Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի անդորրը խախտվել է Ալավերդու տարածաշրջանից այնտեղ վերաբնակված ընտանիքի պատճառով: Բերդավանցի տարեց մի տղամարդ իր կնոջ մահից հետո ամուսնացել է Ալավերդու տարածաշրջանի մի բնակչուհու հետ: Այդ ընտանիքում հաստատվել է նաեւ ալավերդցի կնոջ որդին, հետո՝ վերջինս հորեղբոր տղան: Այնուհետեւ այդ կնոջ որդին հարս է բերել, եւ այժմ նրանք քանի ամսական երեխա ունեն:
Բերդավանի գյուղապետարանից տեղեկացանք, որ ընտանիքի անդամները գյուղում գրանցված չեն, բերդավանցիները դեմ են արտահայտվում գյուղում նրանց հիմնավորմանը: Նշված ընտանիքից միայն նորածին երեխան է գրանցված Բերդավանում:
Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն ասաց, որ նշված՝ Թորոսյանների ընտանիքը գյուղում լարված մթնոլորտ է ստեղծում, նրանց տանը հաճախ են լինում հարբեցողություն, վեճեր, նաեւ՝ վեճ ու կռիվներ հարեւանների հետ:
Բերդավանում վերաբնակված հորեղբոր տղաները՝ Երվանդ եւ Արթուր Թորոսյանները 2013թ. հուլիսի 5-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ խուլիգանություն են կատարել, բռնություն կատարել բերդավանցի Սարգիս Սեւինյանի նկատմամբ՝ նրա մարմնի տարբեր մասերին հասցնելով վնասվածքներ:
Կարդացեք նաև
Ըստ ականատեսների՝ Արթուր Թորոսյանը հավաքված բերդավանցիների ուղղությամբ նետել է մետաղյա խողովակ, որի պատճառով Աիդա Սեւինյանի ոտքը 6 տեղից կոտրվել է:
Արթուր եւ Երվանդ Թորոսյանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով («Խուլիգանություն»): Նշենք, որ նրանք երկուսն էլ նախկինում դատված են: Երիտասարդները ստորագրությամբ ազատ են արձակվել:
Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Գյուղապետ Արարատ Գաբրիելյանը չկարողացավ հայտնել, թե Ալավերդու տարածաշրջանի որ բնակավայրից են Թորոսյանները Բերդավան եկել, ասելով որ դժվար է նրանցից հստակ բան իմանալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Բերդավանցի տարեց մարդու կինը չի մահացել, ողջ է և գտնվում է ռուսաստանում.