Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորական էթիկայի մասին

Հոկտեմբեր 18,2013 12:52

Պատգամավորներին շուտով հրամցնելու են էթիկայի կանոնագիր, որպեսզի նրանք իրենց մի քիչ ավելի զուսպ պահեն խորհրդարանի դահլիճում եւ միջանցքում, այդ թվում նաեւ՝ լրագրողների հետ: Ինձ թվում է՝ անիմաստ զբաղմունք է: Որովհետեւ էթիկայի, բարոյականության ցանկացած կանոնագիր ենթադրում է, որ դրա հետ առնչություն ունեցող սուբյեկտները գիտակցում են փաստաթղթում թվարկած նորմերի նշանակությունն ու անհրաժեշտությունը եւ կամավոր  ձեւով պատրաստ են այդ նորմերին հետեւել: Նայեք մեր պատգամավորների մեծ մասի դեմքերին եւ որոշեք՝ արդյոք նրանք համապատասխանո՞ւմ են վերոհիշյալ պահանջներին:

Ինչո՞ւ պատգամավորներն իրար պետք է դիմեն՝ «հարգելի պարոն» եւ «հարգելի տիկին», ինչպես որ առաջարկում է սույն կանոնագիրը: Որովհետեւ այն դեպքում, եթե պատգամավորներն ընտրված են, նրանք ներկայացնում են տարբեր շահեր, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ընտրողներին, որոնք «պատգամել են» օրենսդիր մարմնում բարձրաձայնել իրենց խնդիրները: Այդպիսով՝ ասելով «հարգելի», դուք հարգում եք նաեւ պատգամավորներին խորհրդարան ուղարկած քաղաքացիներին: Եթե պատգամավորները ընտրված են: Բայց եթե նրանք իրենց մանդատները գնել են փողով կամ քծնանքի եւ այլ մեղքերի միջոցով  խցկվել են «անցողիկ» ցուցակներ, ապա նրանք երբեք չեն հասկանա, թե ինչու պետք է իրար անվանեն «հարգելի»: Խնդիրը, հետեւաբար, ոչ թե էթիկան է, այլ այն, որ այդ պատգամավորներն իրենց տեղում չեն:

Ի՞նչ է նշանակում, օրինակ, որեւէ կրթություն չունեցող պատերազմի հերոսին դարձնել գեներալ (այդ կոչումը տալիս են ոչ թե խիզախության, այլ գիտելիքների, հմտությունների համար), բիզնեսմեն եւ պատգամավոր: Նա պետք է նստեր տանը, ստանար շատ բարձր թոշակ, նրան պետք է տանեին զորամասեր, դպրոցներ, որտեղ նա կբացատրեր, թե ինչպես է պետք սիրել հայրենի հողը եւ պաշտպանել այն: Իսկ նրան եւ նրա նմաններին 90-ականների կեսերից դարձրեցին ժողովրդի վրա բռնանալու բութ գործիք եւ որպես «շնորհակալություն» տվեցին այն, ինչին նա արժանի չէ: Մարդուն գցեցին փողի եւ «հաբռգածության» ծուղակը եւ հիմա նրանից ինչ-որ վարքականոն, ինչ-որ էթիկա են պահանջում: Ինքը դրանցից նույնքան հեռու է, որքան պատգամավորական մանդատից:

Եվ այդ գեներալը  վատագույն տարբերակը չէ: Կան մի քանի տասնյակ պատգամավորներ՝ շատ ավելի քիչ արժանիքներով ու ծառայություններով, որոնք ոչ միայն չգիտեն, թե ինչ է նշանակում «էթիկա», այլեւ տեղյակ չեն, թե ինչ տեղ է խորհրդարանը: Բայց եթե նրանց «վերեւից» քսի տան որեւէ մեկի, ենթադրենք՝ Զարուհի Փոստանջյանի վրա, նրանք, իհարկե, կակտիվանան. «Հա, նա թուրք ա՝ նրան պետք ա մորթել»:

Այնպես որ՝ սկզբում պետք է ունենալ պատգամավորներ եւ հետո միայն՝ պատգամավորական էթիկա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ռուզան Սահակյան says:

    Սարսափելի հետաքրքիր է, թե կոնկրետ ինչ կանոններ են լինելու գրած: Ասենք՝ արգելվելո՞ւ է, որ ԱԺ նախագահն ամբողջ Ազատ գետն իրենով չանի, այլ մեկ-մեկ էլ ջուր թողնի հասարակ արտաշատցի գյուղացիներին:

  2. Hakob says:

    լիբերալները յոթ ա երգ գիտեն, յոթն էլ սկանդալիստ Զարուհի Փոստանջյանի “պաշպանության” մասին է: 🙂

  3. գոհար says:

    Քիչ օրենքներ կան գրված?Սրանք /կներեք,ուրիշ բառ չունեմ/ ոչ օրենք գիտեն,ոչ էլ ուզում են իմանալ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031