Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Հայաստանյան հեռուստաընկերություններն ուղղորդված են աշխատում»

Հոկտեմբեր 17,2013 13:04

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում քննադատական խոսքեր հնչեցրեց հայաստանյան հեռուստաընկերությունների մասին`փաստելով, որ հայաստանյան լրատվական պատկերի համար մինչեւ մայիս ամիսը հաջողված փուլը այսօր ցավոք, հետընթաց է արձանագրել:

Անցած ընտրական փուլի հետ համեմատած այսօրվա թիվ մեկ իրադարձության՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը եւ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ կապված լուսաբանման խնդիրների առումով, պրն Նավասարդյանն ասում է, որ շատ լուրջ տարբերություն կա նաեւ որակական առումով:

Նա հիշեցրեց, որ շատերի համար անսպասելի էր, բայց ընտրական փուլում հայաստանյան լրատվամիջոցների աշխատանքը բավական դրական էր գնահատվել միջազգային դիտորդների, լրագրողական կազմակերպությունների եւ հայաստանյան քաղաքական գործիչների կողմից:

Հիշեցնենք, որ ԵՄԱ-ի`Արեւելյան գործընկերության շրջանակներում անցկացված հարցումների արդյունքում, Հայաստանը, ընտրական փուլում, վեց երկրներից երրորդ տեղում էր՝ առաջ անցնելով նույնիսկ Ուկրաինայից եւ ետ ընկնելով Վրաստանից ու Մոլդովայից:

«Առավել մեծ լսարաններ ունեցող լրատվամիջոցներում, որոնք հիմնականում հեռուստաընկերություններն են, լուսաբանումը բավականին միակողմանի է: Խորը վերլուծություններ եւ անդրադարձ Մաքսային միության եւ ԵՄ Ասոցացման խնդիրներին մենք գրեթե չենք տեսնում»,- ասաց ԵՄԱ նախագահը՝ հավելելով, որ այդ հարցերի վերաբերյալ ցանկացած քննադատությունն էլ ուղղորդված քննադատության տպավորություն է թողնում. «Այնպիսի լրատվամիջոցներ կան, որոնց հիմնական ուղղվածությունը դեմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, բայց ինչպես են վերլուծում, ստացվում է, որ բավականին միակողմանի ասպեկտներով լուսաբանում է գնում: Ասենք, ասում են`դա վատ է, բայց մենք ուրիշ ճար չունեինք: Կամ վատ է, բայց ամեն ինչում մեղավոր է ՌԴ-ն կամ ԵՄ-ն: Այսինքն, շատ քիչ վերլուծություն եւ պատկերացում կա` իսկ Հայաստանի դերը ո՞րն է այս ամեն ինչում: Կարծես Հայաստանն օբյեկտ է ինչ-որ զարգացումների եւ ինքը ձայն չունի: Դա, իհարկե, այդպես չէ, բայց դա ուղղորդվածության տպավորություն է թողնում»:

Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահին պրն Նավասարդյանը համարում է այն ցեցը, որը պետք է շեղեր իրադարձությունների զարգացումից հասարակության ուշադրությունը. «Համենայնդեպս, այն կատարեց այդ դերը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031