Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորները կպատժվեն, եթե իրենց գործընկերներին չդիմեն «հարգելի պարոն/տիկին»-ով

Հոկտեմբեր 17,2013 12:54

Այսօր խորհրդարանական լսումներ էին հրավիրվել՝ «Խորհրդարանական էթիկա. Պատգամավորի վարքագծի կանոններ» թեմայով: Խորհրդարանական էթիկայի գծով միջազգային փորձագետ Ջոն Լյոնը քննարկման ընթացքում նշեց, որ շատ հարցեր կան, որոնք պետք է հաշվի առնել՝ պատգամավորին իր վարքի համար պատժելիս: Օրինակ, երբ պատգամավորը երեկոյան դրսում հարբած վիճակում ինչ-որ կռվի է մասնակցում, կամ այսպես ասած «դեբոշ» է սարքում, դա, ըստ փորձագետի, խայտառակում է իրեն, բայց ոչ խորհրդարանը: Ուստի նման արարքը չի կարող դառնալ խորհրդարանի կարգապահական վարույթի խնդիր:

Արդեն ՀՀ ԱԺ-ն մշակել է «Պատգամավորի վարքագծի կանոններ», որոնք դեռ պետք է քննարկվեն՝ նոր հաստատվեն: Այդ կանոններով նախատեսվում է, որ պատգամավորը պարտավոր է զսպված եւ հարգալից վերաբերմունք դրսեւորել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ հարցերի քննարկման մասնակիցների, բոլոր այն անձանց նկատմամբ, ում հետ շփվում է ի պաշտոնե: Պատգամավորը պարտավոր է զերծ մնալ վիրավորական արտահայտություններ օգտագործելուց ինչպես մյուս պատգամավորների, այնպես էլ ԱԺ աշխատակազմի, ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ: Ուշագրավ է, որ այդ կանոններում նշվում է, որ պատգամավորները ԱԺ նիստերում այլ պատգամավորի հիշատակելիս պարտավոր է օգտագործել բացառապես «Հարգելի պարոն/տիկին….» դիմելաձեւը:

Պատգամավորը պարտավոր է հանդուրժողաբար վերաբերվել իր հանդեպ քննադատությանը, պարտավոր է օգտագործել իրեն հատկացված միջոցները եւ գույքը՝ բացառապես ծառայողական նպատակներով:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ «կապ չկա՞ պատգամավորի սոցիալական կարգավիճակի եւ էթիկայի կանոնագրքի միջեւ: Ես ուսումնասիրել եմ, թե Բրիտանական պառլամենտի անդամը ինչ հնարավորություններ ունի՝ սկսած ծախսերի փոխհատուցումից մինչեւ ընտրատարածքների հետ կապված ցանկացած հարցի լուծում: Մենք կարո՞ղ ենք չապահովել առաջին մասը բարձրաստիճան պաշտոնյաների համար, երկրորդ մասը խստացնենք»:

Ջոն Լյոնը պատասխանեց՝ պետք է երեք խնդիրներ լուծվեն՝ պատգամավորների աշխատավարձերի հարցը, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման խնդիրը, ծախսերի փոխհատուցման համակարգը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031