Velvet Underground խմբի White Light/White Heat ալբոմի լույս տեսնելու 45-ամյակի կապակցությամբ այն կվերաթողարկվի 3 սկավառակից բաղկացած հոբելյանական փաթեթի տեսքով: Այն կներառի 1968-ին թողարկված ալբոմի՝ ռեմասթերինգի ենթարկված մոնո եւ ստերեո տարբերակները: Բացի այդ, դրանում տեղ կգտնեն նախկինում երբեւէ չթողարկված կատարումներ, որոնք չէին ընդգրկվել ալբոմում, որոշ երգերի այլընտրանքային տարբերակներ եւ Ջոն Քեյլի վերջին ստուդիական ձայնագրությունները խմբի հետ: 1967-ի ապրիլի 30-ին Նյու Յորքի Gymnasium-ում կայացած Velvet Underground-ի համերգի ձայնագրությունը կկազմի փաթեթի երրորդ սկավառակը: 45-ամյակի փաթեթը կազմվել է Ջոն Քեյլի եւ Լու Ռիդի աջակցությամբ եւ մասնակցությամբ:
Velvet Underground-ի White Light/White Heat ձայնասկավառակն ամենահակասական եւ ոգեշնչող երկրորդ ալբոմներից է ռոքի պատմության մեջ: Այն ձայնագրվել է Նյու Յորքում 1967-ի ամռան վերջին՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում. մի ժամանակաշրջան, երբ, կարծես, ամեն բան հնարավոր էր ռոքում եւ ամեն ինչ տեղի էր ունենում կայծակնային արագությամբ: Ձայնագրությունը կատարվել է խմբի դասական կազմով, որը բաղկացած էր երգիչ եւ կիթառահար Լու Ռիդից, բաս կիթառահար, ստեղնահար եւ ալտահար Ջոն Քեյլից, կիթառահար եւ բաս կիթառահար Սթերլինգ Մորիսոնից եւ հարվածահար Մորին Թաքերից:
White Light/White Heat ձայնասկավառակը լույս տեսավ 1968-ի հունվարի 30-ին եւ շատ մեծ դժվարությամբ ներխուժեց Billboard ամսագրի ալբոմների չարթերը` 199-րդ տեղով մարտի 18-ին: 45 տարի անց White Light/White Heat-ը համարվում է բոլոր ժամանակների՝ ամենամեծ ազդեցությունը թողած ալբոմներից մեկը, որն այն ձայնասկավառակների թվում է, որոնք հիմք դրեցին փանք եւ փորձարարական ռոքին եւ էապես օժանդակեցին այդ ժանրերի զարգացմանը: Այն բարձր գնահատականի է արժանանում քննադատների կողմից եւ ընդգրկված է մի շարք «լավագույն ցանկերում», այդ թվում Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներ» եւ «Մեծագույն արտիստներ» ցանկերում, որոնք կազմվել են ընթերցողների քվեարկության արդյունքների հիման վրա: 1996-ին Velvet Underground-ն ընդգրկվեց «Ռոք-ն-ռոլի փառքի սրահում»: Մի շարք հանրահայտ խմբեր եւ երաժիշտներ, որոնց թվում են Փաթի Սմիթը, The Stooges-ը, Դեւիդ Բոուին, The Pixies-ը, Sonic Youth-ը, Television-ը եւ շատ ուրիշները, նշել են Velvet Underground-ը որպես նրանց վրա կարեւոր ազդեցություն թողած խումբ: 2013-ի օգոստոսին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Լու Ռիդն այսպես է նկարագրել ձայնասկավառակը. «Ոչ ոք այն չէր լսում: Բայց այն այնտեղ է, ընդմիշտ՝ արտահայտված փանքի կվինտեսենցիան: Եվ ոչ ոք չի կարող դրան մոտենալ»:
Velvet Underground-ի White Light/White Heat ձայնասկավառակի 45-ամյակին նվիրված 3 սկավառակից բաղկացած, 30 կատարում պարունակող հոբելյանական փաթեթը լույս կտեսնի դեկտեմբերի 3-ին:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ