Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը

Հոկտեմբեր 17,2013 18:28

Պարզվում է, որ Գորիսի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին պատկանող «Գորեր» ՍՊԸ-ն:

Սյունիքի մարզում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունն հրապարակել է Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթների եւ մրցույթի երջանիկ շահողների ցանկը (gnumner.am  կայքից), որը ներառում է 2011-2013թթ. հայտարարված մրցույթների տվյալները: Ըստ ներկայացված ցանկի՝ մրցույթներում առավել շատ շահող է դուրս եկել «Գորեր» ՍՊԸ-ն եւ իրավունք ստացել Գորիսում տարբեր շինարարական աշխատանքներ իրականացնել:

Nelson

Նույն պատկերը նաեւ այսօր է: Գորիսի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակի կանաչապատ տարածքների բարեկարգման՝ լուսավորության, ոռոգման եւ ջրավազանի շատրվանի հիմնանորոգման աշխատանքների իրականացնողը «Գորեր» ՍՊԸ-ն է: Այդ աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է  12 մլն 348 հազար դրամ, իսկ վերջնաժամկետը՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը: Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների ծածկի փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու իրավունք կրկին ստացել է տվյալ կազմակերպությունը, իսկ աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարը 19 մլն. 30 հազար դրամ է: Այս ցանկը կարելի է երկար շարունակել, բայց բավարարվենք եւս մի քանիսը ներկայացնելով:

« 1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Աշոտի և Սյունիքի փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքներ, գինը` 3 մլն 797 հազ.դրամ, մրցույթը շահած կազմակերպություն ` «Գորեր»  ՍՊԸ:

2.Գորիս քաղաքի Ղաթրինի Ձոր և Սաթյան 2-րդ նրբանցքի հեղեղատարների վերջնամասերի կառուցման աշխատանքներ, գինը` 3 մլն 323 հազ դրամ, մրցույթը շահող «Գորեր»  ՍՊԸ:

3.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Նարեկացի ու Մամիկոնյան խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և Մ. Խորենացի փողոցում սելավատարին միացման աշխատանքների ձեռքբերում, գինը՝ 1 656 980 դրամ, մրցույթը շահող՝ «Գորեր»  ՍՊԸ:

4. 2012թ. սեպտեմբերի 5. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքների ձեռքբերում, մրցույթը շահած կազմակերպություն `«Գորեր»  ՍՊԸ , գինը` 18 400 932 (տասնութ միլիոն չորս հարյուր հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ:

5. 2011թ. նոյեմբերի 25. Գորիս քաղաքի Գ.Տաթևացու և Սյունիքի փողոցների մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքների ձեռքբերում, մրցույթը շահած կազմակերպություն ` «Գորեր»  ՍՊԸ , գինը` 1 945 020 (մեկ միլիոն ինը հարյուր քառասունհինգ հազար քսան) ՀՀ դրամ», – մեջբերված է հրապարակված ցանկից: Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել եւ լսել նրա պարզաբանումը, քանի որ նա աշխատանքային այցով այս պահին Ֆրանսիայում է գտնվում: Քաղաքապետի հետ այս հարցի վերաբերյալ կփորձենք զրուցել նրա վերադարձից  հետո:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031