Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչու ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարությամբ չարձագանքեցին Զորի Բալայանի նամակին

Հոկտեմբեր 18,2013 11:32

Երեկ փորձել ենք քաղաքական ուժերից ճշտել, թե ինչու, այդուամենայնիվ, քաղաքական հայտարարություններով հանդես չեկան Զորիի սկանդալային նամակի կապակցությամբ։

«Բայց ինչո՞ւ պետք է քաղաքական հայտարարությամբ հանդես գայինք»,– հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը։

Նա երկար բացատրում էր, թե տարբեր հանրապետականներ իրենց անձնական տեսակետն այս ընթացքում հայտնել են, իսկ քաղաքական գնահատականով հանդես գալու անհրաժեշտություն չկար, քանի որ նամակը, ըստ Սահակյանի, իրավական որեւէ ուժ չունի։

Այսինքն, ՀՀԿ-ն առանձնապես չի կարեւորե՞լ Զորի Բալայանի նամակը՝ հարցին Սահակյանը պատասխանեց. «Ցանկացած հարցի շուրջ կարելի է պրովոկացիոն հարցադրում անել։ Ես նշում եմ այն, ինչ կա։ Մի շարք այլ հարցեր էլ կան, որ ՀՀԿ-ն կարեւորում է, բայց չի արձագանքում։ Օրինակ՝ մենք շատ կարեւորում ենք քաղաքացիական հասարակության կայացումը, զարգացումը, գործունեությունը։ Բայց ոչ միշտ է լինում չէ՞, որ մենք արձագանքում ենք։ Ինչու չէ, մենք նաեւ նկատում ենք, տեսնում ենք, գնահատում ենք եւ այլն։ Հիմա, քանի որ այս նամակը իրավական հարթության մեջ չէ եւ այնպես չէ, որ այդ մտքերը վաղը տեղ են գտնելու բանակցային գործընթացում, ԱԺ են մտնելու օրենսդրական ինչ-որ տեքստ ստացած, մենք դա չենք քննարկի, հետո էլ գնահատականներ տանք։ Այսինքն, ի՞նչ իմաստ ունի, որ դրա համար ՀՀԿ-ն՝ որպես քաղաքական միավոր միասնական հայտարարությամբ հանդես գա»։

Երբ հիշեցրինք, որ տվյալ մարդը խոսում է Ղարաբաղը Ռուսաստանի մաս կազմելու մասին, Սահակյանն արձագանքեց. «Բայց այդ մարդը այս երկրի ո՞վն է, ԱԺ նախագա՞հ է, վարչապե՞տ է, ՀՀ նախագա՞հ է, Հանրային խորհրդի ղեկավա՞ր է, առաջարկու՞մ է, մտցնում է ՀԽ քննարկմա՞ն, ԱԳ նախարա՞ր է, ԼՂ նախագա՞հ է, ո՞վ է այդ մարդը»։

Այն բանին, որ տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ կարեւոր իրադարձությունից առաջ այս նամակով փորձ է արվում զոնդաժ անել, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Դա ընդամենը տպավորություն է»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խիստ զարմացավ մեր հարցադրումից։ «Ես զարմանում եմ, ինչո՞ւ պիտի ԲՀԿ-ն հատուկ քաղաքական հայտարարություն աներ մի մարդու՝ մեկ այլ մարդու գրված նամակի կապակցությամբ։ Եթե ձեզ հետաքրքրում է նամակում առկա ազգային պետական հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը, ապա այն հայտնի է։ Հիմա դուք սպասում եք, որ քաղաքական կուսակցությունը հայտարարություն անի նամակ գրելու համա՞ր»:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031