Վերջերս CNN-ը ներկայացրեց աշխարհի ամենագեղեցիկ 7 գրադարանների ցուցակը: Այն գլխավորում է Սիելթերի կենտրոնական գրադարանը, որը ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի կողմից ճանաչվել է ԱՄՆ-ի 150 ամենասիրելի կառույցներից մեկը: 2-րդ տեղում Դուբլինի Երրորդության քոլեջի գրադարանն էր, որն ամենահինն է Իռլանդիայում: Կալիֆոռնիայի համալսարանի «Գեյզեր» գրադարանը, որն ամենաժամանակակիցն է աշխարհում, զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: 4-րդ տեղում եւս համալսարանական գրադարան է՝ «Tu Dult»-ը, որը գտնվում է Նիդեռլանդներում: Ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնում էր Ալեքսանդրիայի արքայական գրադարանը, որը վերակառուցվել է 2002 թվականին: Իսկ 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում Գերմանիայի Շթութգարդի եւ Սինգապուրի Բիշան հանրային գրադարաններն են:
Աշխարհում ամենից շատ ուշադրութուն են դարձնում հանրային եւ համալսարանական գրադարաններին, հավանաբար դա պայմանավորված է զանգվածայնությամբ: Սակայն մոռացված չեն նաեւ ծերանոցների գրադարանները: Վերջինիս դեպքում գրքերը, սովորաբար, համալրվում են բարեգործությունների շնորհիվ, որոնք մեծամասամբ արվում են Սուրբ ծնունդի, Ամանորի, Սուրբ Զատիկի եւ այլն տոներին կազմակերպված միջոցառումների ժամանակ՝ հիշեցնելով, որ տարեցները ծերանոցում են, բայց մոռացված չեն:
Նոր Նորքի տուն-ինտերնատում կա մի գրադարան, որտեղ մարդիկ իրենց անտեսված չեն զգում, այստեղ նրանք «հաղորդակցվում են» աշխարհի հետ՝ կտրվելով իրենց անցյալի հիշողություններից եւ հոգսերից: Գրքերի շնորհիվ տարեցները լիցքավորվում են նոր էներգիայով եւ լցվում ապրելու նկատմամբ մեծ սիրով: Ինչպես Սամյուել Սմայսն է ասում՝ գրքերը պատանեկության լավագույն ղեկավարներն են, իսկ ծերության լավագույն ընկերները:
Նոր Նորքի տուն -ինտերնատի բնակչուհի, մտավորական, հրապարակախոս, 84-ամյա Անյա Չոբանյանը վերջերս զանգահարել էր «Առավոտի» խմբագրություն եւ կիսվել ծերանոցի գրադարանի մասին իր տպավորություններով (նա ինտերնատի երկու տարվա բնակչուհի է, «Առավոտի» հրապարակագիրն է, իսկ իր կյանքի ամենավառ հիշողությունները կապված են մեծն Շիրազի բանաստեղծությունների փրկմամբ): Նրա խոսքով, ճիշտ է՝ իր շքեղությամբ ինտերնատի գրադարանը չի մրցակցի ցուցակում թվարկված գրադարաններին, սակայն իր ջերմ մթնոլորտով չի զիջի եւ ոչ մեկին:
Կարդացեք նաև
Այս առիթով զրուցեցինք Նոր Նորքի տուն-ինտերնատի գրադարանավարուհի Նունիկ Սարգսյանի հետ: Նրա խոսքով՝ գրադարանն ունի 5000-ից ավելի գրքեր, որոնցից շատերը բարեգործական հիմունքներով են հատկացվել գրադարանին: Այստեղից օգտվում են 80-ից ավելի ծերեր: Նունիկ Սարգսյանը նաեւ նշում է՝ գրադարանն ունի ընթերցասրահ, որտեղ առկա է 8 հոգու համար նախատեսված գրասեղան, սակայն գրադարանից կարող են օգտվել ավելի մեծ թվով ընթերցողներ. նրանք նախապես գրանցվում են եւ անհրաժեշտ գրքերը տանում իրենց սենյակներ: Հարցին՝ գրադարանից ավելի հաճախ օգտվում են տարե՞ց, թե՞ միջին տարիքի կանայք, Նունիկ Սարգսյանը պատասխանում է՝ տղամարդիկ. «Ծերանոցում տղամարդիկ ավելի քիչ թիվ են կազմում, սակայն նրանք առավել հաճախ են տարվում ընթերցանությամբ»: Իսկ այն հարցին՝ արդյոք դժվարություններ չե՞ն առաջանում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում՝ կապված ընթերցանության հետ, պատասխանում է. «Մենք ունենք հատուկ խոշորացնող սարք, որի օգնությամբ այն տարեցներն, ովքեր ունեն տեսողության խնդիրներ, կարողանում են կարդալ: Բնականաբար, ընթերցասերներն այդ սարքից օգտվում են հերթափոխությամբ»: Որքան էլ զարմանալի է, մեր հարցին՝ ամենից շատ ի՞նչ գրքեր են նախընտրում ընթերցողները, գրադարանավարուհին պատասխանում է՝ ընթերցողներն ավելի շատ նախընտրում են պատմական եւ արկածային գրականություն: «Նրանք շատ են հետաքրքրված պատմությամբ՝ հատկապես հայոց պատմությամբ, ինչն, իհարկե, խրախուսելի է»,- ասում է նա: Նունիկ Սարգսյանը մասնագիտությամբ իրավագետ, դատական փորձագետ է, Նոր Նորքի տուն-ինտերնատում աշխատում է 2004 թվականից: Մեծ է գրադարանավարուհու ներդրումը ծերանոցում հայրենասիրական մթնոլորտի պահպանման հարցում: Ի դեպ, գրադարանավարուհին զինվորի մայր է. միջնեկ որդին ծառայում է Ղարաբաղում, իսկ առաջնեկը ծառայել է Իջեւանում, երրորդն էլ սպա զինվոր է, սովորում է «Մոնթե Մելքոնյանի» ռազմական վարժարանում՝ երրորդ կուրսում, որից հետո ուսումը շարունակելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
Նունիկ Սարգսյանի խոսքով, տարիների ընթացքում հասցրել է մտերմանալ ծերանոցի բնակիչների հետ, ծանոթանալ նրանց պատմություններին, կիսվել նրանց վշտերով եւ ուրախություններով: Հավելում է՝ ընթերցասերների թվում կան բազում տաղանդավոր ու շնորհալի մարդիկ, որոնց ջանքերով հաճախ են նախաձեռնում գրական երեկոներ, միջոցառումներ, հանդիպումներ մտավորականների, հասարակական գործիչների հետ: Նրանք նաեւ նշում են գրեթե բոլոր գրողների տարեդարձները: Իր խորհուրդների միջոցով գրադարանավարուհին օգնում է տարեցներին ընտրել եւ ընթերցել տարբեր գրքեր, որոնք բավարարում են նրանց մշակութային պահանջները: Գրքերից բացի, գրադարանն ապահովված է նաեւ լրագրերով՝ «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Հայոց աշխարհ»: Գրադարանավարուհու խոսքով, ծերանոցի բնակիչները տեղեկատվության պակաս չեն զգում: «Գրադարանն այս տան մեջ մի փոքրիկ տուն է, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է ազատ, սիրով շրջապատված եւ վերացած դառը հիշողություններից»,- ասում է Նունիկ Սարգսյանը:
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ