Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանի կարծիքով՝ առաջին անգամ նախագահի թեկնածուների ձայների միջեւ տարբերությունը մեծ չի լինի:
Վրաստանում հոկտեմբերի 27-ին անցկացվելու են նախագահական ընտրություններ: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վստահ է, որ իշխող «Վրացական երազանք»-ը ներկայացնող Գեորգի Մարգվելաշվիլին իրական հակառակորդ չունի: Դեռ մեկ ամիս առաջ իրականացրած սոցհարցումների համաձայն՝ Մարգվելաշվիլիի վարկանիշը գերազանցում էր 50 տոկոսի ցուցանիշը: Երկրորդ տեղի համար համառ պայքարը գնում էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի զինակից, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեի եւ Նինո Բուրջանաձեի միջեւ, ով նույնպես խորհրդարանի խոսնակն էր՝ 2001-2008 թվականներին՝ Բաքրաձեից առաջ:
Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանին «Առավոտ»-ը խնդրեց նկարագրել նախընտրական իրավիճակը Վրաստանում եւ ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հիմնական թեկնածուների կողմից տարվող քարոզարշավը: Մեր զրուցակիցը նշեց, որ երեք կուսակցություններ են հիմնականում ուշադրություն դարձնում այդ խնդրին եւ աշխատում ազգային փոքրամասնությունների հետ՝ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը», Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» եւ Նինո Բուրջանաձեի ղեկավարած «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունը։ Նա նկատեց, որ առաջին անգամ է, որ որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները, այնտեղ այցելում են երեք հիմնական կուսակցությունները, այլ ոչ թե գրպանային ընդդիմությունը, այսինքն՝ հիմնական մրցակիցներն են արժեւորում ազգային փոքրամասնությունների հարցը, եւ ազատ մթնոլորտ է ձեւավորվել քարոզարշավում նրանց մասնակցության համար:
Վրաստանի հայ համայնքն արդեն կողմնորոշվա՞ծ է, թե նախագահի որ թեկնածուի օգտին է քվեարկելու, մեր հարցին ի պատասխան՝ Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ դժվար է առայժմ միանշանակ ասել. «Կուսակցությունները դեռ այնքան էլ ակտիվ չեն տարածում մարզերում իրենց ծրագրերը հայերենով, մասնավորապես՝ Ջավախքում: Իսկ Թբիլիսիում, իմ կարծիքով, հայ համայնքի ձայները կկիսվեն, որովհետեւ Թբիլիսիի հայերի մոտ 60 տոկոսը առաջնորդվում է սոցիալական խնդիրներով, նրանց քիչ են հետաքրքրում թեկնածուների ազգային փոքրամասնությունների մասին ծրագրերը։ Մյուս հատվածը կկքվեարկի «Վրացական երազանքի» օգտին, մի մասն էլ՝ Բուրջանաձեի օգտին: Այսինքն՝ քաղաքական երեք ուժերից յուրաքանչյուրն իր կողմնակիցներն ունի հայ ընտրողների մոտ։ Տոկոսային հարաբերակցության մասին դեռ վաղ է խոսել, բայց կարծում եմ՝ ահռելի տարբերություններ չեն լինի թեկնածուների ստացած ձայների միջեւ: Ջավախքում ավելի հետաքրքիր իրավիճակ է: Որպեսզի բնակչության վստահությանն արժանանան, այստեղ, բացի սոցիալական խնդիրներից, թեկնածուները պետք է ուշադրություն դարձնեն նաեւ ազգային-մշակութային հարցերին: Այս ուղղությամբ քայլեր իրականացնում են թե իշխանությունները, թե ընդդիմությունը»:
Կարդացեք նաև
Առնոլդ Ստեփանյանը կանխատեսում է, որ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների ձայների միջեւ տարբերությունը մեծ չի լինի:
Հոկտեմբերի 15-ին կայացած մամլո ասուլիսում Ն. Բուրջանաձեն հայտարարեց, թե գիտի՝ ինչպես պետք է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ ինքը ունի այդքան կամք՝ դա անելու համար: Առնոլդ Ստեփանյանին հարցրինք, թե առաջիկա ընտրությունների արդյունքում ռուս-վրացական հարաբերություններում դրական փոփոխությունների դինամիկան կշարունակվի՞։ Մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, որ ռուս-վրացական հարաբերություններում բարդությունները այնքան խորքային են, որ մի քանի ամիսների ընթացքում հնարավոր էլ չէր դրանք կարգավորել, եթե չլինեն լուրջ փոխզիջումներ: «Լուրջ փոխզիջումների կողմերից որեւէ մեկը պատրաստ չէ, առայժմ իրար մոտենալու, դիրքորոշումներն ուսումնասիրելու գործընթաց է, թե որ կողմը որքան է պատրաստ զիջել: Մյուս կողմից՝ ՌԴ-ն տարբեր թեմաներ է առաջ քաշում, որոնց միջոցով հետագայում կարող է «առեւտրի» մեջ մտնել՝ վրացական ապրանքների համար ռուսական շուկայի բացումը, ինչը շանտաժի մշտական թեմա է: Կողմերը, այսպիսով, պատրաստվում են «առեւտրի», դիրքորոշումների դիտարկման, եւ այդ «առեւտրում», կարծում են՝ ռուսական կողմի դիրքերն ավելի ուժեղ են, քան վրացական կողմինը»:
Մեր զրուցակիցը չհամաձայնեց, թե ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական ոչինչ չի արվել: Նրա կարծիքով՝ այն փաստը, որ ՌԴ-ն բացում է վրացական արտադրանքի համար շուկան, արդեն բավական ուշագրավ փաստ է նախեւառաջ գյուղացիների համար, տնտեսության համար կարեւոր է ռուս տուրիստների առկայությունը Վրաստանում, եւ այն, որ նրանք բավական գումար են ծախսում Վրաստանում: «Բայց միեւնույն է՝ գինը շատ թանկ է՝ մեր տարածքները շարունակում են օկուպացված մնալ, եւ այդ տարածքներում ամենօրյա ռեժիմով սյուների տեղաշարժ է տեղի ունենում՝ ողջ սահմանագծով, գյուղերում: Սա անհասկանալի է, որովհետեւ խոսքը հիմա պատերազմի մասին չէ: Այստեղ ուշագրավ էր Բուրջանաձեի հայտարարությունը, թե պատրաստ է կարգավորել ռուս-վրացական հարաբերությունները։ Բայց եթե նա ի վիճակի էր լուծել, ապա, կարծում եմ, որոշ քայլեր նա կարող էր անել մինչեւ ընտրությունները: Եվ եթե նա կարող է լուծել, ապա ռուսական կողմից ազդակներ կլինեին, թե նա հենց այն թեկնածուն է, որը դա կարող է անել, մինչդեռ ռուսական կողմից արձագանք չեղավ: Այնպես որ՝ հակված եմ կարծելու, որ դա քաղաքական սպեկուլյացիա էր»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ