Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ցանկացած համերգի հայտագիրն անգամ հետաքրքրություն է առաջացնում մասնագետների ու երաժշտասերների շրջանում: Նվագախումբը ներկայացնում է երիտասարդ ճանաչված եւ նոր-նոր կարիերա անող հայաստանցի եւ արտերկրյա կոմպոզիտորների ու երաժիշտների, հայաստանյան պրեմիերաներ: Կոլեկտիվի հետ հաճախ հանդես են գալիս մեզանում ոչ այդքան իբրեւ մենակատար ներկայացող գործիքներ, օրինակ՝ փողային:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում Երիտասարդականի այսօր կայանալիք համերգն ուշագրավ է նրանով, որ արտերկրից հրավիրված են ճանաչված երիտասարդ երաժիշտներ եւ համերգին կներկայանա կոնտրաբասը՝ որպես մենակատար գործիք:
«Առավոտը» զրուցեց հրավիրյալ երաժիշտների հետ, որոնք այսօր ցանկալի հյուր են ճանաչված համերգասրահներում, հեղինակավոր փառատոներում, համագործակցում են անվանի դիրիժորների ու նվագախմբերի հետ:
Կոնտրաբասահար Հայկ Խաչատրյանը (Շվեյցարիա, Հայաստան) 1990-ականներին Երեւանում հանդես է եկել Էմին Խաչատրյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, մեկ անգամ էլ, կոնտրաբասը՝ իբրեւ մենակատար գործիք (Վիլեն Կարապետյան), հանդիպել ենք դարձյալ 1990-ականներին՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին: Երաժիշտը մեզ հայտնեց, որ Երիտասարդականի հետ հանդես է գալու Սերգեյ Կուսեվիցկու կոնցերտի կատարմամբ, մանրամասնելով, որ արեւմտյան երաժշտական ուսումնական հաստատություններում այս ստեղծագործությունը ընդգրկված է ուսուցման պարտադիր ծրագրում եւ Երեւանում կհնչի առաջին անգամ: Շվեյցարիայում ապրող ու ստեղծագործող երաժշտից հետաքրքրվեցինք, թե հյուրախաղերի ժամանակ մի՞շտ է նշվում իր ծննդավայրն ու բնակության վայրը: «Ես երկքաղաքացի եմ, այդուհանդերձ, նույնիսկ պնդել եմ, որ գրվի միայն Հայաստանը՝ պարզ պատճառով. հայ երաժիշտ եմ ու վերջ»,- պարզաբանեց Հայկ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Համերգին հրավիրված ջութակահար Հայկ Կազազյանն էլ նույն հարցին պատասխանելով՝ նախ նշեց, թե ինքը ՌԴ քաղաքացի է, շուրջ 18 տարի է՝ ընտանիքով բնակվում են Մոսկվայում. «Այն տարիներին երկքաղաքացիության մասին օրենք ՀՀ-ուն չկար: Հիմա, անշուշտ, ընտանիքս էլ սիրով կընդունի ՀՀ քաղաքացիություն: Իբրեւ հասուն երաժիշտ, սա իմ առաջին բեմելն է հայրենիքում, հանդես եմ գալու Սիբելիուսի ջութակի կոնցերտով (Ռե մինոր)»:
Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա, Իտալիա), ով առաջին անգամ է Երեւանում, կներկայացնի Պրոկոֆեւի երկրորդ դաշնամուրային կոնցերտի սեփական մեկնաբանությունը: Նրանից հետաքրքրվեցինք ավելի քան 10 տարի Խարկովում անցկացվող Կրայնեւի անվան պատանի դաշնակահարների մրցույթով եւ հարցրինք՝ իբրեւ մրցույթի գեղարվեստական ղեկավար, ինքը հետաքրքրված չէ՞ հայ պատանիների մասնակցությամբ եւս: Մեր զրուցակիցն ասաց, որ այս տարի 12-րդ անգամ կմեկնարկի մրցույթը, հայտերի ընդունման վերջնաժամկետն էլ դեկտեմբերի 15-ն է: «Մրցութային ֆոնդը 30 հազար եվրո է, եւ մրցանակ է նախատեսված նաեւ ուսուցիչների համար, ինչը մեր մրցույթի գլխավոր առանձնահատկությունն է: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են նախապես ուղարկել տեսագրություններ»,- հայտնեց Ալեքսանդր Ռոմանովսկին: Դաշնակահարը նոյեմբերին դարձյալ կժամանի Հայաստան: Այդժամ Երեւանում եւ Գյումրիում նա հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ:
Մեր զրուցակիցները գովեստի խոսքեր շռայլեցին Երիտասարդականի հասցեին, հետո էլ հավաստիացրին, թե ինչքան էլ զբաղված լինեն, սիրով կընդունեն նրա հրավերները:
Հիշեցնենք, որ Երիտասարդական նվագախմբի այս տարվա համերգները նվիրվում են Արամ Խաչատրյանի հոբելյանին եւ անցնում անվանի կոմպոզիտորի միջազգային փառատոնի շրջանակներում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ