Այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը «Բլից Ինֆո» մամուլի ակումբում անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը՝ ասաց, որ պետք է այս թեման ուշադրության կենտրոնում պահել, որ հետո ուշացած հարցումներ չանեն քաղաքապետարանին, թե ով որոշեց թանկացնել, երբ, ինչու:
«ՀՀ վարչական դատարանին ինչ-որ մի տեղից ասվել է գործ չընդունել, դրա համար էլ դատարանը մերժեց մեր հայցը»,- վստահեցրեց պարոն Սաֆարյանը,- «Այն, ինչ տեղի է ունենում տրանսպորտի սակագնի հետ կապված, պիտի մտահոգի բոլորիս: Սա տրանսպորտային հանցագործություն է, որի մասնակիցն են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումները, սրա մասնակից են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, տրանսպորտի հարցերով քաղաքապետի խորհրդականը, Վարչական դատարանը, որը թույլ է տալիս կոծկել տեղի ունեցած հանցագործությունը»:
Նա տեղեկացրեց, որ մյուս շաբաթ իրենց դիմումը կուղարկեն արդարադատության խորհրդին՝ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար:
Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ «Ապշելու բան է, որ ՀՀ դատավորը կարող է նման ոճով որոշում կայացնել: Դատավորի պահվածքը ցույց է տալիս, որ նա ուղղակի պատվեր է կատարել»:
Կարդացեք նաև
Նա զգուշացրեց, որ եթե Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանը նույն կերպ վարվեն եւ չընդունեն գործը, իրենք այն ուղարկելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Սա արդյունք է, որ ՀՀ իշխանությունները տեղ չեն թողել: Դատավորն ասում է, թե քաղաքացիները հատ առ հատ կարող են գալ բողոքել, բայց դու մի մտիր մատի եւ մատանու արանքը: Մենք պիտի լիազորագիր բերենք ՀՀ բոլոր քաղաքացիներից, որ իրենց շահերն ենք ներկայացնում դատարանում»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ եթե դատավորը «վերեւների» պատվերն է կատարում, ապա ինչո՞ւ եք դիմում արդարադատության խորհուրդ, այդ խորհուրդն այնքան անկախ է, որ կարգապահական վարո՞ւյթ կհարուցի «վերեւների» պատվերը կատարող դատավորի նկատմամբ՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Մեր նպատակն է սպառել ՀՀ բոլոր ներքին ատյանները: Մեր պարտականությունն է անել այն, ինչ կարող ենք անել այստեղ: Մի քանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքեր եղել են: Ես չգիտեմ ինչու են որոշել այդ դատավորների նկատմամբ այդ պահին ատամները սրել, այնուամենայնիվ, ուզում եմ հնարավորություն տալ, որ գոնե մեկ անգամ հասկանան, որ իրենք ժողովրդի սպասարկողն են, ոչ թե իշխանությունների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ