Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հոկտեմբեր 18,2013 10:25

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քսանչորսերորդ

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Եվ Հայկունին նորից հարցրեց՝ «ախր էդ աղջիկը ո՞նց կարար հինգ օրում ֆիզարձակուրդից վերադառնար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ հավատալու բան չի», եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «ինչի որ Անանիան քաղծառայողի էդ զադից հիսուն հատ գերազանց ա ստացել, էդ հավատալու բան ա՞», եւ Անանիան թախծոտ ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ոչ թե հիսուն, այլ՝ քառասունութ», եւ Արիկը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «իբր ինքը քիչ ա գերազանց ստանում, մի բան էլ դու ես ավելացնում», եւ Հայկունին թարս նայեց Արիկին ու հարցրեց՝ «հիմի մարդավարի պատմելո՞ւ ես, թե՝ չէ», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «այսինքն, ո՞նց մարդավարի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդավարի, սովորական ձեւով պատմի», եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «որ սովորական պատմություն չի, ո՞նց սովորական ձեւով պատմի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու զարմացած ասաց՝ «չեմ հասկանում՝ թե ինչի ա էդ աղջիկը հինգ օրվա մեջ ֆիզարձակուրդից վերադարձել», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե իրա կամքով ա ֆիզարձակուրդից վերադարձել, այլ շեֆն ա ստիպել, որ վերադառնա», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «շե՞ֆն ինչի ա ստիպել», եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «Անանիան էդ հինգ օրն էնքան ուժեղ ա աշխատել, որ շեֆը մտածել ա՝ եթե էս տղեն էս տեմպով շարունակի, վաղը հաստատ իմ տեղը կնստի», եւ Անանիան մեղավոր ժպտալով ասաց՝ «որ նախարարին տարեկան ծրագիր  ներկայացրի, դրանից հետո էդ վարչության պետի սիրտն իսկականից վախ ընկավ», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «էդ  վարչության պետից թաքուն ե՞ս նախարարին տարեկան ծրագիր ներկայացրել», եւ Անանիան զարմացած ասաց՝ «կարող ա՞ իրան պիտի ատչյոտ տայի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ամեն ինչ պարզ ա», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «խեղճն իսկականից վախեցել ա, որ Անանիան իրա տեղը կգրավի», եւ Անանիան թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «լա՜վ խեղճ ես գտել», եւ Ժուդեքսը փռթկացնելով ասաց՝ «էդ շեֆի տեղն ով էլ ըլներ՝ կվախենար» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «լավ աշխատողից ո՞վ չի վախենում», եւ Անանիան խորամանկ ժպտալով Ժուդեքսին հարցրեց՝ «դրա համա՞ր ինձ հայցվոր չես ձեւակերպում», եւ Ժուդեքսը զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ» եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «ձեր ինստիտուտում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ ձեր ամբիոնում», եւ Ժուդեքսը զարմացած հարցրեց՝ «ինձ ե՞րբ ես ասել, որ ուզում ես հայցվոր ձեւակերպվես», եւ Անանիան ներողամտորեն ժպտալով ասաց՝ «մի քանի անգամ ասել եմ» եւ Ժուդեքսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հիշում», եւ Անանիան ներողամտորեն ժպտալով Ժուդեքսին ասաց՝ «քյասար չեմ ասել, բայց մի քանի անգամ նամյոկներով հասկացրել եմ», եւ Բարդուղը ժպտալով Անանիային  ասաց՝ «ամոթ չի՞, որ իրար հետ նամյոկներով եք խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հազար տարվա ընկեր եք», եւ Անանիան ժպտալով Բարդուղին ասաց՝ «իմիջիայլոց, ես ու դու ավելի հին ընկեր ենք, պարոն Բարդուղ», եւ Բարդուղը  ժպտալով Անանիային ասաց՝ «էդ իմ համար շատ մեծ պատիվ ա, Անանիա ջան», եւ Անանիան ժպտալով Բարդուղին ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ ձեր ամբիոնում էլ ա հնարավոր հայցվոր ձեւակերպվել», եւ մինչ անակնկալի եկած Բարդուղը կմտածեր՝ ինչ ասեր, Ջավախյանը փռթկացնելով Անանիային ասաց՝ «կարող ա՞ Բարդուղը գելի սիրտ ա կերել, ադա», եւ Անանիան զարմացած նայեց Ջավախյանին ու ասաց՝ «այսինքն», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «հենց որ քեզ հայցվոր ձեւակերպի, հաջորդ օրը ռեկտորին տարեկան ծրագիր կներկայացնես», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ տարեկան ծրագիր», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «Բարդուղի ամբիոնի տարեկան ծրագիրը», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «չեմ հասկանում՝ ինչ սխալ բան եմ արել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սխալդ էն ա, որ էդ տարեկան ծրագիրդ սկզբում պիտի էդ վարչության պետին ներկայացնեիր,  հետո նոր ինքը կներկայացներ նախարարին», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին  հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ սկզբում վարչության պետին չեմ ներկայացրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ենթադրում եմ», եւ Անանիան Ջավախյանին ասաց՝ «սխալ ես ենթադրում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «սկզբում իրան ներկայացրի, բայց ինքը թեթեւակի աչքի անցկացրեց ու նկատողություն արեց», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ նկատողություն», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «ասեց՝ աշխատանքային ժամերին էս տեսակ ավելորդ բաներով մի զբաղվեք, պարոն Մաղաքյան», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «ա՜յ քեզ լկտի՜», եւ Ջավախյանն Անանիային հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ ասեցիր», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ի՞նչ պիտի ասեի. էդ ծրագիրս վերցրի ու մտա նախարարի մոտ», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բա նախարա՞րն ինչ ասեց», եւ Անանիան ասաց՝ «նախարարը թեթեւակի աչքի անցկացրեց ու շատ հարգալից տոնով ասեց, որ մանրամասն կծանոթանա, հետո նոր կհանդիպենք ու կզրուցենք», եւ Ջավախյանը  փռթկացնելով հարցրեց՝ «զրուցեցի՞ք», եւ Անանիան թախծոտ  ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շաբաթն ուրբաթից շուտ էկավ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ վարչության պետի դուրը չէր էկել, որ առանց իրան տեղյակ պահելու՝ մտել եմ նախարարի մոտ», եւ Ջավախյանն Անանիային  հարցրեց՝ «ինքն ասե՞ց, որ դուրը չի էկել», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես եմ ենթադրում, որ դուրը չի էկել», եւ Արիկն ասաց՝ «պարզ ա, որ դուրը չէր գա» եւ մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «տնաշեն, գոնե սպասեիր՝ հրամանդ տային, հետո նոր մինիստրի մոտ կմտնեիր», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի ճիշտ ես ասում», եւ Արիկն ասաց՝ «ոչ թե երեւի, այլ հաստատ ճիշտ եմ ասում» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «մի քանի օր կհամբերեիր, հրամանդ կտային, հետո նոր կմտնեիր մինիստրի մոտ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «գործի շահերը պահանջում էին, որ  շուտ մտնեի մինիստրի մոտ»,  եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գործի շահեր», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ծրագիրս համ էլ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանն էր վերաբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ տոնակատարությանն ընդամենը ամիսուկես էր մնացել», եւ Արիկը ժպտալով Անանիային  ասաց՝ «փաստորեն, էդ տոնակատարությունը գլխիդ պատուհաս դառավ», եւ Ջավախյանը փռթկացնելով  ասաց՝ «պատուհաս դառած իմ Էրեբունի», եւ Արիկը ծիծաղը զսպելով ու կեղծ  հանդիմանանքով Ջավախյանին ասաց՝ «ընկերդ քաշվել ա, դու ցինիկաբար հռհռում ես», եւ Անանիան թախծոտ ժպտալով Արիկին ասաց՝ «մի տես՝ ինքն ինձ ընկեր համարո՞ւմ ա», եւ Արիկը ծիծաղը զսպելով ասաց՝ «համ ընկեր եք, համ էլ՝ կոլեգա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էրկուսդ էլ պատմվածք եք գրում», եւ Անանիան ժպտալով Արիկին ասաց՝ «ինքը էսսե ա գրում», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «նույն զիբիլն են», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «Ջավախյանն ինձ ավելի շուտ ընկեր կհամարի, քան՝ կոլեգա», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ մեծամիտ ա», եւ Հայկունին փռթկացնելով  Անանիային հարցրեց՝ «դու որ էսսե գրեիր, չէիր մեծամտանա՞, տղա ջան», եւ Ջավախյանը  ժպտալով Անանիային հարցրեց՝ «որ Հայկունը քեզ տասնիննուկես նշանակեր, դու չէիր մեծամտանա՞», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «հերիք ա էդ տասնիննուկեսը մատի փաթաթան սարքես» եւ մի քիչ մտածեց ու վրդովված ավելացրեց՝ «խմած վախտ մի բան եմ ասել՝ կրակն եմ ընկել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Հայկունուն ասաց՝ «մի տարուց ավել ա՝ ոչ մի գրամ չես խմել», եւ Սերոբը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ չի խմել», եւ Ջավախյանը Սերոբին ասաց՝ «քո ասածն եմ ասում», եւ Աբոն փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «էդ էսսեդ որ կարդացել ա, էլի սկսել ա խմել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել