Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը պե՞տք է վախենա աղքատներից

Հոկտեմբեր 17,2013 21:26

Հասարակության աղքատության բարձր մակարդակն իր մեջ ագրեսիվ պոտենցիալ է պարունակում, տարբեր բեւեռներում գտնվող մարդիկ` հարուստներն ու աղքատներն իրար հանդեպ ագրեսիվ են տրամադրված, չկա վստահություն եւ հանդուրժողականություն: Այսպիսի դիտարկում արեց Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե Հայաստանում 30%-ից բարձր աղքատության ցուցանիշն ի՞նչ հոգեբանական խնդիրների ու խեղումների կհանգեցնի հասարակությանը:

«Մի քիչ վերապահումով մոտենանք խեղում հասկացությանը, բայց կան  երեւույթներ, որոնք շատ են խանգարում անձի ներդաշնակ զարգացմանը. դրանցից մեկը աղքատության հետեւանքով առաջացած թերարժեքությունն է: Սոցիալապես անապահով վիճակը մարդկանց մեջ առաջացնում է թերարժեքության, վիրավորվածության, անարդար աշխարհում ապրելու զգացողություններ, սա շատ վնասակար է»,-ասաց տիկին Նալչաջյանն, շեշտելով, որ հարուստ խավը նույնպես երաշխիքներ չունի, հոգեկան առողջությունը կորցնելու»:

Հոգեբանի խոսքերով` հարստությունն էլ, եթե դա այսպես ասած չտեսության վրա հիմնված հարստություն է, որ մարդիկ նոր-նոր են տեսել` միանգամից լիքը գրպաններ, նույնպես բերում է  խեղումների, ոչ պակաս խեղումների, քան թերարժեքությունը: Այդպիսի հարուստների խեղումներն, ըստ հոգեբանի արտահայտվում է ցուցամոլությամբ. «Չափից դուրս ցուցադրական վարք է դրսեւորվում, ցուցադրում է իր հարստությունը եւ դրանով ինքնահաստատվում է, կարծես ոչ մի այլ արժանիք չունի ինքնահաստատվելու, միայն իր լիքը գրապաններն են: Սա հարուստ մարդու վատթար տեսակն է»:

Մասնագետի կարծիքով`հարուստ լինելը վատ բան չէ, բայց եթե այդ հարստությունն անարդար, ուրիշներին ոչնչացնելու, ուրիշներին մի բանից զրկելու ճանապարհով է ձեռք բերվել, եւ այդ հարուստ մարդը բարոյապես հասունություն չունի, կարող ենք խոսել որոշակի խեղումների մասին:

Aravot.am-ի այն հարցին, արդյոք աղքատ մարդու աշխատունակությունը ցածր է, ինչը հասարակության ու տնտեսության համար խնդիր կարող է լինել, հոգեբանն ասաց. «Նախ այդ մարդը հոգեպես ճնշված վիճակում է գտնվում, այդպիսի մարդը, եթե նույնիսկ ունի ստեղծագործելու շատ լուրջ պոտենցիալ, աղքատությունն այնպիսի չարիք, որ փակում է բոլոր դռներն ու կարողությունները, որպեսզի մարդ կարողանա իր պոտենցիալն օգտագործել: Ասենք՝ լծված է օրվա հաց հայթայթելու գործով, եւ էլ ոչ եռանդ, ոչ հոգեկան ու ֆիզիկական ուժ է մնում անել այն աշխատանքը, որն ինքը կարող էր անել: Սա մեծ տառապանքներ է բերում մարդուն»:

Մեր այն հարցին էլ, արդյոք ճիշտ է այն կարծիքը, որ աղքատությունը մարդու մոտ նախանձ է ծնում, տիկին Նալչաջյանն ասաց, որ թերարժեքությունը կարող է ծնել նախանձ, իսկ աղքատ մարդիկ իրենց թերարժեք են զգում. «Նա լիարժեք չի կարող զգալ իրեն, քանի որ չի կարողանում, կենցաղի ապահովման տեսակետից, տարրական հարցեր լուծել: Բայց որքան էլ պարադոքսալ թվալ, հարուստ մարդը, հատկապես անարդար ճանապարհով ձեռք բերված հարստության դեպքում, նույնպես հոգեկան տվայտանքներ ունի: Նա դողում է իր հարստության վրա, ագահությունը, ժլատությունը, նախանձը դրանք միանում են ու վերածվում են բարդույթի, սա չտեսության վաղ հոգեբանական նկարագիրն է դառնում: Նախանձությունը հարուստին էլ է բնորոշ, ագահությունն ու աչքածակությունը դա տառապանքներ է բերում մարդուն, ներքին լարվածություն է լինում, միշտ չէ, որ հարստությունը միայն վայելքների աղբյուր է: Մանավանդ, երբ երկրում կա ուժեղ բեւեռացում` հարուստների ու աղքատների, հարուստն իրեն անընդհատ վտանգված է զգում: Սոցիալական բեւեռացումն իր մեջ շատ լուրջ ագրեսիվ պոտենցիալ ունի, եւ պետք է շատ լուրջ վերաբերվել այս խնդրին: Այն մարդիկ, որոնք լծակներ ունեն պետք է մտածեն այս մասին: Աղքատության պատճառով կարող է սոցիալական բունտ առաջանալ, աղքատ մարդկանց բունդ»:

Aravot.am-ի հարցին էլ` իշխանությունը պե՞տք է զգուշանա կամ վախենա աղքատ հասարակությունից, հոգեբանն ասաց. «Եթե մարդիկ տեսնում են, որ կա մարդկանց ինչ-որ շերտ, որը հարստությունը կուտակել է զոռբայությամբ, անազնիվ ճանապարհով, սա խոցող, անհանդուրժող ու ագրեսիվ է  դարձնում հասարակությանը: Վախենալը վատ բան է, լավ կլինի, որ իշխանությունը սրտացավ վերաբերմունք ունենա, որ  երկրում աղքատներ չլինեն: Խելամիտ պայքարեն աղքատությունը վերացնելու, ներքին խաղաղություն պահելու համար, սա  մեր երկրի համար շատ կարեւոր է:

Սոցիալական բեւեռացման ու բարձր աղքատության դեպքում միշտ կա վտանգի պոտենցիալը, կա մի սահման, որից հետո պայթյուններ են տեղի ունենում: Աղքատությունը չարիք է, աղքատությունը չարիքներ է ծնում»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031