Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքսիմալ օպտիմալացնելու համար հենց հիմա պետք է գործ անենք».Բաբկեն Պիպոյանը՝ քաղաքապետարանի նոր նախագծի մասին

Հոկտեմբեր 17,2013 16:10

Հոկտեմբերի 17-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասուլիս էր հրավիրել «Իրազեկ և պաշպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի կողմից նախօրեին «Իրազեկ եւ պաշտպանված» հ/կ-ին ներկայացված Երևան քաղաքում ավտոբուսով և միկրոավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկների նախագծերը (1 ավտոբուսի և 1 միկրոավտոբուսի համար 1 ամսվա կտրվածքով) եւ հայտնեց իր մտահոգությունները նախագծում առկա փոփոխությունների վերաբերյալ:

«Միանգամից նշեմ, որ ծախսը գերազանցում է նախորդ հաշվարկին: Այսինքն` նախորդ հաշվարկ- հիմնավորման մեջ Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է մեկ միկրոավտոբուսի համար ծախս 807 190 դրամ՝ ամսվա կտրվածքով, ընդ որում մեքենան շահագործվում էր երեսուն օր: Բայց այս հաշվարկ-հիմնավորման մեջ ծախսը կազմում է մեկ մեքենայի համար արդեն 1 մլն 45 000 դրամ, որը 235 000-ով ավելի է, այսինքն` ծախսերն ավելացել են, ընդ որում ծախսերն ավելացել են, երբ մեքենան շահագործվում է ոչ թե երեսուն օր, այլ՝ 25 օր: Այսինքն` եթե մեքենաները շահագործվեն 30 օր, ծախսը էլ ավելի է ավելանալու»,- ասում է նա եւ ընդգծում, որ Երեւանի քաղաքապետարանը ուղարկել է միայն մեկ ամսվա կտրվածքով հաշվարկ, որը հիմնավորում է ծախսերը, այսինքն՝ դեռեւս չի քննարկված տեղափոխվող ուղեւորների թիվը եւ բնականաբար դրանից բխող տրանսպորտի ինքնարժեքը, սակայն չենք կարող չնկատել, որ դա ուղղակի կապ ունի տրանսպորտի ինքնարժեքի հետ»:

Պարոն Պիպոյանն ասում է՝ ամբողջ գիշեր չի քնել, ուսումնասիրել է 45 էջանոց փաստաթուղթը եւ իր համար արել հիմնավորումներ, դրանք ներկայացնելու է քաղաքապետարանին. քաղաքապետարանից զգուշացրել են, որ հաշվարկ-հիմնավորումը քննարկման եւ փոփոխման ենթակա է:

Հասարակական կառույցի ղեկավարը, որը նաեւ քաղաքապետարանում հանձնաժողովի անդամ է, ցանկանում է հարցի նկատմամբ հանրայնորեն հետաքրքրություն տեսնել. «Իրականում կա խնդիր, որ հստակ պետք է հասկանանք՝ ի՞նչ է անում քաղաքապետարանը, ի՞նչ ենք անելու մենք: Երեւանի քաղաքապետարանը երեք ամիս առաջ ընդամենը մեկ միկրոավտոբուսի համար ներկայացրել է ծախս՝ 807 000 դրամ ամսեկան՝ 30 օր շահագործելու պարագայում, այսօր ներկայացրել է 1 միլիոն 42 000 դրամ ծախս, ավելին, 25 օր շահագործելու պարագայում»,- ասում է նա եւ ավելացնում, որ պետք է պահանջել որոշման կայացման հիմքերն ու չափանիշները.

«Ես, որպես հասարակական կազմակերպություն, պահանջ չեմ կարող ներկայացնել, որովհետեւ հանձնաժողովում ես հստակ հարց էի բարձրացրել ՝ ինձ կասե՞ք այս հաշվարկի հիմնավորումը (նկատի ունի նախորդ հաշվարկ-հիմնավորումը, հեղինակ), ի՞նչ չափորոշիչներ է պարունակել, որ ըստ այդմ սկսենք կառուցողական աշխատել: Հանձնաժողովում այս հարցը մնաց օդում: Բայց սա քաղաքական պահանջ է, մեր հասարակական կազմակերպությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Քաղաքական պահանջ է, թե ով է պատասխանատու այս հաշվարկ-հիմնավորման համար, եւ եթե սխալ հաշվարկ է, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու»,- ասում է պարոն Պիպոյանը եւ ավելացնում, որ ի սկզբանե հույս ուներ, որ իր առաջարկներին կմիանան «Բարեւ Երեւան» դաշինքը եւ ԲՀԿ-ն:

«Մաքսիմալ օպտիմալացնելու համար հենց հիմա պետք է գործ անենք, պարզ ասում եմ՝ հեշտ է դատավորի կեցվածք ընդունել ու վերջում էլ ասել՝ պարզ չի, որ վատ ա: Եթե հիմա ամեն կետ գոնե 7 դրամով էլ նվազեցնենք, ինչ-որ արդյունքի կարող ենք հասնել»,- ասում է նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031