«Իմ կարծիքով՝ մենք մեծ նշանակություն տվեցինք այդ նամակին, ինչը չարժեր: Սովորական երեւույթ էր, որ մտավորականը նամակ է գրում մի մարդու, որը, իր կարծիքով, պետք է լուծի խնդիրներ: Դա ընդունված ձեւ է: Ես բոլորովին չեմ զարմանում, Զորի Բալայանը հրապարակախոս է եւ լավ է գրում, գրել է այն, ինչ ուզել է, դա սեփական մտահոգությունները տեղ հասցնելու ձեւ է: Եվ ես կարծում եմ՝ ռուսական էլիտան ուշադրություն կդարձնի այդ նամակին, բայց, որպես կանոն, հետեւանք այդ կարգի նամակներն ու խոսակցությունները չեն ունենում»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Զորի Բալայանի նամակին, ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Վահան Շիրխանյանի խոսքով` Զորի Բալայանը 80 տարեկան մտավորական է, որը սովոր է գրել եւ գրել է:
«Զորի Բալայանը միշտ եղել է պանթուրքիզմի քաղաքականության դեմ պայքարող մտավորական, այս նամակն էլ հեռու չէ դրանից, նա շարունակում է իր հրապարակային գործունեությունը, նա Պուտինին հիշեցնում է, որ պանթուրքիզմի դեմ պայքար կա»,- նշեց Շիրխանյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ