Այսօր խորհրդարանական էթիկայի եւ պատգամավորի վարքագծի կանոնների մասին խորհրդարանական լսումների ժամանակ հրավիրվել էին միջազգային փորձագետներ, որոնք ներկայացրեցին տարբեր երկրներում վարքականոնների ազդեցությունը եւ պատժամիջոցների խստությունը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ Հայաստանում երբ մի պատգամավոր ուրիշի փոխարեն քվեարկում է, դա դիտվում է լավագույն դեպքում որպես էթիկայի կանոնների խախտում, իսկ երբ ընտրությունների ժամանակ մի ընտրողը քվեարկում է ուրիշի փոխարեն, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում: Արդյոք դա չի՞ փոքրացնում վստահությունը խորհրդարանի նկատմամբ:
Միջազգային փորձագետները համաձայնեցին, որ դա կարեւոր հարց է: Հստակ պետք է իմանալ, թե որոնք են յուրաքանչյուր պահանջի նպատակները:
Յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի իր մենթալիտետը, իր խնդիրները՝ վարքագծի կանոնները մշակելիս: Շատ հարցեր խորհրդարանի ղեկավարն է լուծում:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը հարցրեց՝ եթե էթիկայի հանձնաժողովը որոշում է, որ պատգամավորը թույլ է տվել խախտում եւ պետք է ներողություն խնդրի, բայց չի խնդրում, ի՞նչ պետք է անել՝ նոր կանոնների խախտո՞ւմ որակել դա, թե՞ ծեծելով ստիպել, որ նա դա անի:
Միջազգային փորձագետ Ջոն Լյոնը ծիծաղեց: Նրա խոսքերով՝ «Այդպիսի օրինակներ չկան, որ խորհրդարանի անդամներին տարել ծեծել են: Այդպիսի վարքագիծը քաղաքական այդ կուսակցության հեղինակության համար լավ չէ, ուստի այդ պատգամավորները ճնշման տակ են գտնվում: Եթե ներողություն չի խնդրում, գործը վերադառնում է հանձնաժողով եւ հանձնաժողովը գտնում է, որ քանի որ պատգամավորը անհարգալից է խորհրդարանի նկատմամբ, նրա պարտականությունները խորհրդարանում պետք է կասեցվի: Այդ որոշումը պետք է դրվի քննարկման»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ