Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի դպրոցականները բողոքում են հայի և գնչուհու արտաքսման դեմ

Հոկտեմբեր 18,2013 12:41

«Ազատություն» ռադիոկայանՓարիզում սովորող 19-ամյա Խաչիկ Խաչատրյանը անցած շաբաթ օրն է արտաքսվել Հայաստան:

Փարիզում և Ֆրանսիայի այլ բնակավայրերում հազարավոր դպրոցականներ բողոքի ձայն են բարձրացրել հայազգի Խաչիկ Խաչատրյանին և գնչուհի Լեոնարդա Դիբրանիին երկրից արտաքսելու իշխանությունների որոշման դեմ:

Փարիզում սովորող 19-ամյա ուսանող Խաչիկ Խաչատրյանը անցած շաբաթ օրն է արտաքսվել Հայաստան, իսկ 15-ամյա Լեոնարդա Դիբրանին արտաքսվել է հոկտեմբերի 9-ին, հիմա նրա ընտանիքը բնակվում է Կոսովոյում:

France-Presse լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նրանց արտաքսելու դեմ հինգշաբթի օրը հազարավոր դպրոցականներ ու ուսանողներ էին դուրս եկել բողոքի ակցիաների, արգելափակել դպրոցների մուտքերը, համերաշխության կոչեր արել: «Հետ բերեք Խաչիկին ու Լեոնարդային, նրանք տեղացի են», – բացականչել են երթի դուրս եկած դպրոցականները՝ երգելով ու տանելով պաստառներ, պահանջելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հրաժարականը:

Ըստ կրթության ոլորտի տեղական պաշտոնյաների՝ Փարիզի շուրջ 20 դպրոցներում դասընթացները խաթարվել են, բողոքի ակցիաներ են անցկացվել:

Մայրաքաղաքից դուրս ևս բողոքի ակցիաներ են անցկացվել, մասնավորապես՝ Ֆրանսիայի հարավում, Մանդ քաղաքում շուրջ 100 դպրոցականներ ցույց են անցկացրել այսպիսի կարգախոսով՝ «Լեոնարդան դասարան չի գնում, մենք ևս հրաժարվում ենք դասարան մտել»:

Խիստ քննադատվում է Լեոնարդային բերման ենթարկելու գործողությունը, քննադատողները նշում են, որ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել․ հոկտեմբերի սկզբին դպրոցական էքսկուրսիայի ժամանակ նրան ուժով դուրս են բերել դասընկերներով լիքը ավտոբուսից, այնուհետև ծնողների և հինգ քույրերի ու եղբայրների հետ արտաքսել երկրից: Նրա ընտանիքը արդեն չորս տարի անօրինական բնակվում էր Ֆրանսիայում:

Ներքին գործերի նախարարը քննություն է սկսել, բայց միայն այն բանից հետո, երբ հարցը բարձրացրել են ոչ կառավարական կազմակերպությունները:

Ոստիկանության և ուսուցիչների պնդումներով՝ Լեոնարդային մյուս աշակերտների ներկայությամբ չեն բերման ենթարկել:

Դպրոցականներին արտաքսելը հարցեր է առաջացրել Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականության նկատմամբ, իշխող Սոցիալիստական կուսակցության ներսում ևս տարաձայնություններ է առաջացրել:

Ընդդիմադիր որոշ պատգամավորներ պաշտպանում են իշխանությունների գործողությունները՝ համարելով, որ եթե անօրինական բնակվողները չարտաքսվեն երկրից, ինչպես ուզում են դպրոցականները և որոշ քաղաքական գործիչներ, ապա դա վտանգավոր ուղերձ կլինի, դա կընկալվի, որ Ֆրանսիան ողջունում է անօրինական ներգաղթը: Բայց իշխող Սոցիալիստական կուսակցության անդամները խիստ քննադատել են կառավարությանը, մասնավորապես՝ ներքին գործերի նախարարին:

Ներքին գործերի նախարար Մանուել Վալսը ծնվել է Բարսելոնայում, նա Ֆրանսիա է տեղափոխվել 20 տարեկան հասակում:

Ֆրանսիայից արտաքսված դպրոցական Լեոնարդա Դիբրանին Կոսովոյի Միտրովիցե քաղաքից հարցազրույց է տվել մամուլին ու խնդրել, որ թույլատրեն վերադառնալ Ֆրանսիա և շարունակել ուսումը:

Հրաչ Մելքումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031