Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյան. «Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ հաստատ կստորագրվի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2013 17:12

Հոկտեմբերի 11-14-ը Խորվաթիայի ծովափնյա Դուբրովնիկ քաղաքում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 59- րդ տարեկան նստաշրջանում շոշափված հարցերի, եւ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության աշխատանքների մասին այսօր լրագրողներին պատմեցին Վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:

Ի թիվս այլ հարցերի՝ նստաշրջանում քննարկվել են Աֆղանստանի, Սիրիայի, Հարավկովկասյան երկրների հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Պետք է լսվեր Վրաստանին առնչվող մեծ զեկույց, սակայն Վրաստանի նոր պատվիրակությունը կարողացել է հաջողացնել զեկույցի լսումը հետաձգել, խնդիրն այն է, որ այդ զեկույցը կազմվել էր Սահակաշվիլու իշխանությունը ներկայացնող նախորդ պատվիրակության ջանքերով, իսկ նոր պատվիրակությունը իրականում ներկայացնում է Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունը, այդ իսկ պատճառով զեկույցը կփոխվի եւ կներկայացվի հաջորդ նստաշրջանին:

Թեւան Պողոսյանը ասաց, որ ամենայն հավանականությամբ, վրացական զեկույցից հետո կլինի մի քննարկում՝ Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող, եւ «ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովում կհնչի Հայաստանի անունը»:

Կորյուն Նահապետյանն էլ պատմեց այն մասին, որ Հայաստանի պատվիրակությունն այնքան ակտիվ եւ այնքան կազմակերպված է աշխատում, որ պատվիրակության երեք անդամներով հասցնում են միաժամանակ մասնակցել հինգ տարբեր հանձնաժողովների նիստերի. «Մեր պատվիրակության աշխատանքը տարբեր հարթակներում մատնացույց են անում: Աշխատանքի բաժանումն այնպես ենք անում, որ չլինի որեւէ հանձնաժողով, որի աշխատանքներին ՀՀ պատվիրակությունը չմասնակցի»:

Լրագրողների այն հարցին, թե Մաքսային միությանը ՀՀ միավորումից հետո որեւէ կերպ չի՞ փոխվել հայկական պատվիրակության հանդեպ վերաբերմունքը, պարոն Նահապետյանը նախ նշեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ են նաեւ Մաքսային միության փաստացի անդամներ Ռուսաստանն ու Ղազախստանը, ապա նկատեց, որ ՆԱՏՕ-ն հիմնականում աշխատում է երկկողմ հարաբերությունների ձեւաչափով, եւ կոնկրետ Հայաստանի հետ համագործակցությունը բավականին լավ մակարդակի վրա է, քանի որ Հայաստանը կանոնավոր մասնակցում է զորավարժություններին, խաղաղապահ աշխատանքներին՝ Աֆղանստանում եւ Կոսովոյում, խորհրդարանական վեհաժողովում էլ բավականին ակտիվ է, այնպես որ որեւէ խնդիր մեր երկրի եւ ՆԱՏՕ-ի միջեւ՝ համագործակցության առումով, կախված «Հայաստանի՝ Մաքսային միությանը հնարավոր անդամակցության հետ», չկա:

Եթե պարոն Նահապետյանը իր խոսքում անընդհատ շեշտում էր ՄՄ-ին «հնարավոր անդամակցությունը», ապա Թեւան Պողոսյանն ավելի կտրուկ էր, եւ ասաց, որ «չի հավատում, որ ՄՄ-ին անդամակցությունը կկայանա, այդ իմաստով դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու եւ ես մնում եմ հավատարիմ՝ Հայաստանի եվրաինտեգրացմանը»:

Ավելի մանրամասնելով Մաքսային միության մասին հարցը, պարոն Նահապետյանն ասաց. «ՀՀ նախագահը հայտնել է Մաքսային միությանը միանալու մեր մտադրության մասին, բայց ես չեմ ուզում հակասություն եւ հակադրություն տեսնել եվրոինտեգրացման եւ Մաքսային միությանը միանալու մեջ»:

Պարոն Նահապետյանը նաեւ նշեց, որ ինչպես կառավարության գործունեության ծրագրում, այնպես էլ մի շարք այլ կարեւոր եւ ռազմավարական փաստաթղթերում նշված է, որ եվրոինտեգրումը մեր առաջնահերթություններից է, «մենք չենք հրաժարվում դրանից եւ խելամիտ էլ չէր լինի հրաժարվել եվրոինտեգրումից»:

Նա վստահություն հայտնեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կստորագրվի ինչ-որ փաստաթուղթ, որով կհաստատվի Հայաստանի եւ ԵՄ մարմինների չորս տարվա աշխատանքի արդյունքը. «Ես չգիտեմ, թե ինչ բովանդակություն դա կունենա, բայց վստահ եմ, որ որեւէ փաստաթուղթ կստորագրվի, որը լավ հիմք կհանդիսանա հետագա բանակցությունների համար»:

Իր հերթին Թեւան Պողոսյանը կասկած հայտնեց, որ ընդհանրապես մենք կմիանանք Մաքսային միությանը, քանի որ այդ միությունը ընդամենը մեկ տարի է, որ գործում է, բայց արդեն իսկ անդամ երկրները տարբեր դժգոհություններ են հնչեցնում եւ իրար հետ խնդիրներ ունեն:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031