Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ հոգեւորականը բլոգեր է

Հոկտեմբեր 18,2013 12:58

«Շնորհակալ եմ, որ դուք կաք, շատ հետաքրքիր թեմաներ եք քննարկում, փառք Աստծո, վերջապես ես կարողացա հագեցնել իմ հոգեւոր սովը»,- այսպիսի մեկնաբանություններ հաճախ կարելի է կարդալ «Սարկավագագրքում»՝ www.sarkavagagirq.net-ում:

«Տարիներ առաջ, երբ տակավին սարկավագ էի, ցանկացա գեղարվեստական այն ստեղծագործությունները, որ մինչ այդ թղթին էի հանձնել, ներկայացնել նաեւ համացանցային ընկերներիս ուշադրությանը: Ու թեեւ սկզբում շատ խանդավառ չէի բլոգ վարելու նախաձեռնությամբ, այնուամենայնիվ, ամիսներ հետո որոշեցի մատուցել Աստծո խոսքը, մի բան, որ 3 տարի առաջ հաճախ չէիր հանդիպի համացանցում»,-նշում  է բլոգի հիմնադիր տեր Հուսիկ քահանա Սարգսյանը:

Սարկավագի ստեղծած գիրքը՝ «Սարկավագագիրքը», համալրվեց քարոզներով, հոգեւոր հոդվածներով, Աստվածաշնչի մեկնաբանություններով, փոքրիկ ակնարկներով ու գեղարվեստական գործերով, որոնց թիվն այժմ հասնում է 200-ի: Երեք տարվա ընթացքում բլոգը 280.000-ից ավելի  այցելություն է գրանցել:

«Հոգեւոր գրականություն կամ Աստվածաշունչ միշտ չէ, որ կարողանում ենք կարդալ, թեպետ միշտ կարեւոր ու պարտադիր է: Տեր հոր նյութերը հետաքրքիր եւ օգտակար են նրանով, որ մասնագիտական- աստվածաբանական չեն, այլ՝ ավելի շատ պարզ հավատացյալի համար, հոգեւոր գիտելիքները զարգացնող: Այստեղ կարեւորը ներկայացված է մատչելի»,- ասում է բլոգի մշտական ընթերցող Հասմիկ Հովհաննիսյանը:

«Ջանում եմ խոսքս հնարավորինս «դյուրամարս» դարձնել, քանի որ համակարգչի առջեւ նստած մարդը երկար ժամանակ ու համբերություն դժվար թե ունենա»,- նշում է տեր Հուսիկը:

Նրա խոսքով՝ այսօրվա լրատվական հոսքի մեջ, ուր մարդկանց հետաքրքրությունները պտտվում են ինքնասպանությունների, վթարների, այլոց դժբախտությունների, աստղերի ու նրանց բարքերի շուրջ, հոգեւոր խոսքը լսելու անհրաժեշտությունը կա: Ի վերջո, ինչպես Ավետարանն է ասում, «Մարդ ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո բերանից դուրս եկած ամենայն խոսքով»: Բլոգի  մշտական ընթերցող Մարիամ Մարիկյանի խոսքով.

«Բլոգն ինձ տվել է մտածելու, ինքնաքննադատելու, փոխվելու, ավելի լավը դառնալու բազում հնարավորություններ: Բլոգի նյութերը մեծ փոփոխություն են առաջացնում ներսումդ, անգամ տակնուվրա անում, բոլոր սխալներդ աչքիդ առաջ են գալիս…: Այստեղ եւ  խրատներ են, եւ խոսք, եւ սեր…մի խոսքով՝ քրիստոնյայի կերտում, ներսի եւ դրսի ներդաշնակություն…: Նյութերը հուզել, ոգեշնչել ու ապրեցրել են»:

Թեեւ պատահում է, որ մեկնաբանություններում ամբարտավան ու վիրավորական խոսքեր են լինում, սակայն դրանք իրականում ոչինչ են այն ջերմ գնահատականների դիմաց, որ ստանում է բլոգը:

Շատ թեմաներ առաջարկում են հենց նրանք էլ. փոստով կամ ակամայից՝ իրենց հարցերի միջոցով: Երբեմն թեմաներ են ծնվում նաեւ օրվա համացանցային, լրատվական հոսքին հետեւելու շնորհիվ:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կողմնորոշվել համացանցային բազմազան իրականության մեջ, տեր հայրը պատասխանում է. «Եթե մարդը որոշակի հոգեւոր եւ ազգային արժեհամակարգի կրող է. հոգեւոր ասպարեզում բնօրինակը «չինական արտադրանքից» տարբերվում է նույնիսկ հպանցիկ հայացքի դեպքում, միայն թե… Շատերը չեն ճանաչում հենց բնօրինակը, անարատը, դարերով սրբորեն ավանդվածը: Իսկ քանի դեռ չենք ճանաչում մեր Մայր եկեղեցին ու մեր ուղղափառ հավատքի դրույթները, գայլն ու գառն էլ տարբերելը շատ դժվար պիտի լինի…Լավագույն ճանապարհը, այսուամենայնիվ, վիրտուալությունից դուրս գալն է եւ իրական կյանքում, իրական աղոթքով ու իրական գործուն մասնակցությամբ եկեղեցին զորացնելը»:

Նշենք, որ www.sarkavagagirq.net-ը նաեւ ֆեյսբուքյան իր էջն ունի, ուր կարելի է ծանոթանալ բլոգի գրառումներին:

ՄԱՐԻԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031