Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը Մոլդովայում շատ խորը արմատներ ունեն»

Հոկտեմբեր 17,2013 13:56

Moldova_hamaynq-3,-OsipyaniՄոլդովայի հայ համայնքի ղեկավարը՝ համայնքի կյանքի եւ խնդիրների մասին

Պետրոսյան Զինաիդան Մոլդովայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու մոմավաճառն է: Արդեն վեց տարի է՝ այստեղ է աշխատում, նրան հաճախ ընկերակցում  է Ժաննա Հովհաննիսյանը, ով Մոլդովայի հայկական համայնքներից մեկի (Մոլդովայում գործում է հայկական երկու համայնք-հեղինակ) անդամներից է, միասին ժամանակն ավելի արագ է անցնում: «Առավոտի»՝ եկեղեցում լինելու պահին տիկին Ժաննան նույնպես ներկա էր:  Հայկական այս համայնքը համախմբվել է հենց Սուրբ Աստվածածին (կառուցված՝ 1804թ.) եկեղեցու շուրջը:

Տիկին Զինաիդան պատմում է, որ հայկական եկեղեցի են գալիս ոչ միայն հայերը. «Մթնոլորտը շատ ջերմ է, գալիս են մարդիկ՝ տարբեր ազգություններից, ուկրաինացիներ, մոլդովացիներ, ով անցնում է այստեղով, մտնում է հայկական եկեղեցի: Ասում են՝ մթնոլորտը լավն է, ջերմ է, հանգստանում են այստեղ»: Տիկին Ժաննան էլ ցավում է, որ եկեղեցի հայերը հաճախակի չեն գալիս, միայն կիրակի օրերին,  սակայն ուրախությամբ ավելացնում է. «Այստեղ մկրտություն է լինում, պսակադրություն, տյառնընդառաջն ենք նշում»:

Եկեղեցու հոգեւոր սպասավորը Հայր Նշանն է, այստեղ գործում է կիրակնօրյա դպրոց, գալիս են տարբեր տարիքի անձինք՝ սկսած առաջին դասարանից, վերջացրած արդեն հասուն տարիքի մարդիկ: «Մոտ քսան աշակերտ կա,  նույնիսկ մոլդովացիներն են գալիս հայերեն սովորելու, հիմա ուսուցիչն այստեղ չէ, դասերը դեռ չեն սկսվել»,- ասում է Զինաիդան:

Հայկական համայնքի անդամներ այս տիկնայք նկատում են՝ Մոլդովայում համայնքի կյանքը կանգնած է:  «Ուզում են շատ բան անել, բայց չի ստացվում, համայնքի համար գումար է պետք, բայց չունեն, օգնող չկա»: Ասում են՝ Հայաստանի հայերի հետ անընդհատ կապ կա: «Հայ տղամարդկանց կանայք, ովքեր այլազգի են, հայերեն խոսում են, երեխաները հայերեն հասկանում են,- ասում է տիկին Ժաննան եւ ավելացնում,- ես դժգոհ չեմ այստեղի կյանքից, արդեն հարմարվել ենք: Այստեղ հայերին շատ լավ են վերաբերվում, ոնց քեզ պահում ես, այդպես էլ պատասխանում են քեզ»:

Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Սերգեյ Օսիպյանը  պատմում է՝ Մոլդովայում ապրում է մոտ 10 000 հայ, հայկական համայնքը մոտ 200 տարվա պատմություն ունի, սակայն նորագույն պատմության կենսագրության սկիզբը դրվել է 1992 թվականից: Ինքն էլ Մոլդովա է եկել 28 տարի առաջ՝ Բաքվից, արդեն վեց տարի է՝ հայ համայնքի ղեկավարն է: «Այսօրվա  դրությամբ հայկական համայնքը շատ խնդիրներ ունի՝ բոլոր բնագավառներում: Ինչ կատարվում է շուրջբոլորը, անդրադառնում է նաեւ համայնքի վրա, նույն խնդիրներն ունենում է հայ համայնքը: Եթե Մոլդովայի հայկական համայնքը համեմատում ենք այլ երկրների հայկական համայնքների հետ, գուցե արդյունքները այնքան էլ գոհացուցիչ չլինեն: Դա երեւի նաեւ նրանից է, որ մնացած վայրերում հայկական համայնքը ավելի մեծ է»,- ասում է նա: Հայաստան-Սփյուռք կապի մասին խոսելիս  պարոն Օսիպյանը փոքր-ինչ տարակուսում է:  «Այն ծրագրերը, որ ներկայացնում են Հայաստանից՝ «Արի տուն» եւ այլն, վերջերս նաեւ Երեւանի պետական համալսարանից պատվիրակություն էր եկել եւ առաջարկում էր գալ Հայաստան եւ այնտեղ սովորել, բավական հաջող են, բայց մենք այստեղ այդքան էլ ակտիվ չենք, համայնքը 10 000 հոգուց է կազմված, բայց երեւի մոտ հիսունն են ակտիվ, որ մասնակցում են ամեն ինչին, բայց դա բավարար չէ,- ասում է նա եւ ավելացնում,- մենք բացել ենք կիրակնօրյա դպրոց, տեղը բավական հարմար է՝ քաղաքի կենտրոնում, պայմաններ ենք ապահովել, վերանորոգել ենք տարածքը, բայց մարդիկ այդքան էլ չեն ցանկանում գալ»:

Նոյեմբեր ամսին համայնքում պատրաստվում են ընտրությունների, նոր ղեկավար պետք է ընտրեն: Պարոն Օսիպյանի ղեկավարման ժամկետն արդեն լրացել է: «Ուզում եմ ղեկավարը երիտասարդ լինի, ես ինքս աջակցում եմ երիտասարդ թեկնածուին, ուզում եմ մի կողմ անցնել եւ ճանապարհ տալ երիտասարդներին: Իհարկե հետո ես իմ փորձով կօգնեմ նոր թեկնածուին,- ասում է նա եւ նշում, որ նա սատարում է Էռնեստ Վարդանյանի թեկնածությունը,- նա կիրթ է, լրագրող, քաղաքական ակտիվիստ, համայնքին նոր շունչ կտա»:

Պարոն Օսիպյանը հպարտությամբ է նշում, որ Մոլդովայում հայերից շատերը բազմաթիվ ոլորտներում պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում: «Շատ մոլդովացիներ չեն ցանկանում ընդունել, բայց հայերը Մոլդովայում շատ խորը արմատներ ունեն: Նրանք հասկանում են, որ մենք իրականում ընդհանուր արմատներ ունենք բոլոր բնագավառներում»,- ասում  է նա:

Մոլդովայի հայկական համայնքի ղեկավարը Հայաստան գալու մասին այլեւս չի մտածում, ասում է՝  արտակարգ իրավիճակ լինելու դեպքում միայն հնարավոր է վերադառնա, հայրենիքում վերջին անգամ 2008 թվականին է եղել, բայց կապը Հայաստանի հետ բարեկամների միջոցով է պահում, մշտապես հետեւում է լրահոսին, աշխատում տեղյակ լինել  Հայաստանում տիրող ներքին իրավիճակից:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031