Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հյուսիսային ծիածան

Հոկտեմբեր 18,2013 12:21

Էս պահին Հայաստանի Հանրապետություն կոչվող մեր հայրենիքում չափազանց անորոշ վիճակ է` քաղաքական, տնտեսական, սոցիալական և մի շարք այլ առումներով:

Ասվածն ուղղակիորեն վերաբերում է Մաքսային միությանն ու տվյալ միության հետ իրենց բախտն ու ապագան կապած Հայաստանի և մյուսների միանգամայն անորոշ հեռանկարին:

Եթե նախկին ոգևորությունն ու նախկին էնտուզիազմը լիներ, էս օրերի անորոշությունը կարելի կլիներ համեմատել Հայաստանի վերջին անկախության առաջին տարիների անորոշության հետ, բայց 90-ականների սկզբներին Հայաստանի քաղաքացիների մեծ մասի մոտ բավական ոգևորություն կար, ինչպես նաև` հույս, և չնայած մենք սիրում ենք տեղին ու հիմնականում անտեղի հիշել պատերազմի տարիների ցուրտն ու մութը, նույնիսկ պատերազմի տարիներին մեր ժողովրդի ոգևորությունն ու հույսերը դեռևս կային ու դեռևս չէին մարել:

Մաքսային միության ու այդ միության հեռանկարի հետ կապված` Հայաստանում միայն կոմունիստներն են իրենց դիրքորոշումը հստակորեն արտահայտել: Մյուս կուսակցություններն ու կուսակցականներն առայժմ անորոշ խաղեր են տալիս` հավանաբար ինչ-որ իրադարձությունների սպասելով, որպեսզի վերստին իրադարձությունների հետևից գնան:

Այսինքն, կյանքը վերստին ցույց է տալիս, որ մեր քաղաքականները չափազանց իրադարձային ու չափազանց պատեհապաշտ են, և մեջներից անկեղծն, այնուամենայնիվ, կոմունիստներն են, և անկեղծությունից զուրկ են հատկապես մեր էն ընտրողները, որոնք օրուգիշեր խորհրդային կարոտախտի մեջ տապակվելով` ընտրությունների օրը գնում ու ցանկացած կուսակցության ձայն են տալիս` կոմունիստներից բացի:

Վերադառնալով Հայաստանի կոմունիստների անկեղծությանը` պիտի նաև նշեմ, որ Հայաստանի կոմունիստների գաղափարական անկեղծությունը տվյալ կուսակցության անփոփոխ գաղափարների գոյության ու առկայության հետևանքն է, և Մաքսային միության մեջ Հայաստանի ընդգրկման հեռանկարը ողջունելով` Հայաստանի կոմունիստները մի անգամ ևս ապացուցում են, որ իրենց համար սոցիալիզմ և Ռուսաստան հասկացությունները նույնական են, և սոցիալիզմի տեսլականն իրենք միայն ու միայն Ռուսաստանի ու հյուսիսի երկնակամարում են մշտապես փնտրում ու գտնում:

Ճիշտ թե սխալ, լավ թե վատ` սա Հայաստանի կոմունիստների դիրքորոշումն է: Իսկ ինչո՞վ են այս օրերին զբաղված Հայաստանի առավել երևելի կուսակցությունները, որոնք կոմունիստներից անհամեմատ բարձր վարկանիշ ունեն, ներառյալ նաև նրանք, որոնք, ի տարբերություն կոմունիստների, Ազգային ժողովում էլ են լիքը տեղեր զբաղեցնում, և Ազգային ժողովն ու Հայաստանի ողջ քաղաքական դաշտը զբաղեցնելով` առավոտից իրիկուն քաղաքական ու ներքաղաքական իմաստակությամբ են զբաղված, ինչպես նաև էն ամենով` ինչը փող է բերում: Եվ էդ ամենից ազատ ժամերին հայրենասիրությունից ու հիմնականում ցեղասպանությունից են խոսում, որովհետև մեր օրերում նույնիսկ հայրենասիրությունն է եկամտաբեր զբաղմունք դառել: Եվ քանի որ մերօրյա կոմունիստները հայրենասիրական իմացությամբ առանձնապես չեն փայլում, ստիպված իրենց գաղափարներն են շեփորում, և չնայած իրենց գաղափարները բավական հնացած են, իրենք Մաքսային միության առիթից օգտվելով` փորձում են իրենց գաղափարներին արդիական շունչ հաղորդել:

Իսկ մյուս առավել վարկանիշային կուսակցություններն ու գործիչներն առավել ընդհանուր բաներ են խոսում, և նույն Մաքսային միության մասին բարբառելով` էդ միության մասին կոնկրետ ու էական բան չեն ասում, որպեսզի հանկարծ չսխալվեն:

Որպեսզի ամենավերջում ասեն. « Բա որ ասում էի՞նք»:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Լուսանկարը՝ https://eurasianews.md

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031