Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 3-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ինչպես նաև` Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին` վստահություն հայտնելով, որ այն պիտի լավագույնս նպաստի ժողովուրդների միջև բարեկամական կապերի զորացմանն ու զարգացմանը:
Տարբեր երկրներից Հայաստան ժամանած անվանի լրագրողներին ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և նրա հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատմությունն ու առաքելությունը` Վեհափառ Հայրապետն ընդգծեց այն կարևոր դերակատարությունը, որ Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ազգային ինքնության ձևավորման և պահպանման գործում:
Ի պատասխան լրագրողների հարցումների` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Հայ Եկեղեցու ազգօգուտ ծառայությունը սոցիալական ոլորտում, նաև Եկեղեցու խաղաղասիրական ջանքերն ի խնդիր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Եկեղեցու կրթադաստիարակչական գործունեությանը, նրա առջև ծառացած զանազան մարտահրավերներին և երկրի սոցիալ-տնտեսական կյանքին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ