Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Նիկոլայ Ծատուրյանը հանդիպելու մշակույթի նախարարի հետ

Հոկտեմբեր 17,2013 13:50

Երեկ iLur.am լրատվական կայքը տեղեկություն  էր տարածել այն մասին, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորով ու նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով պատրաստվում է ազատվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանից: Պատճառը օրերս Նիկոլայ Ծատուրյանի` ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ հնչեցրած սուր քննադատություններ են երկրի իշխանավորների, օլիգարխների ու մասնավորապես կաթողիկոսի հասցեին, որին արվեստագետը սատանա է անվանել:

iLur.am –ի փոխանցմամբ՝ կաթողիկոսը, չհանդուրժելով իր հասցեին հնչեցրած քննադատությունը, գանգատվել է Սերժ Սարգսյանին, նրան հորդորել պատժել արվեստագետին, ու դրա համար պարոն Ծատուրյանին երեկ կանչել են մշակույթի նախարարի մոտ` հրաժարականի դիմում գրել տալու համար: Ու թեև ժողովրդական արտիստը երեկ գնացել էր հանդիպման նախարարի հետ, սակայն տիկին Պողոսյանը հրաժարվել էր ընդունել նրան:

Այսօր Aravot.am-ը աղմուկ հանած այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանից: Վերջինս նշեց, որ այս ամենը ապատեղեկատվություն է, քանի որ պարոն Ծատուրյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի երեկվա հանդիպումը ծրագրավորված էր վաղուց: «Նախքան հարցազրույց տալը, դեռևս մի քանի օր առաջ պարոն Ծատուրյանը հանդիպում էր խնդրել նախարարի հետ, նախարարն էլ օր ու ժամ էր նշանակել: Երեկ պիտի կայանար այդ հանդիպումը, բայց քանի որ մինչև հանդիպումը պարոն Ծատուրյանը անհիմն մեկնաբանություններ հնչեցրեց, մասնավորապես դիմում գրելու վերաբերյալ, այդ պատճառով էլ նախարարը հրաժարվեց երեկ նրան ընդունել»,-պարզաբանեց Ալլա Սերոբյանը:

Մեր ճշտող այն հարցին, թե կաթողիկոսը կապ չունի՞ այս ամենի հետ, Ալլա Սերոբյանն ասաց. «Իհարկե, հերյուրանք է»:

Մենք պարզաբանում խնդրեցինք նաև պարոն Ծատուրյանից, քանի որ նա գտնվում էր Երևանում, հանդիպել չհաջողվեց, սակայն հեռախոսով հաստատեց, որ ինքը իրականում նախարարի հետ պայմանավորվածություն ուներ երեկ հանդիպելու, քննարկելու էին «Մոնթե» բեմադրության հետ կապված և մի շարք այլ հարցեր, սակայն նախարարը իրեն չի ընդունել:

Մեր դիտարկմանը, թե ըստ նախարարության՝ պատճառը եղել են ձեր կողմից հնչեցրած մեկնաբանություններն այն մասին, որ ձեզ կանչում են դիմում գրել տալու համար, պարոն Ծատուրյանն ասաց. «Իսկ որտե՞ղ եմ ես նման բան մեկնաբանել: Ես նման բան չեմ հայտարարել: Ես այդ ամենի մասին ընթերցել եմ Ֆեյսբուքից, լրատվամիջոցներից, որ կաթողիկոսի գանգատով ինձ ուզում են ազատել աշխատանքից: Այդ ամենը լրատվամիջոցներն են գրել ու այդտեղ չկա իմ մեկնաբանությունը»:

Իսկ իր համարձակ ելույթի հետ կապված Նիկոլայ Ծատուրյանը փոխանցեց, որ որպես արվեստագետ, հասարակության անդամ իր կարծիքն է հնչեցրել:

Նշենք, որ գյումրեցի մտավորականներից շատերն ուղղակիորեն ողջունում են պարոն Ծատուրյանի ելույթը, նրանց տպավորությամբ վերջինս իրենց սրտի խոսքն է փոխանցել եթերով, և այն կարծիքին են, որ Գյումրիում ապրող ու պաշտոնավարող ցանկացած մարդ պարտավոր է լինել այնքան համարձակ, որքան պարոն Ծատուրյանն է:

Մտավորականների տեսակետները մանրամասն՝ ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031