Քանի որ ժողովուրդը «լավ» լուրերի չի հավատում, նախարար Արմեն Երիցյանի սխրանքն անհաջող PR քայլ թվաց շատերին։ «Ֆեյսբուքում» պտտվողները սրամտելու թեմա ստացան։
Նույնիսկ ֆոտոկոլաժ տեղադրեցին «Zorro-ի նոր արկածները Երեւանում» վերնագրով, որում հրազդանցի Վարդանը պատկերված էր հայտնի հերոսի դիմակով ու բեղիկներով։
Կասկածողների տրամաբանությունը հետեւյալն է. ինքնասպանի դեմքին դիմակ է, ուրեմն նա իսկական ինքնասպան չէ, որին պետք է որ միեւնույն լինի՝ իր դեմքը կտեսնեն, թե ոչ։ Այլ՝ շոումեն է, որը պատրաստվում էր նկարահանվելու, հետեւապես, այս ամենն էժան թատրոն էր, եւ Արմեն Երիցյանն ընկավ մեր աչքից։
Բնականաբար, շոուի հիմնական բեմադրիչ համարեցին նախարարի մտապատկերի վրա աշխատողներին եւ նրանցից գլխավորին՝ ԱԻՆ մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանին, քանի որ տեսանյութը տեղադրված էր ԱԻՆ պաշտոնական կայքում։ Երեկ, երբ զանգահարեցինք Նիկոլայ Գրիգորյանին, նա նոր էր կարդացել այդ մեղադրանքները եւ զայրացած էր։ Նա իր անվան շահարկումները «պահպանակություն» անվանեց։
Կարդացեք նաև
Ըստ նրա, նկարահանումները կատարել է ոչ թե ԱԻՆ նկարահանող խումբը, այլ «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Դիանա Գրիգորյանի վարորդը, որը պատահական անցնելիս է եղել կամրջով։ «Սա է պատճառը, որ տեսանյութը ցույց տվեց միայն «Արմենիան» եւ ոչ մյուս հեռուստատեսությունները։ Եթե մենք նկարած լինեինք, ապա կտարածեինք այն բոլոր ալիքներով։ Մեր աշխատակիցն ընդամենը տեսել է, որ այդ տղան նկարում է, եւ վերցրել է նրա հեռախոսահամարը»։ «Արմենիայի» վարորդն իր մշտական ճանապարհով է անցնելիս եղել՝ Դավթաշենի կամրջով։ Սա նաեւ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի մշտական երթուղին է՝ կառավարությունից նախարարություն, եւ, ըստ Գրիգորյանի, նա վերադառնալիս է եղել կառավարությունից եւ, որպես բարեխիղճ նախարար, կամրջի վրայով անցնելիս ուշադիր կողքերն է նայել։ Պետք է ընդունենք, որ ամեն օր մեկի ինքնասպանության մասին լուր ստանալով, նույնիսկ հասարակ քաղաքացիներն են կամուրջների վրայով անցնելիս շուրջները նայում, էլ ուր մնաց ԱԻ նախարարը, որի համար նման դեպքերն աշխատանքային առօրյա են։
… Հարցին, թե հնարավո՞ր է, որ հրազդանցի Վարդանն ինքն էր կազմակերպել «ինքնասպանությունը» եւ զանգը փրկարարներին՝ փող աշխատելու նպատակով, նա պատասխանեց, որ զրուցել է երիտասարդի հետ եւ չունի այդպիսի տպավորություն։
Նաեւ հերքեց, որ երիտասարդի վրա թանկարժեք հագուստ էր։ «Հիմա կարո՞ղ է լրագրողներն այնքան ընկնեն հետեւից, որ այդ տղան նորից գնա ինքնասպան լինի»,- նեղսրտեց Գրիգորյանը։
Այնուամենայնիվ, տեսանյութն ուսումնասիրելիս պարզ երեւում է, որ հրազդանցի «հերոսն» իրեն լավ տիրապետում է, նրա ձայնը չի դողում, հուզված չէ, հեշտությամբ ցատկում է կամրջի եզրաճաղերից այս կողմ:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում