Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Զարուհի Փոստանջյանի հարցով, երբ կլինի դիմում էթիկայի հանձնաժողովին՝ կլինի քննարկում»

Հոկտեմբեր 17,2013 15:06

Ի՞նչ պատժամիջոց պետք է կիրառել Հայաստանում էթիկայի կանոնները խախտած պատգամավորների նկատմամբ, միջազգային փորձագետները նշեցին պառլամենտից վտարում, պարտականությունների կասեցում:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանն այս հարցին պատասխանեց. «Ընդհանրապես հանրությունը միշտ դժգոհ է այդ սանկցիաներից: Միջազգային պրակտիկայում կասեցումը կամ վտարումը հազվադեպ տեղի ունեցող երեւույթներ են: Ես կարծում եմ, հանրային պատասխանատվությունը շատ ավելի կարեւոր է: Դա կախված է երկրի քաղաքական մշակույթից: Եթե Անգլիայում տուգանքը կիրառելի է, ես չեմ կարծում, որ Հայաստանում գումարային տուգանքը ճիշտ է կիրառել: Չեմ կարծում, որ դրա արդյունավետությունն ավելի բարձր է, քան հանրային այն հնչեղությունը, որ ստանում է էթիկայի հանձնաժողովի որոշումներով: Մենք կարող ենք ներմուծել այլ պատասխանատվության միջոցներ եւս, որոնք ոչ նյութական են, ոչ կապված են կասեցման հետ: Նախ, հարց է՝ կասեցումը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ:

Ի վերջո, քանի որ կա նաեւ սահմանադրական բարեփոխումների ընթացք, մենք կարող ենք անդրադարձ կատարել նաեւ այդ ուղղությամբ, եթե համարենք, որ առկա միջոցները ոչ արդյունավետ են»:

Պարոն Հարությունյանը նշեց, որ ԱԺ-ն դեռեւս 2012-ին պատգամավորի վարքագծի կանոններ է մշակել, որոնք հիմա փորձում են կատարելագործել:  Հարցին՝ չե՞ք կարծում, որ դրանք չեն կիրառվում, իսկ Դուք խոսում եք կատարելագործման մասին, նախ չպե՞տք է սրանք կիրառել, որովհետեւ Զարուհի Փոստանջյանի դեպքից հետո մենք տեսանք հայհոյախառն վիրավորանքներ՝ պատգամավորների կողմից՝ պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ գնահատի՝ դա էթիկայի նորմերի խախտո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետեւ ի պաշտոնե նաեւ էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ եմ մտնում: Էթիկայի հանձնաժողովը քննարկում է ցանկացած անձի դիմումի հիման վրա էթիկայի խախտումները: Այնպես որ, երբ կլինի համապատասխան դիմում, կլինի նաեւ համապատասխան քննարկում: Ասել՝ այն, որ նորմերը ոչ բոլոր դեպքերում են կիրառվում՝ ամենեւին չի նշանակում, որ դրանք չպետք է կատարելագործվեն»:

Դավիթ Հարությունյանը հորդորեց ուշադրություն դարձնել, որ մի շարք դեպքերում ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշումներ է կայացրել՝ էթիկայի կանոնների խախտման մասին:

Դիտարկմանը, որ այդ որոշումները շատ քիչ են, վիճակագրությամբ՝ 21 դիմում եւ ընդամենը 2 որոշում է եղել էթիկայի նորմերը խախտելու մասին, 16 դիմում ընդհանրապես վարույթ չի ընդունվել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այո, մենք ¼ դեպքերը դարձրել ենք քննության առարկա, մյուս դեպքերը համարել ենք, որ քննության ենթակա չեն: Միացյալ թագավորության վիճակագրությամբ 80 տոկոս դեպքերը մերժել են քննարկել, որովհետեւ որեւէ աղերս չեն ունեցել էթիկայի նորմերի հետ: Ինչպես տեսնում եք, վիճակագրությունները գրեթե նույնն են»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե պատգամավորների բացակայությունների հետ կապված ի՞նչ պետք է անել: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք շատ խիստ են հետեւում քվեարկությունների ժամանակ պատգամավորների ներկայությանը. «Եթե խոսքը վերաբերում է դահլիճում ներկա պատգամավորներին, ապա բազմաթիվ խորհրդարաններում ես տեսնում եմ գրեթե նմանատիպ պատկեր: Բացեք ԱՄՆ սենատի քննարկումների փուլում այն հեռուստաալիքը, որը ցույց է տալիս եւ դահլիճում կտեսնեք 4-5 սենատոր, որովհետեւ շատերը հետեւում են նիստերին իրենց աշխատասենյակներից եւ գալիս են միայն քվեարկության պահին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031