Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել վարորդ Հայկ Գասպարյանը: Նա դատի էր տվել գործատու «Էս Թի Տրանս մոբիլ» ՍՊ ընկերությանը:
Վարորդը պահանջում էր 1 միլիոն 692 000 ՀՀ դրամ գումար:
Հայցվոր վարորդը մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ իր՝ որպես երթուղայինի վարորդի եւ նշյալ կազմակերպության միջեւ 2004թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է թիվ 26 աշխատանքային պայմանագիրը:
Աշխատանքային պայմանագրի եւ որեւէ կետ չի կատարվել պատասխանող ՍՊ ընկերության կողմից, եւ նա ազատվել է աշխատանքից:
Կարդացեք նաև
Ըստ իմ զրուցակից վարորդի, աշխատանքից ազատվելուց մեկ տարի հետո նա աշխատանքի է ընդունվել նույն ընկերությունում, եւ 30 հազար դրամ աշխատավարձով , կնքվել է թիվ 89 աշխատանքային պայմանագիրը՝ իր եւ ՍՊ ընկերության միջեւ:
Դարձյալ պատասխանողը ձեռքը գրպանը չի տարել, չի վճարել վարորդի աշխատավարձը, եւ հայցվոր վարորդը ազատվել է աշխատանքից:
Ուշադրության արժանի է այն, որ պատասխանող «Էս Թի Տրանս Մոբիլ» ընկերությունն առարկություններ չի ներկայացրել դատարան, չի պատասխանել, չնայած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում էլ առարկել է հայցի դեմ:
Դատարանն առաջին ատյանում մասնակի բավարարել է վարորդի պահանջը, եւ գործն այս պահին գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում:
Դատարանները հղում էին արել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178 հոդվածի առաջին մասին, համաձայն որի, աշխատավարձն օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:
Դատական քննության ժամանակ պարզ դարձավ, որ գործատու ընկերությունը չորս տարի է, ինչ չի վճարում իր վարորդին հասանելիք աշխատավարձը:
Դատարաններում պարզվել էր, որ վարորդի եւ ընկերության միջեւ կնքվել է անորոշ ժամկետով պայմանագիր:
«Պատասխանողի կողմից հայցվորին վճարված աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարների գումարի չափը հիմնավորող ապացույց դատարանին չի ներկայացվել, դատաքննությամբ ձեռք չի բերվել», ասված էր վճռի նկարագրական մասում:
Այսինքն, ըստ դատարանի դիրքորոշման, պատասխանողի կողմից հայցվորի աշխատավարձը վճարած լինելու մասին որեւէ ապացույց դատարան չի ներկայացվել, հետեւաբար, դրա բացասական հետեւանքները օրենքով կրում է ապացուցման պարտականությունն իր վրա կրող կողմը, տվյալ դեպքում՝ պատասխանող ընկերությունը:
Պատասխանողը ըստ դատարանի վճռի պետք է Հայկ Գասպարյանին վճարեր 1.080.000 ՀՀ դրամ գումար, որպես չվճարած աշխատավարձի գումարը, ինչպես նաեւ 203.040 դրամի չափով քաղաքացիական օրենսգրքով սահմանված տոկոսները:
ՍՊ ընկերությունը հօգուտ պետբյուջեի էլ պետք է վճարեր 25 661 դրամ գումար:
Պատասխանող ընկերությունը դիմել էր վերաքննիչ դատարան, առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ:
Վերաքննիչ դատարանը վճիռը թողել էր օրինական ուժի մեջ, եւ վարորդին «քցած» ընկերության բողոքը մերժել էր:
Վճռաբեկ դատարանը դեռ բողոքի քննության օր չի նշանակել, չնայած բողոքն իր վարույթ է ընդունել այս տարվա սեպտեմբերի 23-ին:
Բողոքաբերը դարձյալ ՍՊ ընկերությունն է, որը գտնում է, որ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել առանց ապացույցների բազմակողմանի հետազոտության, իսկ ընկերությանն էլ պատշաճ չի ծանուցել դատական նիստի ժամանակի եւ օրվա մասին:
Վարորդի աշխատավարձը 4 տարի չվճարած ընկերությունը պահանջում է բեկանել վերաքննիչի որոշումը եւ այն ուղարկել նոր քննության:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ