Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Եթե այդ 700 բարձրաստիճան պաշտոնյաները սրբեր են, ուրեմն մնացածները հրեշտակ են»

Հոկտեմբեր 17,2013 16:32

«Ինչքան հասկացա, դուք ձեր անկախությունից գոհ եք, ասում եք՝ մենք անկախ ենք: Մենք մի սահմանադրական անկախ մարմին ունենք, դա դատական իշխանությունն է, դատարանները, որոնք շա՜տ հեռու են Հայաստանում անկախ լինելուց, ինչ մնաց թե անկախ մարմինների շարքը՝ Վերահսկիչ պալատ, հանձնաժողովներ եւ այլն: Ինչքան ես տեղեկացված եմ, բյուջեի վրա բավականին մեծ ծախս է նստում այս հանձնաժողովի գոյությունը»,-այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսպես արձագանքեց, երբ պատգամավորների վարքագծի կանոնների քննարկման ժամանակ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» անդամ Արմեն Խուդավերդյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրների առաջ են կանգնում՝ պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրման փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար:

700-ից ավելի անձինք լրացնում են այդ հայտարարագրերը եւ չնայած հանձնաժողովն արդեն 2 տարի է գործում է՝ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի ունեցվածքի հետ կապված կասկածներ չեն առաջացել, որ վարույթ հարուցեն: Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ «Լավ, եթե որեւէ իրավապահ մարմնի հաղորդում չեք ուղարկել որեւէ կասկածելի գործարքի մասին, եթե որեւէ անձ քրեական կամ վարչական պատասխանատվության չի ենթարկվել, կամ լավ, թեկուզ տնտեսական, քաղաքացիական պատասխանատվության, ասենք հավաքեցիք այդ հայտարարագրերը, բացի նրանից, որ մամուլը մեկ-մեկ հրատարակեց, դուք սանկցիաներ կիրառելու լիազորություն չունեք, նաեւ բանկային գաղտնիքի չեք կարող տիրապետել, պահանջներ չեք կարող ներկայացնել, այս հանձնաժողովը Հայաստանին ի՞նչ է տալու: Եթե իշխանություններն ուզենան իմանան որեւէ պաշտոնյայի ունեցվածք, ես վստահ եմ, որ անվտանգությունը շատ կարճ ժամանակում մի 3000 պաշտոնյայի մասին օպերատիվ տվյալներ կտա, իրենք ունեն եւ լրացնում են: Իրենք հստակ կներկայացնեն դա՝ հասցեներով, խնամիների, զոքանչների ունեցվածքներով: Այդ դեպքում այս հանձնաժողովի գործունեության իմաստը ինչո՞ւմ է»:

Հանձնաժողովի անդամները միայն վարձատրվում են նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափով: Արմեն Խուդավեդյանն արդարացավ, որ իրենց նպատակը բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին տվյալներ հավաքելը չէ, այլ՝ հրապարակայնացնելը, անհիմն հարստացման դեպքերը բացահայտելը. «Հենց նկատենք կասկածելի եկամուտների աճ՝ պաշտոնը ստանձնելուց հետո, մենք կուղարկենք դատախազություն»: Նա Ռումինիայի օրինակը բերեց, որ 300 հազար պաշտոնյայի հայտարարագրումն են նայում, իրավունք ունեն գաղտնալսել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավայրերում, անձնական կյանքում, 3 տարվա ընթացքում ընդամենը 3 կասկածելի դեպք են ուղարկել:

Գագիկ Ջհանգիրյանը հեգնեց. «Մենք բոլորս էլ գիտենք Հայաստանում ինչ իրավիճակ է, հո լուսնից չե՞նք իջել: Եթե այդ 700 բարձրաստիճան պաշտոնյաները սրբեր են, որ բան չեք գտել, ուրեմն էն մնացած պաշտոնյաները գոնե հրեշտակ պիտի լինեն: Այս մարմնի գոյությունը ի՞նչ նպատակ է հետապնդում, արժի՞ դրա համար մեզանից 3 անգամ ավելի աշխատավարձ ձեզ տան՝ չարժի»:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել է 2012-ի հունվարին՝ 6 տարի ժամկետով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` Pan Armenian Photo- ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031