Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՍՓ-ի որոշումն օբյեկտի՞վ է

Հոկտեմբեր 17,2013 14:14
bjishk

Բժշկասոցիալական փորձաքննություն գործակալությունից պնդում են, որ առանց անձի ներկայության հաշմանդամության կարգը փոփոխելը օրենքի սահմանում է

«Մասնագետների եւ փորձագետների խումբը ուսումնասիրել է Լիլիթ Նալբանդյանի՝ ԲՍՓ գործում առկա բժշկական փաստաթղթերը, իրենց տեսակետները եւ եզրակացությունները գրավոր ներկայացրել են, որի հիման վրա ՀՀ օրենսդրության համապատասխան կայացվել է փորձաքննական որոշում՝ սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ՝ մեկ տարի ժամկետով։ Ընդունած փորձաքննական որոշումը օբյեկտիվ է, կայացված որոշման համար միանշանակ պատասխանատու եմ»,- պարզաբանեց բժշկասոցիալական փորձաքննություն գործակալության՝ ԲՍՓ-ի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Սիմոնյանը՝ արձագանքելով «Առավոտի» 10.10.2013-ի «Քաղցկեղով հիվանդ կնոջ հաշմանդամության կարգն ապօրինի փոխել են» հրապարակմանը:

Հոդվածում քաղաքացի Լիլիթ Նալբանդյանը պատմել էր, որ ԲՍՓ-ում առանց իր ներկայության հաշմանդամության իր 2-րդ կարգը փոխել են՝ դարձնելով այն 3-րդ, ինչը կնոջ վստահեցմամբ՝ անօրինական է: Այս առնչությամբ ԲՍՓ-ի ժամանակավոր պաշտոնակատարն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով թույլատրվում է վարչական ակտը վերանայել վերադասության կարգով: Հոդվածում քաղաքացին նաեւ նշել էր, որ այս տարեսկզբին նրա առողջական վիճակը վատթարացել էր, նա քիմիաթերապիայի 2 կուրս էր ընդունել, ապա նորից դիմել ԲՍՓ՝ նրա հաշմանդամության կարգը վերանայելու համար, սակայն գործակալությունը կարգն անփոփոխ էր թողել: Այս առնչությամբ էլ ԲՍՓ-ի ժամանակավոր ղեկավարն ասաց. «Քիմիաթերապիան հիմք չէ անձի հաշմանդամության խմբի վերանայման համար»:

Գործակալության ժամանակավոր պաշտոնակատարի խոսքերով՝ «Տեւական հիվանդություն ունեցող հիվանդները բժշկասոցիալական փորձաքննության են ենթարկվում, եթե անաշխատունակությունն սկսելու օրվանից անցել է 3 ամիս, եւ հիվանդի աշխատունակությունը դեռեւս չի վերականգնվել։ Ստացվում է, որ Լիլիթ Նալբանդյանը ժամկետից շուտ հանձնաժողով դիմելու եւ վերափորձաքննվելու իրավունք չուներ, քանի որ նա աշխատում է եւ վերափորձաքննության պահին ժամանակավոր անաշխատունակության օրեր չունի։ Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի խախտմամբ վերափորձաքննվել է եւ օգոստոս ամսին օրենսդրության խախտումով ձեռք է բերել հաշմանդամության 2-րդ խումբը։ Պետք է ասեմ, որ հաշմանդամության սահմանման չափորոշիչները հնարավոր տարանցումներ ունեն, եւ խնդիր կա միատեսակ կիրառումը, գնահատումը ապահովելու մեջ, կարող են լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մոտեցումներ։

ՀՀ ԲՍՓ գործակալության գործառույթներից է հաշմանդամություն ունեցող անձին հսկողական կարգով վերափորձաքննության ենթարկել: Երբ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվում են հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքեր, ապա բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ իրականացվում է փորձաքննությունը։ Վերափորձաքննությունն իրականացվում է վերադասության կարգով՝ բժիշկ փորձագետների աշխատանքային խմբի կողմից: Գործակալության պետն ու տեղակալն անձամբ փորձաքննություն չեն իրականացնում: Նրանք դրա իրավունքը չունեն: Ինչ վերաբերում է Լիլիթ Նալբանդյանի հսկողական կարգով վերափորձաքննության անցկացմանը, նա պատշաճ ձեւով՝ փոստային առաքմամբ (առաքման N 79) 12.09.2013թ. ծանուցվել է։ Նա չի ցանկացել ներկայանալ ընդլայնված կազմով փորձաքննությանը, երբ հրավիրվել էին

առողջապահական կազմակերպությունից 3 օնկոլոգ մասնագետ, ովքեր Լ. Նալբանդյանին որպես իրենց հիվանդի ճանաչում էին, նրան ախտորոշել եւ բուժական միջոցառումներ էին իրականացրել: Մեկը Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտն էր, մյուսը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգը, 2 ԲՍՓՀ-ի նախագահ, 5 գլխավոր մասնագետ եւ բժիշկ փորձագետ։ Մասնագետների եւ փորձագետների խումբը ուսումնասիրել է Լիլիթ Նալբանդյանի՝ ԲՍՓ գործում առկա բժշկական փաստաթղթերը, իրենց տեսակետները եւ եզրակացությունները գրավոր ներկայացրել են, որի հիման վրա, ՀՀ օրենսդրության համապատասխան, կայացվել է փորձաքննական որոշում՝ սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ՝ մեկ տարի ժամկետով։ Ընդունած փորձաքննական որոշումը օբյեկտիվ է, կայացված որոշման համար միանշանակ պատասխանատու եմ։ Պետք է նշեմ, որ մեր աշխատանքներում սրբագրել եւ հետագայում եւս սրբագրելու ենք նման որոշումների կայացումը, եթե դրանք կայացված լինեն օրենսդրության սխալ կիրառմամբ կամ խախտմամբ»։

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նշենք, որ հաշմանդամության խումբը վերականգնելու համար պայքարող Լիլիթ Նալբանդյանը՝ բացի «Առավոտ» օրաթերթից, գրավոր դիմել է նաեւ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031