Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին՝ հանդուրժողականության մասին

Հոկտեմբեր 17,2013 13:52

Այսօր Հայաստանում  «հանդուրժողականությունը» գրեթե հայհոյական բառ է դարձել:   Քաղաքական գործիչները եւ քաղաքականացված զանգվածը հենց որ այդ բառը լսում են (անկախ նրանից, թե ինչին կամ ում է այն վերաբերում), սկսում են բացականչել՝ բա ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն իշխանություններին, որոնք… Ազգային գործիչները, «ֆունդամենտալիստ» հոգեւորականները եւ նրանց կողմնակիցները նույնպես այդ բառի մեջ սարսափելի «կրիմինալ» են տեսնում. դարձյալ անկախ քննարկվող թեմայից՝ նրանք «հանդուրժողականության» տակ հասկանում են միասեռականության եւ  աղանդավորության նկատմամբ բարյացակամ վերաբերմունք:

Դե, իշխանությունն էլ, թեեւ այդ թեմայով առանձնապես չի խոսում, սակայն գործում են չափազանց անհանդուրժող, օրինակ՝ աշխատանքից հանելով ինքնուրույն տեսակետ ունեցող ռեժիսորին: Հանրապետականները սպառնալիքներ եւ լուտանքներ են արտաբերում Զարուհի Փոստանջյանի հասցեին այն պատճառով, որ իրենց դուր չեն գալիս այդ պատգամավորի հայացքները: Իսկ ստեղծագործական միության ղեկավարը պարզապես արհամարհում է իրենից տարբերվող ցանկացած տեսակետ՝ միանգամայն բավարար համարելով, որ իր մեջքին կանգնած է երկրի առաջին դեմքը: Մի խոսքով՝ հանդուրժողականության հարցում ոչ մեկս չի փայլում:

Նախ՝ եկեք հասկանանք, որ հանդուրժողականությունը ինչ-որ մի վտանգավոր վարակ չի, որը եվրոպացիները, Արեւմուտքը դավադրաբար ցանկանում են մեզ ներարկել: Էրազմից, Մոնտենից, Վոլտերից առաջ այդ մշակույթը հատուկ էր մեզ՝ հայերիս: Մեր Առաքելական եկեղեցին, որը դարեր շարունակ կենտրոնացնում էր հայերի մտավոր, մշակութային ներուժը, չունի հավատաքննության ինստիտուտ: Որքան գիտեմ, այլախոհներին կամ նրանց գրքերը կրակի վրա այրելու, «բարոյականության նորմերը խախտածներին» քարկոծելու ավանդույթները մեզանում  առանձնապես տարածված չէին, կնոջը ստրկացած վիճակում պահելը նույնպես հատուկ չէ մեր ժողովրդին: Այնպես որ՝ հանդուրժողականությունը մեր մշակույթին ներքուստ հատուկ երեւույթ է՝ այն պետք չէ որեւէ տեղից ներմուծել:

Հանդուրժելիի եւ ոչ հանդուրժելիի սահմանը, իհարկե, որոշ չափով սուբյեկտիվ է եւ կախված է մարդու դաստիարակությունից, ճաշակից, մտավոր մակարդակից: Ասում եմ՝ «որոշ» չափով, որովհետեւ առարկայական մի սահմանագիծ, այնուամենայնիվ, գոյություն ունի՝ դա տվյալ պետության օրենքն է: Քաղաքացիները չպիտի հանդուրժեն օրենքի որեւէ խախտում՝ այնինչ մեզ նման երկրներում իրավախախտումներին «ըմբռնումով» են մոտենում՝ համարելով դրանք «աչքաբացության», «շուստրիության» դրսեւորում:

Եվ հակառակը. հաճախ մենք ինչ-որ խնդիր ենք հորինում, համարում ենք այն մեր դեմ համաշխարհային դավադրության մի մասը եւ դրա դեմ ազգային-ազատագրական պայքար ենք մղում: Չարաբաստիկ «գենդերը» դրանց շարքից է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Փորձում եմ կապ գտնել մարդկանց համարակալելու, բիոանձնագրերի ու երկրի բնակչությունը բնաջնջելու միջև: Չի ստացվում … Հարգարժան Խաչիկ Ստամբոլցյան, Տեր Կյուրեղ, խնդրում եմ ինձ՝ հիմարիս, Նաիրիտի եղեռնը վերապրածիս բացատրել. բնաջնջողի համար ի՞նչ նշանակություն ունի իմ աչք ու ունքի ձևը կամ հաշվառման համարս:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031