Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՊ»-ի ղեկավար. «Մի 50-100 տարի էլ պիտի սպասես, որ քո ապրանքը եվրոպացիները ճանաչեն»

Հոկտեմբեր 18,2013 10:29

Չնայած այն բանին, որ առաջին իսկ օրերից հայ գործարարները մեծ ցնծությամբ ընդունեցին Մաքսային միությանն անդամակցելու լուրը՝ դա ընկալելով որպես ռուսական մեծ շուկայում իրենց ապրանքներն ավելի դյուրին ու մեծ շահույթով ռեալիզացնելու հնարավորություն, այդուհանդերձ, այսօր էլ նրանք կոնկրետ չեն կարողանում բացատրել, թե ինչ արտոնություններ են ստանալու ՄՄ անդամակցությունից։

Խմիչքներ եւ պահածոներ արտադրող «ՄԱՊ» ընկերության գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ, հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն այսօր էլ պնդում է, որ դա միայն դրական է անդրադառնալու կոնկրետ «գյուղմթերք վերամշակող» բիզնեսի վրա, ռուսական շուկայում իրենց արդեն ճանաչում են, իսկ եվրոպական շուկա մուտք գործելու, այնտեղի սպառողին իրենց արտադրանքը ներկայացնելու համար իրենց տասնյակ տարիներ եւ միլիոնների ներդրումներ են պետք։

«Մեր գյուղմթերքների շուկան անկախության հռչակումից ի վեր եղել է միայն ռուսական շուկան։ Ավելին ասեմ՝ Ռուսաստանն արդեն իննսուն տարի ճանաչում է հայկական խմիչքը, ռեկլամի խնդիր չկա՝ ի տարբերություն Եվրոպայի»,- ասում է Պետրոսյանն ու վստահեցնում, որ ամբողջ Հայաստանն «իր բիզնեսների» 90 տոկոսն արտահանում է Ռուսաստան։ Ճանաչելիությունից բացի, հարկային արտոնություններ կլինե՞ն։ «Դե, հարկը մի հարկ ա, տարբերություն չկա, եթե ԱԱՀ ես վճարում, էդ հարկը պետք է դու վճարես։ Մանրամասն տեղյակ չեմ, գիտեք՝ ԱԺ-ն դեռ պետք է 50 օրենք ընդունի դրա վերաբերյալ, մենք էլ պիտի աշխատենք, որ Հայաստանը շահավետ վիճակում հայտնվի»։

Թե ինչու է պատգամավորն առանց մանրամասներին ծանոթանալու պնդում, որ ՄՄ-ին անդամակցությունը դրական ազդեցություն է ունենալու իր բիզնեսի վրա, Պետրոսյանը պատասխանում է. «Որովհետեւ, երբ եվրոպական 27 պետություններ մտան մի տնտեսական գոտի, մի ընդհանուր մաքսային սահման ունեն, մենք տեսանք, թե ինչքան լավ եղավ, չէ՞ (խոսքը ԵՄ-ի մասին է), ո՞վ չի ուզենա, որ մեծ՝ 150 մլն-անոց շուկայում ինքն էլ լինի։ Տնտեսական մեկ ընդհանուր շուկայում գտնվելով, այլեւս տարբերություն չի լինի՝ Հայաստանո՞ւմ ես արտադրում, թե՞ Ռուսաստանում, ոչ թե հիմա՝ տամոժնի, թույլտվություն, թույլատրել՝ մտնի, թե չմտնի, մեր սերտիֆիկատ եւ այլն, այն ժամանակ գործելու է մի օրենք բոլորի համար»։

Իսկ եթե հետագայում ընդհանուր դրամային միավորի գոտում հայտնվենք, ինչի մասին արդեն խոսվում է, այդ ժամանակ ինչպե՞ս պետք է կարգավորվի։ «Մի քիչ վաղ է դրա մասին մտածելը»։

Ինչ վերաբերում Է եվրոպական կես միլիարդանոց որակյալ շուկային, որտեղ Հայաստանը կարող էր անարգել մուտք ունենալ, եթե ստորագրվեր Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի

պայմանագիրը, ապա, պատգամավորի համոզմամբ, դա ավելի

անհեռանկարային է։ «Դրա համար առնվազն մի 50-100 տարի էլ պիտի սպասես, որ քո ապրանքը եվրոպացիները ճանաչեն»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031