:
5) Երեւան քաղաքի դատախազության եւ ոստիկանության կողմից Տավուշի մարզպետին եւ առողջապահության նախարարին հասցեագրված միջնորդագրով հիվանդանոցի մի շարք բուժաշխատողներ խիստ զգուշացում են ստացել նախաքննության պրոցեսում դեպքի հանգամանքները թաքցնելու եւ իրականությունն աղավաղելու համար՝ Սիրուշ Պապոյան, Սիրանուշ Մարդանյան, Զինա Քալանթարյան, Մելանյա Մխիթարյան:
Անցել է 8 տարի: Թվում էր՝ բժիշկներն արդեն մոռացել են ե՛ւ իմ Կարինեի պատմությունը, ե՛ւ իմ ցավը: Սակայն հանկարծ պարզվեց, որ ամեն ինչ շատ լավ էլ հիշում են:
Ես թույլ չեմ տալիս, որ ոչ Բերդի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը կորցնելու վախ ունեցողները եւ ոչ էլ այդ պաշտոնը ստանալու նպատակ ունեցողները, իրենց անձնական շահերից ելնելով, անազնիվ ձեւերով օգտագործեն իմ դստեր սարսափելի մահը՝ պղծելով նրա անբիծ հիշատակը: Երեխայիս շիրիմը հանգիստ թողեք, աղ մի ցանեք առանց այդ էլ չփակվող վերքիս վրա:
Ինտերնետային քաշքշուկում ես որեւէ մեկի օգտին կամ էլ որեւէ մեկի դեմ առայժմ մեկ տառ անգամ չեմ գրել: Ոչ ոք չի կարող ինձ ուղղորդել, ոչ էլ մանավանդ, որեւէ բանով ինձ շահագրգռել՝ բժիշկները շատ լավ համոզվել են դրանում: Իրական ճշմարտությունն այն է, որ իրենց ինտերնետային անբարո վարքագծով ինձ համար նպաստավոր պայմաններ են ստեղծում հասնելու իմ նպատակին՝ բացահայտել Կարինեիս մահվան բոլոր անհերքելի հանգամանքները եւ դրանց իրական դրդապատճառները:
Ինտերնետում ոչինչ չեմ ասում նաեւ այն պատճառով, որպեսզի նրանք, ովքեր առայժմ չգիտեն, տեսնեն եւ համոզվեն, թե տնօրենի պաշտոնի համար ինչերի են ընդունակ, իսկ որ ամենակարեւորն է ինձ համար՝ թե ինչի համար պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը կորցրած Գագիկ Լեւոնի Մելիքյանը անխղճորեն սպանեց իրենից հետո պոլիկլինիկայի գլխավոր հաշվապահ դարձած անմեղ հրեշտակ Կարինե Աթոյանին:
Խնդրում եմ իրավապահ մարմիններին հետամուտ լինել, որպեսզի ինտերնետում տեղադրված անամոթ հայհոյանքներն ու սպառնալիքները հանկարծ չիրականացվեն:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր բացահայտեցին եւ դատապարտեցին Գագիկ Մելիքյանի եւ Յուրիկ Նասիբյանի նման հրեշավոր մարդասպաններին:
Այս պահին ես դիմում ունեմ հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին: Պիտի խնդրեմ, որպեսզի ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ պարոն Կոստանյանը հնարավորություն ընձեռնի բացահայտելու հետեւյալ կարեւոր հանգամանքները.
ա) որո՞նք են Գագիկ Մելիքյանի կատարած բազմաթիվ բժշկական սխալների պատճառները՝ բժշկի անգրագիտությո՞ւնը, բժշկի անփութությո՞ւնը, թե՞ դիտավորությունը, որը նման պարագաներում չի կարելի բացառել,
բ) բացահայտել, թե ով եւ ինչ նպատակով է հղի կնոջը թաքուն «բիցիլին» դեղամիջոց ներարկել: «Բիցիլինը» իմ աղջկա արյան մեջ հայտնաբերվել է դատաբժշկական-հատանատոմիական փորձաքննությամբ: Կարինեին ոչ ոք «բիցիլին» չէր նշանակել, դրա կարիքը երբեք չի եղել:
Իսկ վերջում կոչ եմ անում Տավուշի մարզպետին եւ ՀՀ առողջապահության նախարարին, ով ծնունդով շամշադինեցի է, Բերդի բժշկական կենտրոնում եւ նրա շուրջ կատարվող իրադարձություններին տալ ճշգրիտ գնահատական եւ արդար որոշում կայացնել՝ ԲԿ-ի տնօրենի մրցույթում:

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԹՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031