Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ պատգամավորի էթիկայի մասին. «Կան օրենքից վեր կանգնած մարդիկ, ուստի իզուր ժամանակ ծախսել…»

Հոկտեմբեր 17,2013 13:26

Այսօր խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել էթիկայի եւ պատգամավորի վարքագծի կանոնների մասին:

Արդեն մշակվել են նախնական կանոններ Հայաստանի համար, եւ քննարկմանը հրավիրվել են փորձագետներ, որոնք ներկայացնում են միջազգային փորձը այդ հարցում:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը միջազգային փորձագետներից հետաքրքրվեց՝ «Քաղաքական մշակույթի հետ կապված կա՞ն վերլուծություններ, թե այս տարածաշրջանում ո՞ր վարքականոններն են, որ հնարավոր են եւ կիրառելի են: Միջազգային փորձում անկախ հետաքննություն իրականացնողը կամ ստանդարտների անկախ կոմիտեն ի՞նչ սկզբունքով է իր մեջ ներառում պառլամենտական ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր ուժերին: Դուք Ձեր զեկույցում ասացիք, որ սոցիալական վստահության մակարդակը շատ ցածր է Հայաստանում, չնայած նրան, որ վերջին երկու ընտրությունները վստահություն են ապահովել, Ձեր այդ հայտարարությունը ինչի՞ հիման վրա, ի՞նչ չափորոշիչ եք օգտագործել, որ ասում եք»:

Կանադայից հրավիրված խորհրդարանական էթիկայի գծով միջազգային փորձագետ Ռիկ Սթեյփնհերստը պատասխանեց. «Այն պետությունների թիվը, որտեղ կան պաշտոնապես այսպիսի կանոնագրքեր, շատ փոքր է: Անգամ ԵՄ ներսում կարծեմ 6-7 պետություններ ունեն պաշտոնապես հաստատված կանոնագրքեր: Բրիտանիայում, Ինդոնեզիայում մոտեցումները, էթիկայի մասին պատկերացումները շատ տարբեր են: Ինչ վերաբերում է ընտրությունների հետ կապված իմ հայտարարությանը, ես չեմ իմանում՝ ավելացե՞լ է վստահությունը, բայց ընտրությունների մասին ընդհանուր իմ կարդացվածությամբ, դրանք միջազգայնորեն ճանաչվել են, դրա հիման վրա ասում եմ, որ հանրային վստահությունը մեծացել է ընտրական գործընթացների նկատմամբ: Ես առաջին անգամ եմ գալիս Հայաստան եւ որեւէ իմաստով փորձագետ չեմ այդ առումով:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Այսօր այստեղ 131 պատգամավորներից ներկա է միայն 8-ը: Մեր երկրում ցանկացած օրենք չի գործելու, որովհետեւ կան օրենքից վեր կանգնած մարդիկ, ուստի իզուր ժամանակ ծախսել ներկա գտնվելու այս կարեւոր թեմայով քննարկմանը, նրանք նպատակահարմար չեն համարում»:

Փորձագետները օրինակներ էին բերել, թե ինչպես է պատգամավորը բիզնես կարգի տոմս վաճառել, մնացած գումարը դրել իր գրպանը: Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Եթե շատ անկեղծ լինենք, բացի այդ մեկ օրինակից՝ բիզնես կարգի տոմս վաճառել, մնացած գումարը դնել գրպանը, մնացած բոլոր կանոնները կարող են խախտվել մեր 131 պատգամավորների կողմից էլ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031