Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության հանցափորձի մեջ մեղադրվողի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է

Հոկտեմբեր 17,2013 14:10

Նրա փաստաբանը ստիպված չի լինի հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու

Քրեական վարույթ իրականացնող մարմինը կարճել է սպանության հանցափորձի մեջ մեղադրվող Արթուր Երամյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ վերացնելով  նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը:

Արթուր Երամյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը օրերս պատրաստվում էր հանցագործության մասին հաղորդում ներկայացնել պատկան իրավապահ մարմիններին:

Նա ասում էր, որ  քրեական վարույթ իրականացնող մարմինը մեկ ամսից ավելի է՝ չի կատարում ՀՀ Լոռու մարզի դատարանի կայացրած եւ ուժի մեջ մտած դատական ակտը:

«Իմ պաշտպանյալի՝ Արթուր Երամյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել սպանության հանցափորձի հատկանիշներով: Ենթադրյալ հանցանքը կատարվել է 1997 թվականին: Քրգործի հարուցումից հետո իմ պաշտպանյալը գտնվել է հետախուզման մեջ՝ կալանքի սանկցիայով: Արթուր Երամյանը դեռեւս 2012 թվականին Ուկրաինայի Հանրապետությունից ՀՀ պատկան մարմիններին ուղարկել էր պատշաճ նոտարական կարգով վավերացված դիմում, որ չի առարկում, որպեսզի իր նկատմամբ կիրառվեն քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները եւ այդ հիմքով քրեական գործով վարույթը կարճվի: Նախաքննական մարմինը, սակայն, համապատասխան ստուգումներ անցկացնելուց հետո, թեեւ եկել էր համոզման, որ վաղեմության ժամկետը խախտված չէ, այնուամենայնիվ, չէր կարճել քրեական գործով վարույթը՝ տարբեր արհեստական պատճառաբանություններ բերելով»,- «Առավոտին» ասել էր Ռուբեն Հակոբյանը:

Փաստաբանն այս տարվա գարնանն է ներգրավվել մեղադրյալ Արթուր Երամյանի շահերի պաշտպան: Այդ ընթացքում իր պաշտպանյալն արդեն երկրորդ անգամ է պատշաճ նոտարական կարգով վավերացված դիմում ներկայացրել իրավապահ մարմիններին: Փաստաբանի խոսքերով, երեք ամիս անց միայն նախաքննական մարմինը արձագանքել էր իր՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին միջնորդությանը, այն էլ այն ժամանակ, երբ ինքը դիմել էր դատարան՝ քննիչի անգործությունը վերացնելու պահանջով:

«Այդ ընթացքում նոր կայացվեց որոշում՝ իմ միջնորդությունը մերժելու վերաբերյալ»,- ասում է փաստաբանը:

Մերժումից հետո Ռուբեն Հակոբյանը դիմել է դատախազին, բայց ապարդյուն:

«Դատախազը մասնակիորեն բավարարեց բողոքս, բայց, ըստ էության, մերժեց, քանի որ ես պահանջել էի կարճել վարույթը, դադարեցնել հետախուզումը, վերացնել խափանման միջոց կալանքը, այդ երեք պահանջներից որեւէ մեկը չէր բավարարվել: Դիմեցի դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի վերացնել այդ որոշումները, քանի որ հանցագործության վաղեմությունը վաղուց անցել է, բայց մարդը դեռ հետախուզման մեջ կալանքի որոշման առկայության պայմաններում թաքնվում է, երբ որ արդեն պարտավոր են կարճել քրեական գործով վարույթը»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանն այս տարվա օգոստոսի 29-ին բավարարել է փաստաբան Ռուբեն Հակոբյանի բողոքը՝ պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերացնել Արթուր Երամյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը: Բացի այդ՝ դատարան ներկայացած դատախազը եւս համաձայն է եղել դատարանի որոշման հետ՝ գտնելով, որ պետք է կարճել քրեական գործով վարույթը՝ վաղեմության հիմքերի անցած լինելու պատճառաբանությամբ:

«Ուժի մեջ է մտել օգոստոսի 29-ին, մեղադրանքի կողմը չի բողոքարկել տասնօրյա ժամկետում, արդեն մեկ ամսից ավելի է՝ դատական ակտը դիտավորությամբ չի կատարվում: Ես՝ որպես Արթուր Երամյանի շահերի պաշտպան, հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին՝ դատական ակտը չկատարելու վերաբերյալ: Իմ կարծիքով՝ այստեղ ենթադրաբար առկա է նաեւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում»,-մեզ հետ զրույցում ասել էր փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Պատկան մարմինները, սակայն, չեն սպասել փաստաբանի  քայլին, եւ չնայած ուշացումով, սակայն կատարել են դատարանի կայացրած որոշումը՝ վերացնելով Արթուր Երամյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը:

«Լավ է ուշ, քան ավելի ուշ, գոնե վերջում հասանք  արդյունքի»,- եզրափակում է Ռուբեն Հակոբյանը:

 ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031