Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը միանշանակ համոզված է` աղքատությունը մեր երկրում հաղթահարելի է. «Լավ աշխատելով, ամեն մեկն իր տեղը լինելով, իր երկիրը սիրելով, կոռուպցիան արմատախիլ անելով, արդյունավետ պետություն կառուցելով, ամուր, հզոր դատական իշխանություն ունենալով հնարավոր է»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցնում է` իրենք ամեն ինչ անում են` հաղթահարելու աղքատությունը, ավելին` Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերն են. «Այսօրվա պայմաններում մեծ ազդեցություն թողնում են հենց կենսաթոշակային ապահովության ծրագրերը, միայն կենսաթոշակային ծրագրով շուրջ 5 տոկոսային կետով իջնում է աղքատությունը»:
Նախարարը հավաստիացնում է` կենսաթոշակների, նպաստների բարձրացումները հատկապես ուղղված են լինելու կենսաթոշակառուների այն խմբին, որոնք ծայրահեղ աղքատության գծից ներքեւ են գտնվում. «Մեր նախնական հաշվարկներով՝ շուրջ 25 հազար անձ ծայրահեղ աղքատության գծից ավելի բարձր կենսաթոշակ կստանան առաջիկա բարձրացումների արդյունքում»:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` աղքատության նպաստ ստացող միայնակ կենսաթոշակառուները մեր երկրում մոտ 11,8 հազար են: Իսկ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական աջակցություն ստացող ընտանիքների թիվը կազմել է 114 005:
Կարդացեք նաև
Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը դժվարանում է ասել` տարեցտարի մեր կենսամակարդակը բարելավվո՞ւմ է, թե՞ աղքատության ցուցանիշներն ավելանում են. «Այնքան այլ մտածելու բաներ, հարցեր ունեմ` եւ պաշտոնի բերումով, եւ անձի բերումով, բայց ձեր հարցի վերաբերյալ չեմ մտածել ուղղակի»:
Նա միայն համոզված է` կան դեղատոմսեր, որոնց շնորհիվ հնարավոր է հաղթահարել աղքատությունը. «Իհարկե, հիմնականը տնտեսական դաշտում է անհրաժեշտ, բավարար պայմաններ ստեղծելն է, այսինքն` բարձր վարձատրվող աշխատատեղեր, այսինքն` գիտական հայտնագործություն չէ ինչ որ ասում եմ, եւ փորձել մարդ իր աշխատանքով կարողանա հոգալ իր ապրուստը»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ