Երիտասարդ բանաստեղծ Դավիթ Ասատրյանի դիտարկումները
Իտալացի աշխարհահռչակ թավջութակահար Մարիո Բրունելոյի՝ «Առավոտի» հետ զրույցում արտահայտած այն միտքը, թե նոր նախագծեր է իրականացնում եւ հանդիսատեսի հետ կապերի ընդլայնման ճանապարհը տեսնում է խոսքի, երաժշտության, գեղարվեստական կերպարների համատեղման մեջ, առիթ հանդիսացավ 2007թ. հիմնադրված «Սոմա» պոետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բանաստեղծ Դավիթ Ասատրյանի հետ հանդիպման:
Պարզեցինք, որ վերջին գոնե մեկ տարում «Սոմա»-ի բեմելները կրճատվել են, իսկ Ֆեյսբուքում բուռն գործունեություն է ծավալել թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Ասատրյանը՝ ներկայացնելով իր՝ մեկը մյուսի հետեւից ծնվող բանաստեղծությունները: Նշենք, որ գրողն ունի 4 ժողովածու, վերջինը հրատարակվել է 2012թ.՝ «Սիրո երաշտ» խորագրով: Հետաքրքրությանը, թե մի կողմից «երաշտ», մյուս կողմից՝ բուռն գործունեություն, թեեւ պոետին ոգեշնչողը սերն է, մեր զրուցակիցը ասաց, թե Ֆեյսբուքը օգտագործում է իր բանաստեղծությունները տարածելու, ընթերցողին ավելի արագ հասցնելու նպատակով, հետո էլ հավելեց. «Երաշտը բնակլիմայական ծայրահեղություն է, այնքան տաք, որ ամեն ինչ քայքայվում է: Երբեք Երեւանում քայլելիս չեմ լսել արտահայտություն, թե, ասենք՝ ինչ գեղեցիկ է այս ծառը, թուփը կամ աղջիկը…Ամեն քայլափոխի հանդիպում եմ տղաների կողմից արտահայտած ռեպլիկների, որոնց մեջ ներվ կա, բացառապես սեռական բնազդ, այնպես, ինչպես եթե ցուլը խոսեր՝ նույն հնչերանգով, էմոցիայով ու բառապաշարով կարտահայտվեր կովի մասին: Սա ոչ այլ ինչ է, քան ծայրահեղություն»:
Երիտասարդ բանաստեղծը հատուկ շեշտեց, թե քաղաքական խաղերին ու անցուդարձին բացարձակ չի խառնվում, քանի որ այդ դաշտում ոչ մի բան ամուր չէ. «Այսօր մեր հասարակության մտածողությունն ու քաղաքականապես զինված միտքը խառնվել են իրար: Օրինակ, եթե մեր երկրի քաղաքականությանը անհրաժեշտ է, ասենք, անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, ուրեմն իրականացնենք դա: Բայց սա չդարձնենք մտածողություն, ամիսներ շարունակ գովազդենք: Սա բերում է նրան, որ մենք ջուր ենք լցնում ադրբեջանցիների ջրաղացին: Դեռ թքած, թե ջուր ենք լցնում… Ստեղծված իրավիճակում մարդկանց մի զանգված մտածում է, թե էդ ֆիլմերը մեզ պետք չեն, բայց մի ստվար զանգված էլ կարծում է, որ եթե աղմուկ է բարձրանում, գուցե, այնուամենայնիվ, պետք էր ծանոթանալ դրանց…»,- կարծիք հայտնեց գրողը:
Հետաքրքրվեցինք, թե իր հասակակիցների պոեզիան գրավո՞ւմ է իրեն: Դավիթ Ասատրյանը պատասխանեց. «Մեծամասամբ՝ ոչ: Այսօր, իմ համոզմամբ՝ տարեկիցներիցս շատերը մեկ կարեւոր խնդիր ունեն լուծելու, այն է՝ անձի ազատությունը: Սա մշակույթի բոլոր ճյուղերին է վերաբերում: Մի խոսքով՝ ինչ ուզում, անում են, իմ ոլորտում՝ գրում: Արդյունքում՝ ստեղծագործում են բանաստեղծություն՝ հանգավորված հայհոյանքներով: Ի՞նչ է, սա՞ է ազատությունը»…
Հարցին, թե չի՞ պատրաստվում ընդունվել ՀՀ գրողների միության շարքերը, բանաստեղծը պատասխանեց. «Դեռ չեմ պարզել, թե Գարսիա Լորկան ո՞ր միության անդամ էր: Հենց պարզեմ՝ գուցե դառնամ…»:
Դավիթ Ասատրյանի ձեւակերպմամբ՝ հասարակությունը բաժանված է երկու մասի՝ սեւերի ու սպիտակների, բայց, ինչպես ճատրակի տրամաբանությամբ, չենք կարող մի գույնին տալ առավելություն. «Երրորդ գույնի, ասենք՝ կարմիրի անհրաժեշտություն կա: Ժողովուրդն իր քաղաքական լիդերից բացի, ուզում է լսել մտավորականի խոսքը…. Կարմիր ասելով նկատի ունեմ մտավորականներին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ