Այսօր պատգամավորի վարքագծի կանոնների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նախ մտահոգություն հայտնեց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր եւ իշխանամետ ուժերը հավասարակշռված չեն, ուժերի դասավորվածությունը չի ենթադրում, որ ընդդիմությունը կարող է իր որոշումն անցկացնել, ուստի այդ հանձնաժողովի որոշումներից շատ բան սպասել չի կարելի:
Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ մի հանձնաժողով, եթե ընդդիմության դերակատարումը չկարողացավ կարեւորել, չկարեւորեց այն առումով, որ ընդդիմությունը նաեւ կարողանա որոշումներ կայացնել, մենք արդյունքում կունենանք անարդյունավետ համակարգ, ինչպիսին ունենք. «Բազմաթիվ դիմումներ՝ ներկայացված պառլամենտի էթիկայի հանձնաժողովին, մերժվում են՝ մեկնաբանելով, թե ապացույցները բավարար չեն կամ չեն վերաբերվում կոնկրետ դեպքին: Ես կարծում եմ, որ դիմում ներկայացնողը պարտավոր չէ ներկայացնել նաեւ բոլոր ապացույցները: Նա պարտավոր չէ ամեն գնով փորձի հայթայթի ինչ-որ ապացույցներ, այն էլ՝ հանրային այնպիսի վարքագծի հետ կապված, երբ պատգամավորը հանրային նման պահվածք է դրսեւորել: Ամենակարեւորը, իմ կարծիքով հանձնաժողովի կազմավորման սկզբունքն է»:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում հանդես գալ 10 կետից կազմված սկզբունքային առաջարկություններով: Այդ առաջարկություններով պայմանավորված կորոշեն իրենց հետագա մասնակցությունը ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին: ՀՅԴ-ն հնարավոր է դադարեցնի իր մասնակցությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` PanArmenian Photo- ի