Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առ ոչի՞նչ», թե՞ «անվավեր»

Հոկտեմբեր 17,2013 14:12

Արդարադատության խորհրդից է կախված դատական համակարգի նկատմամբ վստահությունը

Օրեր առաջ «Առավոտ» օրաթերթ էր այցելել քաղաքացի Ժորա Օհանջանյանը, ով ՀՀ վարչական դատարանում վարչական գործերից մեկով (ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության, Երեւանի քաղաքապետարանի, նոտարի դեմ էր, այս գործով հայցվորը պահանջել էր անվավեր ճանաչել Բաղրամյան 21 շենքի թիվ 6 բնակարանի նկատմամբ Արսեն Մելիք Քարամյանի գրանցումը, հետագա բոլոր գործարքները)  հանդիսացել է իր դստեր՝ Լուսինե Օհանջանյանի ներկայացուցիչը:

Դստեր շահերն ի սկզբանե ներկայացրել էր այդ պահին դեռեւս փաստաբան Զարուհի Նախշքարյանը, ով հետագայում, որպես փաստաբան իր գործունեությունը դադարեցնելու արդյունքում՝ դադարեցրել էր որպես ներկայացուցչի իր լիազորությունները:

Լուսինե Օհանջանյանը ներկայացված հայցով դատարանից խնդրել է անվավեր ճանաչել իր կողմից վկայակոչվող վարչական ակտը, ինչը հետագայում նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի աջակցությամբ եւ ջանքերով փոփոխվել է հայցվորի եւ նրա ներկայացուցչի կամքից անկախ:

Նախշքարյանի կողմից լիազորությունները դադարեցվելուց հետո, հայցվորի շահերը ներկայացրել է վերջինիս հայրը՝ Ժորա Օհանջանյանը: Վերջինս չլինելով իրավաբան, չտիրապետելով իրավաբանական տերմիններին, նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի կողմից առաջացրած շփոթության արդյունքում, սեփական կամքով չպայմանավորված՝ թույլ է տվել հայցի առարկայի փոփոխություն:

Այսպես, նախնական դատական նիստին հայցի առարկայի փոփոխության հարցի քննարկման նախաձեռնությունը պատկանել է բացառապես գործը քննող դատավորին, ով հնչեցնելով «ճանաչման» եւ «վիճարկման հայցեր», «անվավեր» եւ «առ ոչինչ» իրավաբանական հասկացությունները, դատական նիստին ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե իբր հայցվորի նախկին ներկայացուցչի՝ փաստաբան Զարուհի Նախշքարյանի կողմից ներկայացվել է անվավեր ճանաչելու պահանջը առ ոչինչ ճանաչելու պահանջով փոխարինելու միջնորդություն, հասել է նրան, որ հոգեբանական ճնշումների ազդեցության արդյունքում իրավաբանական տարրական գիտելիքներ չունեցող Ժորա Օհանջանյանին չէր մնում այլ բան, քան դատարանի ուղղած այն հարցին, թե, ի  վերջո, համակարծի՞ք է նախորդ փաստաբան-ներկայացուցչի միջնորդության հետ, պատասխանել՝ «այո»:

Իրավաբանական ամենատարբեր եզրույթներով ողողված հարցերի տարափից շփոթված Օհանջանյանը հայտարարել է, թե չի հասկանում դատավորի հնչեցրած հարցի էությունը, որ չի տարբերակում «առ ոչինչ» եւ «անվավեր» իրավաբանական եզրույթների տարբերությունը:

Արդյոք հենց նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում չի՞ սահմանել 20-րդ հոդվածը եւ դրանով ամրագրված դատարանի իրավունքը՝ հեռացնել վարույթից կողմի այն ներկայացուցչին, որը փաստաբան չէ կամ օրինական ներկայացուցիչ չէ, եթե նախապատրաստական փուլում կամ դատաքննության ընթացքում պարզ է դառնում, որ տվյալ անձն ունակ չէ վարչական դատարանում ներկայացնելու կողմին: Արդարադատություն իրականացնելուն կոչված դատարանը, մասնավորապես՝ գործը քննող դատավորը, անգամ լսելով իրավաբանական գիտելիքներ չունեցող ներկայացուցչի համապատասխան խոստովանությունը, գիտակցելով, որ նման պայմաններում անգամ հայցի առարկայի փոփոխության հետ համաձայնվելը չի բխում ոչ հայցվորի եւ ոչ էլ վերջինիս ներկայացուցչի կամքից՝ այն չընկալելու հիմնավորմամբ, այնուամենայնիվ, վարույթից ներկայացուցչին հեռացնելու եւ եւս մեկ նախնական դատական նիստ հրավիրելու փոխարեն՝ նույն օրը որոշում է կայացնում գործը դատաքննության պատրաստված լինելու վերաբերյալ:

Հատկանշականն այն է, որ նախկին փաստաբան-ներկայացուցչի միջնորդությունը, որը մեջբերել է նախագահող դատավորը, ոչ մի կերպ չի վերաբերել հայցի առարկայի փոփոխությանը: «Դիմում» վերնագրված, դատարան մուտք արված գրությամբ փաստաբանն ընդամենը փորձել է հստակեցնել ներկայացված պահանջները, դրանցից որոշներն ածանցյալ եւ որոշները հիմնական դիտելու խնդրանքով:

Գործի նյութերում գտնվող փաստաբանի «դիմումը» հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդության հետ չի շփոթել անգամ վարչական դատարանի աշխատակազմը, երբ Լուսինե Օհանջանյանի կողմից պահանջ է ներկայացվել դատարանին՝ գործի նյութերից տրամադրել նախկին ներկայացուցիչ, փաստաբան Զ. Նախշքարյանի՝ հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, եթե, իհարկե, այն գոյություն ունի:

Ի դեպ, ՀՀ վարչական դատարանի աշխատակազմը գրությամբ տեղեկացրել է.

«Թիվ ՎԴ/0136/05/11 վարչական գործում առկա չէ Զարուհի Նախշքարյանի անունից 19.07.2012թ. ՀՀ վարչական դատարան մուտք արված հայցապահանջի փոփոխության միջնորդություն»:

Տվյալ պարագայում, հարց է առաջանում, թե 23.07.2012թ. դատական նիստին դատավոր Ռուզաննա Հակոբյանը սեփական նախաձեռնությամբ հայցի առարկայի փոփոխության հարցը բարձրացնելիս, ինչ միջնորդություն էր վկայակոչում եւ ջանասիրաբար ապակողմնորոշում «գրանցումն անվավեր ճանաչելու» պահանջը շարունակ կրկնող Ժորա Օհանջանյանին:

Վստահություն ունենալով դատարանի նկատմամբ, Ժ. Օհանջանյանն անգամ չի կասկածել, թե դատարանը կարող էր միտումնավոր աղավաղել իրականությունը եւ հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն Զ. Նախշքարյանի կողմից ներկայացված չլինելու պարագայում հորդորել համաձայնվել հայցի առարկայի փոփոխության հետ: Փաստորեն, դատարանի ճնշումների եւ աղավաղված տեղեկությունների արդյունքում իրավաբանական գիտելիքներ չունեցող ներկայացուցիչը համաձայնել է դատարանի առաջարկած տարբերակին:

Եվ սա այն պարագայում, երբ երկրի օրենսդիր մարմինը դատական օրենսգրքի 88-րդ հոդվածի առաջին մասով սահմանել է նորմ, համաձայն որի՝ դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ եւ վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաեւ նպաստել դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը:

Դատական համակարգի նկատմամբ հարգանքն ու վստահության վերականգնումն այժմ գտնվում է արդարադատության խորհրդի ձեռքում, ում ներկայացվել է դատավոր Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031