Ադրբեջանը իսկական հիստերիա է բարձրացրել Ռուսաստանում իր քաղաքացու՝ Օրհան Զեյնալովի ձերբակալության կապակցությամբ։ Զեյնալովը մեղադրվում է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ռուս երիտասարդի՝ 25-ամյա Իգոր Շչերբակովի սպանության մեջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բավականին խիստ նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին, բողոքելով Օրհան Զեյնալովի նկատմամբ բռնություններ կիրառելու եւ առանց դատարանի վճռի նրան լրատվամիջոցներում որպես մարդասպան ու հանցագործ ներկայացնելու համար։
Իսկ ահա Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիր Սուլեյմանովան հայտարարել է, թե ոուսաստանյան լրատվամիջոցների հաղորդումներից երեւում է, որ Ադրբեջանի քաղաքացուն ձերբակալելիս հատուկ ջոկատայինները ոչ համարժեք ուժ են կիրառել, նրան մարմնական վնասվածքներ են հասցվել եւ ենթարկել արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի, ինչից հետո նա տեղափոխվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի աշխատասենյակ եւ նախարարին ներկայացվել արժանապատվությունը վիրավորող տեսքով։
Օմբուդսմենը նաեւ բողոքել է, որ Ադրբեջանի քաղաքացուն փաստաբան եւ թարգմանիչ չի տրամադրվել եւ խախտվել է նրա անմեղության կանխավարկածը։ Սուլեյմանովան ռուսական կողմին մեղադրել է ադրբեջանցու հանդեպ ազգային հատկանիշներով անթաքույց խտրական վերաբերմունք ցուցաբերելու մեջ։
Զեյնալովի պաշտպանությամբ հայտարարություն է տարածել նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը եւ այլ կառույցներ։ Նման աջակցության պայմաններում Զեյնալովը, որը ընդունել էր Իգոր Շչերբակովին սպանելու փաստը, այժմ հերքում է դա։
Կարդացեք նաև
Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարել է, որ Շչերբակովին սպանելու ցուցմունքը Զեյնալովը տվել է կտտանքների ու ճնշումների ներքո, ուստի այդ ամենը չի կարող իրավական ուժ ունենալ։
Փորձագետների գնահատմամբ, այս ամենից հետո չի բացառվում, որ Ադրբեջանի իշխանությունները նաեւ հասնեն իրենց քաղաքացու էքստրադիցիային եւ սովորության համաձայն արդարացնեն եւ ազատ արձակեն նրան։
Հուլիսի 13-ին Մոսկվայում՝ Պոդոլսկ թաղամասում, Հայաստանի քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցավ դժբախտ դեպք։ Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ»-ը բախվեց քաղաքային ավտոբուսին, ինչի հետեւանքով 17 մարդ զոհվեց։
Հրաչյա Հարությունյանին ՌԴ իրավապահները դատարանի դահլիճ տարան տղամարդու արժանապատվությունը վիրավորող տեսքով՝ կանացի խալաթ հագցրած եւ հենց այդ տեսքով էլ պարբերաբար ցուցադրում էին ռուսաստանյան լրատվամիջոցներով։
Միտումնավոր շեշտում էին նրա հայ լինելը եւ հակահայկական հիստերիա սերմանում Ռուսաստանում։
Հայաստանի ԱԳՆ-ն նոտա չհղեց Ռուսաստանին, Հայաստանի նախագահի աշխատակազմը լռեց, Հայաստանի օմբուդսմենը գոլ հայտարարություն արեց, եւ սկսեց կապի դեր կատարել Հրաչյա Հարությունյանի կեցության եւ առողջության մասին գոնե որեւէ տեղեկություն ստանալու համար։
Ու այդպես մինչ օրս։ Այս ընթացքում Հրաչյա Հարությունյանը առողջական խնդիրներ ունեցավ, ու առավելագույնը, որ պետությունն անում է ակամայից դժբախտության մեջ հայտնված իր քաղաքացու համար, օմբուդսմենի ինստիտուտի միջոցով ռուսական բանտի կլյուչնիկների հետ կապ պահպանելն է։
Համեմատությունն առավել քավ խոսուն է։ Համեմատությունը Հայաստանի օգտին չէ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Բա ի՞նչ էիք սպասում սրանցից, սրանք ընդամենը անողնաշարներ են, մակաբույծ-վնասատուներ….